HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը ողջունել է TRIPP նախագծի մեկնարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ՝ այդ առիթով շնորհավորելով Հայաստանին։ Ինչպես պարզ է դառնում հրապարակված տեսաուղերձից, Թրամփը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագծի իրագործման համար։

Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին անվանել է «բացառիկ մարդ և լավ ընկեր»։ Նա իր վճռականությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության ջանքերի համատեղ առաջմղման ուղղությամբ։ «Հատուկ ողջույն Հայաստանում բոլորին՝ այս աներևակայելի ուրախալի առիթով, երբ պաշտոնապես մեկնարկում եք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Ես շատ հպարտ եմ դրանով։ Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը։ Ավելի քան 35 տարի այս հակամարտությունն անասելի տառապանքներ է պատճառել և շատերն են փորձել լուծում գտնել, բայց ձախողել են։ Բայց մենք դա արեցինք, և անցյալ տարի Սպիտակ տանը ստորագրեցինք պատմական խաղաղության համաձայնագիր»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն միասին կարող են քննարկել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղեն տարածաշրջանային խաղաղությունն ու ամրապնդեն երկկողմ կապերը։ 

«Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների և էներգետիկ հոսքերի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովել, որ այն ունենա մեծ, մեծ հաջողություն»,- նշել է Թրամփը։

Ուղերձում Թրամփը նաև ՀՀ վարչապետին հրավիրել է այցելել Սպիտակ տուն՝ հաջորդ տարի Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու ընթացքում։ «Կցանկանայի նաև հաջորդ տարի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն, երբ նա ժամանի Վաշինգտոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուղերձով հանդես էր եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ազդարարելով նախագծի մեկնարկը։ Նա նշել էր, որ Սյունիքի մարզում այսօր կմեկնարկեն ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները։

«Մեծագույն պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին, ինչը, հիրավի, պատմական իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ։ Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում այսօր կմեկնարկեն ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները»,- նշել էր ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ «խաղաղությունից զատ TRIPP նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու Հայաստանի տնտեսական առաջխաղացման գործում, էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը»։

Էկրանակադրը՝ հրապարակված տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter