Չինաստանում կայացել է Թրամփ-Պուտին-Ծինփին առաջին եռակողմ հանդիպումը
Չինաստանի Շենժեն քաղաքում կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին եռակողմ հանդիպումը։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում անցկացված բանակցությունները տևել են մոտ 1,5 ժամ։ Ինչպես հայտնում է BBC-ն, երեք երկրների ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգությանը, միջուկային զինաթափմանը, էներգետիկ համագործակցությանը և Ուկրաինայում շարունակվող պատերազմին առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտից հետո Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների՝ խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Թեև բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել Ուկրաինայում ընթացող պատերազմին, ընդունված փաստաթղթում այդ երկիրը որևէ կերպ չի հիշատակվում։
Եռակողմ բանակցությունները նախատեսված ժամից ուշ են սկսվել։ Լրագրողների փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկի պահին Սի Ծինփինը դեռ աշխատանքային ճաշ էր անցկացնում Դոնալդ Թրամփի հետ։ Այդ ընթացքում, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Պուտինը ռուսական պատվիրակության հետ վերադարձել էր հյուրանոց՝ հանգստանալու։
Նույն օրը՝ առավոտյան, Պուտինն ու Թրամփը նաև առանձին հանդիպում էին անցկացրել։ Դա նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր 2025 թվականի օգոստոսից ի վեր։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ շուրջ 40 րոպե տևած բանակցություններն անցել են լավ մթնոլորտում։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցը։
Եռակողմ հանդիպման բացման խոսքում Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է օրինակ ծառայեն մյուս պետությունների համար՝ համագործակցելով համաշխարհային խնդիրների լուծման և միջազգային խաղաղության պահպանման ուղղությամբ։ Չինաստանի նախագահի խոսքով՝ մարդկությունն ապրում է փոխկապակցված աշխարհում (Ծինփինի խոսքով՝ «գլոբալ գյուղում»՝ խմբ), որտեղ յուրաքանչյուր երկրի ճակատագիրն առնչվում է մյուսներին։ Նա ընդգծել է, որ երեք տերություններն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում միջազգային կայունության ապահովման հարցում։
Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Չինաստանին միավորում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը։ Նա կարևորել է միջազգային իրավունքի գործող համակարգի պահպանումն ու ամրապնդումը և առաջարկել քննարկել համաշխարհային տնտեսական կապերը, պարենային ու էներգետիկ անվտանգությունը։
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Ուկրաինայում պատերազմին։ Նրա խոսքով՝ այդ հարցը նախորդ օրը քննարկել էր Սի Ծինփինի, իսկ նոյեմբերի 19-ի առավոտյան՝ Թրամփի հետ։ Պուտինը նշել է, որ երեք պետությունները կարող են էական ներդրում ունենալ համաշխարհային անվտանգության ամրապնդման գործում, եթե համագործակցեն փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և շահերի հավասարակշռության սկզբունքներով։
Դոնալդ Թրամփն էլ իր ելույթում հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է միջուկային սպառազինությունների կրճատման և դրանց տարածումը կանխելու անհրաժեշտության վրա։ ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ երեք երկրների միջուկային զինանոցները նրանց բացառիկ հնարավորություն են տալիս քննարկելու աշխարհում միջուկային զենքի քանակի կրճատման ուղիները։
Թրամփը հայտարարել է, որ միջուկային զենքի տարածման սպառնալիքը կանխելու համար երեք պետությունների համագործակցությունը կենսական նշանակություն ունի։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Իրանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։
Անդրադառնալով Ուկրաինայում պատերազմին՝ Թրամփը նշել է, որ այդ հարցն արդեն մանրամասն քննարկել է Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Ռուսաստանի ղեկավարը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։ Նա նաև հույս է հայտնել, որ նույն ցանկությունն ունի «մյուս կողմը»՝ չնշելով Վլադիմիր Զելենսկիի անունը։
Թրամփը համագործակցության հնարավոր ուղղություններից է համարել նաև միջազգային այն կառույցների ազդեցության սահմանափակումը, որոնք, իր բնորոշմամբ, «դուրս են եկել վերահսկողությունից»։ Այդ համատեքստում նա քննադատել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին։ Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտին Պուտինի ձերբակալության օրդեր է տվել՝ Ուկրաինայի բռնազավթված տարածքներից երեխաների ապօրինի տեղահանման և տեղափոխման վերաբերյալ ենթադրյալ ռազմական հանցագործությունների առնչությամբ։ Դատարանը 2024 թվականի նոյեմբերին ձերբակալության օրդեր է տվել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների առնչությամբ։
Երեք ղեկավարների հանդիպման՝ լրագրողների համար բաց հատվածը տևել է շուրջ 10 րոպե, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ ձևաչափով։
Ի՞նչ է ամրագրվել համատեղ հռչակագրում
Բանակցությունների ավարտից հետո Կրեմլը հրապարակել է «Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների՝ խաղաղության մասին հռչակագիրը»։ Փաստաթղթում նշվում է, որ երեք երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային իրադրության շուրջ և վերահաստատել ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության պահպանման իրենց հանձնառությունը։ Հռչակագրով Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի բարեփոխմանը՝ նպատակ ունենալով կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնել համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու հարցում։
Երեք երկրները նաև մտադրություն են հայտնել մեծացնելու նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումները՝ ընդգծելով էներգակիրների կայուն մատակարարումների նշանակությունը համաշխարհային տնտեսության համար։
Փաստաթղթում միջուկային անվտանգության վերաբերյալ արձանագրվել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և նման պատերազմ երբեք չպետք է սկսվի։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի չտարածման ուղղությամբ։ Սակայն միջուկային զինանոցների կրճատման կոնկրետ պարտավորություններ կամ ժամկետներ չեն սահմանվել։
Հռչակագրում անդրադարձ կա նաև միջազգային արդարադատությանը։ Երեք երկրների ղեկավարները կարևորել են պետական պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումը և ընդգծել, որ Միջազգային քրեական դատարանն ու համանման կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
Ուշագրավ է, որ թեև Պուտինն ու Թրամփը հանդիպման ընթացքում խոսել են Ուկրաինայում պատերազմի մասին, համատեղ հռչակագրում այդ թեման բացակայում է։ Փաստաթղթում չեն ներկայացվում նաև պատերազմի դադարեցման կամ խաղաղության հնարավոր համաձայնության հասնելու կոնկրետ քայլեր։
Միջուկային զինաթափումը՝ բանակցությունների գլխավոր հարցերից մեկը
Մինչ հանդիպումը Վաշինգտոնը եռակողմ բանակցությունների գլխավոր նպատակներից էր համարում միջուկային սպառազինությունների կրճատման շուրջ քննարկումները։ Այդուհանդերձ, փորձագետները թերահավատորեն էին գնահատում երեք տերությունների միջև էական համաձայնության հասնելու հնարավորությունը։
Չինաստանը տարիներ շարունակ հրաժարվել է Միացյալ Նահանգների հետ բանակցել իր միջուկային զինանոցի կրճատման շուրջ։ Պեկինը պնդում է, որ զինաթափման գործընթացը նախևառաջ պետք է վերաբերի Ռուսաստանին և ԱՄՆ-ին, որոնք անհամեմատ ավելի մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցն ունի Ռուսաստանը, որին հաջորդում են Միացյալ Նահանգներն ու Չինաստանը։
Եռակողմ հանդիպումը տեղի էր ունենում նաև սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգի համար կարևոր ժամանակահատվածում։ 2026 թվականի փետրվարին լրացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին վերջին գործող համաձայնագրի՝ New START-ի ժամկետը։
Դրա գործողության ավարտով վերացել են երկու երկրների տեղակայված ռազմավարական միջուկային մարտագլխիկների և դրանց կրիչների թվաքանակի նկատմամբ պայմանագրով սահմանված սահմանափակումները։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել