Deutsche Bank-ի արտահոսքի հետքերով․ ինչ են բացահայտում արտահոսած 15 միլիոն փաստաթղթերը
2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո գերմանական Deutsche Bank-ի ներքին մասնագետներն ու արտաքին աուդիտորները բանկի ղեկավարությանը բազմիցս զգուշացրել էին Ռուսաստանում գործունեությունը շարունակելու հետ կապված լուրջ ռիսկերի մասին։ Սակայն Գերմանիայի խոշորագույն բանկը ոչ միայն շարունակել էր սպասարկել ռուսաստանցի մեծահարուստներին ու օլիգարխների հետ կապ ունեցող ընկերություններին, այլև մինչև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկիզբը ծրագրել ընդլայնել իր բիզնեսը ռուսական շուկայում։ Այս մասին են վկայում Deutsche Bank-ից արտահոսած միլիոնավոր ներքին փաստաթղթերը, որոնք ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 200 լրագրողներ։
«Inside Deutsche Bank» («Deutsche Bank-ի ներսում»` խմբ.) անվանումը ստացած միջազգային հետաքննությունը բացահայտել է բանկի գործունեության մի շարք վիճահարույց դրվագներ՝ սկսած ռուսաստանցի օլիգարխների հետ գործարքներից մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնեսին առնչվող կասկածելի փոխանցումներն ու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հաշիվներով իրականացված գործառնությունները։ Հետաքննությանը մասնակցել են ավելի քան 50 լրատվամիջոցներ, այդ թվում՝ գերմանական ZDF-ը և Der Spiegel-ը, ֆրանսիական Le Monde-ը, բրիտանական Financial Times-ը և ռուսական «Важные истории»-ն։
15 միլիոն փաստաթուղթ. ինչպես սկսվեց հետաքննությունը
Ամեն ինչ սկսվել է 2025 թվականին, երբ երկու իրազեկիչներ (ինֆորմատոր) հնդիկ լրագրող Ջոզի Ջոզեֆին և հարավաֆրիկացի լրագրող Խադիջա Շարիֆին փոխանցեցին Deutsche Bank-ի մի շարք ներքին փաստաթղթեր։ Վերջիններս դրանք փոխանցել են տարբեր երկրների լրագրողական կազմակերպությունների։ Միջազգային հետաքննությունը համակարգել է հարավաֆրիկյան Barracuda Media ոչ առևտրային կազմակերպությունը՝ Բեռլինում գործող Data and Research Center (DARC) կենտրոնի տեխնիկական աջակցությամբ։ Իրազեկիչներից մեկի փաստաբանի խոսքով՝ արտահոսած փաստաթղթերը տրամադրվել են ոչ միայն լրագրողներին, այլև ԱՄՆ արդարադատության նախարարությանը, FinCEN-ին (ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալություն) և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությանը։
Հետաքննության ընթացքում լրագրողներն ուսումնասիրել են շուրջ 15 միլիոն փաստաթուղթ, որոնք վերաբերում են Deutsche Bank-ի գործունեությանը սկսած 2010-ական թվականների սկզբից։ Դրանց թվում են ավելի քան 9 միլիոն էլեկտրոնային նամակներ, ներքին հաշվետվություններ, սահիկաշարեր, հաճախորդների ցուցակներ, հանդիպումների նոթեր և այլ նյութեր։
Հետաքննության հեղինակների գնահատմամբ՝ սա մինչ օրս հայտնի բանկային տեղեկատվության ամենախոշոր արտահոսքն է։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ տարբեր տարիների ընթացքում բանկի ներսում պարբերաբար բարձրաձայնվել են կասկածելի գործարքների և որոշ հաճախորդների հետ համագործակցության ռիսկերի մասին։ Սակայն այդ զգուշացումները միշտ չէ, որ հանգեցրել են գործարքների դադարեցման։
Գերմանական Der Spiegel-ի փոխանցմամբ էլ՝ շահույթ ստանալու և ազդեցիկ հաճախորդներին չկորցնելու նպատակով բանկը որոշ դեպքերում պատշաճ խստությամբ չի իրականացրել հաճախորդների ստուգման և նույնականացման ընթացակարգերը։
Խոսքը, մասնավորապես, «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer, KYC) սկզբունքի մասին է։ Դրա համաձայն՝ բանկերը պարտավոր են պարզել, թե ովքեր են իրենց հաճախորդները, ինչ գործունեությամբ են զբաղվում, որտեղից են ստանում միջոցները և արդյոք նրանց հետ գործարքները կարող են կապված լինել փողերի լվացման, պատժամիջոցների շրջանցման կամ ֆինանսական այլ հանցագործությունների հետ։ Լրագրողական հետաքննության համաձայն՝ ներքին վերահսկողությունը երբեմն միտումնավոր թուլացվել է ծախսերը կրճատելու և թրեյդերների գործարքներին չխոչընդոտելու նպատակով։
Ռուսաստան. բիզնեսի շարունակում՝ չնայած զգուշացումներին
Արտահոսած փաստաթղթերի մի մեծ մասը վերաբերում է Deutsche Bank-ի գործունեությանը Ռուսաստանում։
Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումից մի քանի ամիս անց, բանկի՝ Ռուսաստանի հարցերով մասնագետները ղեկավարությանը ներկայացրել էին ռուսական շուկայում բիզնեսի զարգացման հնարավորությունները։ «Ռուսական բիզնեսի վերանայում» անվանումը կրող փաստաթղթում ներառված էր Ռուսաստանի 200 ամենահարուստ քաղաքացիների ցանկը։ Deutsche Bank-ը նրանց դիտարկում էր որպես մասնավոր կապիտալի կառավարման ծառայությունների հնարավոր հաճախորդներ։
Ուշագրավ է, որ այդ անձանցից շատերի անունները ներառված էին ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ 2018 թվականին հրապարակված, այսպես կոչված, «Պուտինի ցուցակում»։ Վերջինս ներառում էր ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ գործարարների։ Թեև ցուցակում հայտնվելն ինքնին չէր նշանակում պատժամիջոցների կիրառում, ըստ Der Spiegel-ի, այն հրավիրում էր օտարերկրյա պետությունների և ընկերությունների ուշադրությունն այդ անձանց քաղաքական և տնտեսական կապերի վրա։
Չնայած այդ հանգամանքին՝ Deutsche Bank-ը շարունակում էր ռուսական շուկան դիտարկել որպես եկամտաբեր ուղղություն։ Ավելին՝ ըստ Der Spiegel-ի, 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, բանկը ռուսական Сбербанк-ին տրամադրել էր միլիոնավոր եվրոների կարճաժամկետ վարկեր։ Ավելին, դա եղել էր այն դեպքում, երբ Deutsche Bank-ի ներքին աշխատանքային խումբն այդ գործարքները գնահատել էր որպես ռիսկային։
Ռուսական «Սիբուր»-ի հետ միլիոնավոր եվրոների գործարքները
Հետաքննությունը նաև մանրամասներ է բացահայտել Deutsche Bank-ի և ռուսական նավթաքիմիական խոշոր «Сибур» ընկերության համագործակցությունից։ Ընկերության բաժնետերերի թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից համարվող, արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Գենադի Տիմչենկոն և Կիրիլ Շամալովը, որին լրատվամիջոցները անվանում են Պուտինի նախկին փեսա։
Ավստրիական Der Standard-ի ուսումնասիրության համաձայն՝ 2021 թվականին Deutsche Bank-ը մասնակցել է Ռուսաստանում շուրջ 2,1 միլիարդ դոլար արժողությամբ նավթաքիմիական նախագծի ֆինանսավորման քննարկումներին։
Բանկի ներքին փաստաթղթերում արձանագրված էին ինչպես «Сибур»-ի, այնպես էլ դրա բաժնետերերի հետ բանկի համագործակցության պատժամիջոցային և վարկանիշային հնարավոր ռիսկերը։ Այնուամենայնիվ, ըստ փաստաթղթերից մեկի, ֆինանսավորման հնարավորությունը քննարկվել է։ Փաստաթղթերից, սակայն, պարզ չէ՝ բանկն ի վերջո տրամադրե՞լ է այդ ֆինանսավորումը, թե՞ ոչ։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2016-2021 թվականներին «Сибур»-ի հետ համագործակցությունը Deutsche Bank-ին բերել է շուրջ 15 միլիոն եվրոյի եկամուտ։
Ֆրանսիական Le Monde-ն էլ գրում է, որ բանկը համագործակցության շարունակությունը հիմնավորել է պատժամիջոցների կիրառման իրավական առանձնահատկություններով։ Մասնավորապես՝ ընկերության առանձին բաժնետերերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պարտադիր չէ, որ տարածվեին հենց ընկերության վրա, եթե պատժամիջոցների տակ գտնվող անձանց համատեղ սեփականության բաժինը չէր գերազանցում 50 տոկոսը։ Այս հանգամանքը Deutsche Bank-ին թույլ էր տալիս այդ գործարարների հետ շարունակել գործարար որոշ հարաբերություններ՝ չնայած դրանց հետ կապված ռիսկերին։
Ինչ տեղեկություններ են թաքցվել ամերիկյան իշխանություններից
2022 թվականին՝ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո, ԱՄՆ իշխանությունները Deutsche Bank-ից տեղեկություններ էին պահանջել պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի հաճախորդների հետ կապերի վերաբերյալ։ Հետաքննության հեղինակների պնդմամբ՝ բանկն ամերիկյան իշխանություններին չի տրամադրել իր ունեցած ամբողջ տեղեկատվությունը։ Որոշ տվյալներ չբացահայտելը հիմնավորվել է, մասնավորապես, Շվեյցարիայում և Լյուքսեմբուրգում գործող բանկային գաղտնիքի մասին օրենսդրությամբ։ Ըստ լրագրողների՝ դեռ 2018 թվականից Deutsche Bank-ը Ռուսաստանի հետ կապ ունեցող մի շարք խոշոր հաճախորդների սպասարկումը սկսել էր տեղափոխել հենց այդ երկրների իր ստորաբաժանումներ։
Ըստ հետաքննության՝ ԱՄՆ արդարադատության նախարարությանը տրամադրված տեղեկություններից դուրս էին մնացել նաև այն ընկերությունները, որտեղ պատժամիջոցների տակ գտնվող գործարարների մասնակցությունը 50 տոկոսից պակաս էր։ Լրագրողները ենթադրում են, որ այս մոտեցումը հնարավորություն է տվել չբացահայտել, մասնավորապես, ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի որոշ ակտիվների վերաբերյալ տեղեկություններ։
Հատկանշական է, որ դեռևս 2014 թվականին Deutsche Bank-ի՝ հեղինակության ռիսկերը գնահատող ներքին կոմիտեն Դերիպասկային դասել էր բանկի հեղինակության համար ամենամեծ վտանգ ներկայացնող հաճախորդների շարքում։
Թրամփի ընկերության կասկածելի փոխանցումները Բաքվում նախատեսվող նախագծին
Հետաքննության առավել ուշագրավ բացահայտումներից մեկը վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապ ունեցող և Ադրբեջանում իրականացվելիք բիզնես նախագծերից մեկին։
Deutsche Bank-ի ներքին փաստաթղթերի համաձայն՝ բանկը հայտնաբերել էր DT Marks Baku LLC ընկերությանը կասկածելի փոխանցումներ։ Ընկերությունը կապված էր Բաքվում Թրամփի անվան հետ կապվող շինարարական նախագծի հետ։
Կասկածելի փոխանցումների ընդհանուր ծավալը գերազանցել է 3 միլիոն դոլարը։ Փողերի մի մասը փոխանցվել էր դանիական Danske Bank-ի էստոնական ստորաբաժանման հաճախորդների կողմից։ Հետագայում այդ ստորաբաժանումը հայտնվել էր Եվրոպայում փողերի լվացման խոշորագույն սկանդալներից մեկի կենտրոնում։ Փոխանցումների մի մասն էլ, ըստ հետաքննության, առնչվել է «Ադրբեջանական լվացքատուն (լանդրոմատ)» անվանումով հայտնի փողերի լվացման սխեմային։
Այդ սխեմայի միջոցով մեծ գումարների ծագումը քողարկելու և դրանք այլ երկրներ փոխանցելու համար օգտագործվել էին տարբեր ընկերություններ և միջնորդներ։ Սխեման հայտնի էր դարձել նաև նրանով, որ բացահայտվել էին Ադրբեջանի հետ առնչվող կազմակերպությունների կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կատարված կասկածելի վճարումները։
Դեռևս 2014 թվականին Deutsche Bank-ն այս գործարքների մասին հայտնել էր ամերիկյան իշխանություններին։ Սակայն բանկին չէր հաջողվել պարզել, թե ինչ նպատակով էին կատարվել որոշ փոխանցումներ, և ինչ կապ կար գումարներն ուղարկողների ու ստացողների միջև։
Հետաքննությանը մասնակցած ռուսական «Важные истории» պարբերականը պարզել է, որ DT Marks Baku LLC-ին փոխանցված գումարների մի մասը կապված է եղել Ռուսաստանից փողերի լվացման համար օգտագործված ֆինանսական ուղիներից մեկի հետ։ Մասնավորապես, 2015 թվականի գարնանը Թրամփի նախագծի հետ կապված ընկերություններից մեկը բրիտանական Faberlex ընկերությունից ստացել է 140 հազար դոլարից ավելի գումար։ Վերջինս համարվում է «Ադրբեջանական լանդրոմատի» կենտրոնական օղակներից մեկը։
Ըստ լրագրողների՝ Faberlex-ը ֆիկտիվ գրանցված էր Բաքվում բնակվող մի վարորդի անունով, իսկ ընկերության էլեկտրոնային փոստի հասցեն ստեղծվել էր ռուսական Mail.ru ծառայության միջոցով։ Faberlex-ի հետ ֆինանսական կապեր ունեցած այլ ընկերություններ գումարներ էին ստացել նաև ռուսական խոշոր մետալուրգիական ընկերություններից, պետական «Россельхозбанк» և զենքի արտահանմամբ զբաղվող «Рособоронэкспорт»-ից։
Նույն Faberlex-ն օգտագործվել էր նաև ադրբեջանական իշխանությունների շահերը պաշտպանող եվրոպացի քաղաքական գործիչներին գումարներ փոխանցելու համար։ Հետաքննության մեջ հիշատակվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին անդամ Լուկա Վոլոնտեն, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագի և ԵԽԽՎ նախկին անդամներ Էդուարդ Լինտներն ու Ակսել Ֆիշերը։
Բացահայտված փաստաթղթերը հակասության մեջ են մտնում նաև Deutsche Bank-ի նախկին հայտարարությունների հետ։ 2018 թվականին ներքին ստուգումից հետո բանկը եզրակացրել էր, որ իրեն հայտնի չեն Թրամփի և Ռուսաստանի միջև առկա բանկային կապերը։ Մինչդեռ այժմ հրապարակված նյութերից պարզ է դառնում, որ բանկը տեղեկություններ ուներ Թրամփի նախագծին առնչվող ընկերության հաշվին կատարված կասկածելի վճարումների մասին, որոնք կապվում էին Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում գործող կառույցների հետ։
Այդուհանդերձ, փաստաթղթերում առկա փոխանցումները ինքնին չեն ապացուցում, որ Թրամփն անձամբ տեղյակ է եղել դրանց հնարավոր կասկածելի ծագման մասին կամ մասնակցել է անօրինական գործողությունների։ Լրագրողները մեկնաբանություն ստանալու համար դիմել են Թրամփի ներկայացուցիչներին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։
Այդուհանդերձ, 2017 և 2019 թվականներին Deutsche Bank-ը հայտնաբերել էր Թրամփի ընկերություններին առնչվող նոր կասկածելի փոխանցումներ, որոնք կապվում էին «Ադրբեջանական լվացքատան» և ռուսական փողերի լվացման ցանցի հետ։ Բանկն այդ գործարքների մասին տեղեկացրել էր ամերիկյան իշխանություններին, սակայն հաղորդումներում չէր նշել մի կարևոր հանգամանք՝ գումարներ ստացող ընկերությունները պատկանում էին ԱՄՆ նախագահին։
Ինչպես են Թրամփի հարկային փաստաթղթերը հայտնվել ուրիշի ձեռքում
Deutsche Bank-ի հետ Դոնալդ Թրամփի կապերին առնչվող մեկ այլ դրվագ էլ բացահայտել է բրիտանական Financial Times-ը։
2017 թվականին՝ Թրամփի առաջին նախագահության ընթացքում, բանկն անփութության հետևանքով մեկ այլ հաճախորդի հաշվապահին էր ուղարկել Թրամփի հարկային և ֆինանսական փաստաթղթերի շուրջ 1500 էջ։ Ըստ հրապարակման՝ հաշվապահը, հասկանալով, որ ստացել է իրեն չվերաբերվող գաղտնի տեղեկատվություն, այդ մասին տեղեկացրել էր բանկին և ջնջել ուղարկված ֆայլը։
Միջադեպի մասին տեղեկացվել էր նաև Deutsche Bank-ի այն ժամանակվա բարձրաստիճան ղեկավարներից Քրիստիան Զևինգը, որը պատասխանատու էր բանկի ռիսկերի կառավարման և հեղինակության պաշտպանության համար։ Նա կատարվածն անվանել էր «սարսափելի սխալ»։ Չնայած դրան՝ բանկը միջադեպի մասին չէր ծանուցել Սպիտակ տանը։
Այս բացահայտումը հատկապես ուշագրավ է, քանի որ Թրամփը տարիներ շարունակ հրաժարվում էր հրապարակել իր հարկային հայտարարագրերը՝ խախտելով ԱՄՆ նախագահների շրջանում տասնամյակներ շարունակ ձևավորված ավանդույթը։ Նոյեմբերի 17-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփը նշել էր, որ մեծ հարկեր է վճարում, իսկ փաստաթղթերի սխալմամբ փոխանցման վերաբերյալ էլ ասել էր, որ բանկը նման բան անելու իրավունք չուներ, և դա անօրինական էր։
Ավելին, արտահոսած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Թրամփին սպասարկելու համար Deutsche Bank-ը հատուկ գաղտնի ծրագիր էր ստեղծել։ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Deutsche Bank-ը նրա սպասարկումը կազմակերպելու համար ստեղծել էր «Novus Ordo» («Նոր կարգ») գաղտնանունով հատուկ նախագիծ։ Այդ նպատակով՝ բանկը սահմանափակել էր Թրամփի հետ կապված փաստաթղթերին հասանելիությունը, հաղորդակցությունն իրականացվում էր գաղտնագրված եղանակով, իսկ տեղեկատվության մի մասը հասանելի չի եղել նույնիսկ բանկի որոշ բարձրաստիճան աշխատակիցների։
Ջեֆրի Էփշթեյնի հաշիվների միջոցով՝ շուրջ 600 միլիոն դոլարի կասկածելի գործարքներ
Հետաքննությունը նոր մանրամասներ է բացահայտել նաև Deutsche Bank-ի և ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի կապերի մասին։ Էփշթեյնը, որը դատապարտված էր անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների համար և հետագայում մեղադրվել էր սեռական շահագործման ու մարդկանց թրաֆիքինգի մեջ, դեռ 2013 թվականին դարձել էր Deutsche Bank-ի հաճախորդ։
Այդ ժամանակ նա արդեն իսկ ուներ սեռական հանցագործության համար դատվածություն։ Այնուամենայնիվ, ավելի քան 5 տարի բանկը շարունակել էր սպասարկել նրան։
Արտահոսած փաստաթղթերի համաձայն՝ Deutsche Bank-ը հայտնաբերել էր Էփշթեյնի հետ կապված շուրջ 600 միլիոն դոլարի գործարքներ։ Բանկի մասնագետները դրանք կասկածելի էին համարել ու դրանց վերաբերյալ տեղեկությունները փոխանցել վերահսկող մարմիններին։ Այս գումարն ավելի քան երկու անգամ գերազանցում էր նախկինում հայտնի կասկածելի գործարքների ծավալը։
Ընդհանուր առմամբ, բանկը կազմել էր փողերի հնարավոր լվացման վերաբերյալ 21 հաղորդում, որոնք առնչվում էին մոտ 3000 փոխանցումների։ Չնայած բազմաթիվ կասկածներին, ըստ հետաքննության, Էփշթեյնի հաշիվները փակվել են միայն 2019 թվականի հուլիսին՝ նրա ձերբակալությունից հետո։
Այս դրվագը ևս հարցեր է առաջացնում Deutsche Bank-ի ներքին վերահսկողության վերաբերյալ։ Մասնավորապես՝ ինչո՞ւ էր բանկը տարիներ շարունակ շարունակում սպասարկել արդեն դատված և բարձր ռիսկայնություն ունեցող հաճախորդին, եթե նրա հաշիվներով կատարված հազարավոր գործարքների վերաբերյալ կասկածներ ուներ։
Կասկածելի գործարքների մասին հաղորդումները, սակայն, ինքնին չեն նշանակում, որ դրանցից յուրաքանչյուրը հաստատված հանցագործություն էր։
Deutsche Bank-ի արձագանքը հետաքննությանը. «Բանկը հիմնովին փոխվել է»
«Inside Deutsche Bank» հետաքննության հրապարակումից հետո բանկը հայտարարել է, որ լրագրողների ներկայացրած փաստերը վերաբերում են նախորդ տարիներին, և այդ ժամանակից ի վեր կազմակերպությունում էական փոփոխություններ են իրականացվել։ Deutsche Bank-ի պնդմամբ՝ բանկը ենթարկվել է «հիմնարար վերափոխման»։
Մասնավորապես՝ 2019-2025 թվականներին ներքին վերահսկողության համակարգում ներդրվել է շուրջ 7 միլիարդ եվրո։ Բանկի հայտարարության համաձայն՝ ուժեղացվել են ռիսկերի կառավարման մեխանիզմները, վերանայվել են աշխատանքային ընթացակարգերը և փոխվել է կազմակերպության կորպորատիվ մշակույթը։ Բանկը նաև հայտնել է, որ նախկինում արձանագրված խնդիրների վերաբերյալ ներքին հետաքննություններ է իրականացրել և համագործակցել կարգավորող մարմինների հետ։
Այդուհանդերձ, լրագրողական հրապարակումները ֆինանսական շուկայի վրա լուրջ ազդեցություն են ունեցել։ Նոյեմբերի 17-ին բորսայական առևտրի սկզբում Deutsche Bank-ի բաժնետոմսերը էժանացել են շուրջ 4,5 տոկոսով։ Դա բանկի բաժնետոմսերի ամենախոշոր անկումն էր 2025 թվականի ապրիլից ի վեր։
Միջազգային լրագրողական խումբն արդեն հայտարարել է, որ առաջիկայում կհրապարակի Deutsche Bank-ի գործունեության վերաբերյալ նոր հետաքննություններ։ Սպասվող հրապարակումներից մեկը վերաբերում է Կատարի իշխող ընտանիքի անդամներից մեկին ենթադրաբար կատարված գաղտնի վճարումներին, մյուսները՝ փողերի լվացման դեմ պայքարի պահանջների հնարավոր խախտումներին։
Իլյուստրացիան՝ Financial Times-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել