HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Rolex»-ից մինչև 50 մլն դրամի գյուղմթերքի վաճառք․ ի՞նչ են հայտարարագրել Մեծամորի ավագանու թեկնածուները

2026թ.-ի նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչները կընտրեն նոր ավագանի։ Ընտրապայքարին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։ Հայտարարագրերի ուսումնասիրությամբ կտեսնենք, թե ինչ տարբերություններ կան երկու ուժերի թեկնածուների եկամուտների, դրամական միջոցների և ունեցվածքի միջև։

ՔՊ-ի ցուցակում 62 թեկնածու կա 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Արշակյանը։ Նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2025թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2026թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 մլն 527 հազ. դրամ եկամուտ՝ ամբողջությամբ աշխատավարձի տեսքով։

2026թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ Արշակյանը կանխիկ ունեցել է 15 մլն դրամ և 50 հազ. ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշվին՝ 613 հազ. դրամ։

Նա անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում կառուցվող շենքից 66 քմ բնակարանի գնման իրավունք։ Ունի նաև 1991թ. արտադրության «ԶԻԼ» մակնիշի բեռնատար։

ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է, որը մինչև մարզպետ նշանակվելը Մեծամորի համայնքապետն էր։

Վերջին մեկ տարվա ընթացքում Խաչատրյանը հայտարարագրել է 29 մլն 740 հազ. դրամ եկամուտ։ Դրանից 25 մլն 516 հազ. դրամը աշխատավարձն է, իսկ 4 մլն 224 հազ. դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 316 հազ. դրամ, 20 հազ. ԱՄՆ դոլար և 78,5 հազ. եվրո։

Ընտրապայքարին մասնակցող թեկնածուներից թանկարժեք գույք հայտարարագրել է միայն Վահրամ Խաչատրյանը։ Մասնավորապես, նա ունի 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 33 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ «Rolex» ժամացույց, որոնք նվեր է ստացել մերձավորներից:

Խաչատրյանը հայտարարագրել է երեք միավոր անշարժ գույք և նույնքան անշարժ գույքի գնման իրավունք։ Մեծամոր համայնքի Նորապատ գյուղում ունի ավտոտնակ և երկու գյուղատնտեսական արտադրական շինություն։ Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում, ունի 118.5 քմ բնակարանի և 18.6 ու 17.8 քմ մակերեսներով երկու ավտոկայանատեղիների գնման իրավունք։

Նրա անունով գրանցված է նաև երկու մարդատար ավտոմեքենա՝ 2003թ. արտադրության «CITROEN BERLINGO 1.4» և 2018թ. արտադրության «PORSCHE MACAN S TURBO 3.0»։

ՔՊ-ի ցուցակի երրորդ համարը Մեծամորի համայնքապետարանի աշխատակից, կուսակցության գործավար Սյուզաննա Ավոյանն է։ Վերջին մեկ տարվա ընթացքում նրա հայտարարագրած միակ եկամուտը համայնքապետարանից ստացած 1 մլն 332 հազ. դրամ աշխատավարձն է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 մլն 612 հազ. դրամ, ինչպես նաև 1 մլն դրամ ավանդ։

Ավոյանը հայտարարագրել է վեց միավոր անշարժ գույք՝ Մեծամորում գտնվող յուրաքանչյուրը 62 քմ մակերեսով երեք բնակարան, Արարատի մարզի Այգավան գյուղում՝ 80 քմ մակերեսով բնակելի տուն և 5000-ական քմ մակերեսով երկու հողատարածք։

ՀՅԴ-ի ցուցակում 18 թեկնածու է

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Մեծամորի ավագանու անդամ, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի նախկին ղեկավար Արամայիս Մխիթարյանը։

Նրա հայտարարագրած միակ եկամուտը գյուղմթերքի իրացումից ստացած 24 մլն դրամն է։ Հայտարարագրել է նաև 3 մլն դրամ դրամական միջոց։

Մխիթարյանն ունի յոթ միավոր անշարժ գույք՝ ընդհանուր մոտ 4.5 հա մակերեսով վեց հողամաս և 1590 քմ մակերեսով անասնաշենք։ Հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա՝ 1997թ. արտադրության «Mitsubishi Montero Sport» և 2004թ. արտադրության «GAZ 31»։

ՀՅԴ-ի ցուցակի երկրորդ համարը Հայկական ատոմային էլեկտրակայանում վարպետ աշխատող Տիգրան Խաչատրյանն է։ Վերջին մեկ տարվա ընթացքում նրա միակ եկամուտը եղել է 4 մլն 691 հազ. դրամ աշխատավարձը։ Որպես դրամական միջոց հայտարարագրել է 2 մլն դրամ։

Խաչատրյանը բնակելի տարածք չունի։ Սարդարապատ գյուղում ունի 1000 քմ մակերեսով հողատարածք և 2005թ. արտադրության «ZAZ 110307» մակնիշի ավտոմեքենա։

ՀՅԴ-ի ցուցակի երրորդ համարը գործազուրկ Արմինե Հենրիկյանն է։ Նա հայտարարագրում չի նշել ոչ եկամուտ, ոչ էլ դրամական միջոց։ Այգեշատ գյուղում համասեփականության իրավունքով ունի բնակելի տուն և երեք ավտոմեքենա՝ «VAZ 2105», «VAZ 2107» և «RENAULT LOGAN»։

Որքա՞ն եկամուտ են ստացել թեկնածուները

Երկու կուսակցությունների թեկնածուների հայտարարագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել ՔՊ-ի 9 և ՀՅԴ-ի 10 թեկնածու։

Income Range.jpg (203 KB)

Մինչև 1 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել ՔՊ-ի 9 և ՀՅԴ-ի 1 թեկնածու։ 1-2 մլն դրամ՝ համապատասխանաբար 12 և 2 թեկնածու, իսկ 2-5 մլն դրամ՝ ՔՊ-ի 18 և ՀՅԴ-ի 3 թեկնածու։

5-10 մլն դրամ եկամուտ է ունեցել ՔՊ-ի 12 թեկնածու։ 10 մլն դրամից ավելի եկամուտ հայտարարագրել են երկու կուսակցություններից երկուական թեկնածու։

Օրինակ՝ ՔՊ-ի ցուցակի չորրորդ համարը՝ Սերգեյ Ահարոնյանը, «Արդշինբանկ»-ում կառավարիչ է աշխատում։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա ստացել է մոտ 49 մլն դրամ եկամուտ։ Դրանից 20 մլն 62 հազ. դրամը աշխատավարձն է, 18 մլն 210 հազ. դրամը՝ գյուղմթերքի իրացումից ստացած եկամուտը, իսկ 10 մլն 740 հազ. դրամը՝ Ֆինանսների նախարարությունից՝ որպես գյուղմթերքի իրացման պետական աջակցություն և եկամտահարկի վերադարձ ։

Ահարոնյանը հայտարարագրել է 52 մլն 500 հազ. դրամ, 160 հազ. ԱՄՆ դոլար, 3500 եվրո և 400 հազ. ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոց։ Բանկային հաշվին ունեցել է 30 մլն 623 հազ. դրամ։ Բացի այդ, «Դոմուս» և «Ֆասթբանկ» ընկերություններում ունի ընդհանուր 125 մլն դրամի պարտատոմսեր։

Հատկանշական է, որ Սերգեյ Ահարոնյանը բնակարան է ձեռք բերել նույն շենքում, որտեղ բնակարանի գնման իրավունք ունի նաև ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարը՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Հատկանշական է, որ Վահրամ Խաչատրյանն իր դրամական միջոցները պահում է հենց Ահարոնյանի ղեկավարած բանկում։

Ի՞նչ դրամական միջոցներ ունեն թեկնածուները

ՔՊ-ի 24 և ՀՅԴ-ի 9 թեկնածու դրամական միջոցներ չեն հայտարարագրել։ Մինչև 1 մլն դրամ ունեցել է ՔՊ-ի 10 և ՀՅԴ-ի 5 թեկնածու, 1-2 մլն դրամ՝ համապատասխանաբար 7 և 1 թեկնածու, իսկ 2-5 մլն դրամ՝ ՔՊ-ի 11 և ՀՅԴ-ի 2 թեկնածու։

Cash Range.jpg (209 KB)

5-10 մլն դրամի դրամական միջոց է հայտարարագրել ՔՊ-ի 4 թեկնածու։ 10 մլն դրամից ավելի գումար ունեցել է ՔՊ-ի 6 և ՀՅԴ-ի 1 թեկնածու։

Օրինակ՝ ՀՅԴ-ի ցուցակի չորրորդ համարը՝ Գասպար Հակոբյանը, վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ հայտարարագրի, գյուղմթերքի իրացումից ստացել է 50 մլն դրամ եկամուտ։ Որպես դրամական միջոց հայտարարագրել է 40 մլն դրամ։ Եղեգնուտ գյուղում ունի 4.69 հա հողատարածք։

Թեկնածուների տարիքային, սեռային և կուսակցական կազմը

Թեկնածուների տարիքային կազմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ի ցուցակում 18-24 տարեկան թեկնածու չկա, մինչդեռ ՔՊ-ի ցուցակում այդ տարիքային խմբում մեկ թեկնածու կա։

Age.jpg (195 KB)

25-34 տարեկան թեկնածուներ նույնպես չկան ՀՅԴ-ի ցուցակում, իսկ ՔՊ-ի ցուցակում նրանց թիվը 17 է։

35-44 տարեկան են ՔՊ-ի 23 և ՀՅԴ-ի 4 թեկնածու։ 45-55 տարեկանների խմբում ՔՊ-ն ունի 15, ՀՅԴ-ն՝ 7 թեկնածու։ 55 տարեկանից բարձր են ՔՊ-ի 6 և ՀՅԴ-ի 7 թեկնածու։

Երկու կուսակցությունների ցուցակներում էլ տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։ ՔՊ-ի 62 թեկնածուներից 42-ը տղամարդ է, 20-ը՝ կին։ ՀՅԴ-ի 18 թեկնածուներից 10-ը տղամարդ է, 8-ը՝ կին։

Կուսակցական պատկանելության առումով ՔՊ-ի ցուցակում 51 թեկնածու կուսակցության անդամ է, 11-ը՝ անկուսակցական։ ՀՅԴ-ի ցուցակում կուսակցության անդամ է 13 թեկնածու, 5-ը՝ անկուսակցական։

Թեկնածուների զբաղվածության վերաբերյալ տվյալները ևս տարբեր պատկեր են ցույց տալիս։ ՀՅԴ-ի 18 թեկնածուներից 12-ը չեն աշխատում։ ՔՊ-ի 62 թեկնածուներից աշխատանք չունի 15-ը։

Work.jpg (357 KB)

Հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ի թեկնածուների շրջանում ավելի մեծ է բարձր եկամուտներ և դրամական միջոցներ հայտարարագրած անձանց թիվը, իսկ ՀՅԴ-ի ցուցակում ավելի շատ են աշխատանք չունեցողները։ ՔՊ-ում համեմատաբար երիտասարդ թեկնածուները շատ են, ՀՅԴ-ում գերակշռում են միջին տարիքի թեկնածուները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter