
Նախկին գյուղապետը կամովին չի կատարում դատարանի վճիռը
Լեռնապատի արդեն նախկին գյուղապետ Վանո Եղիազարյանը «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանին դատի տալով նրանից հերքում ու ներողություն էր ակնկալում և 1 միլիոն դրամ, իսկ հետո արդեն 1 լումա փոխհատուցում: Բայց դատը պարտվելով՝ նախկին գյուղապետը հայցվորից վերածվեց պարտապանի. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Վանո Եղիազարյանի հայցը մերժելով, միաժամանակ պարտավորեցրեց նրան հօգուտ լրագրողի վճարել 150 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:
Արդեն երրորդ ամիսն է՝ պարտված գյուղապետը կամովին չի կատարում դատարանի վճիռը, ուստի քաղաքացիական գործով նախկին պատասխանող, իսկ այժմ պահանջատեր Ադրինե Թորոսյանը դիմել է ԴԱՀԿ՝ նախկին գյուղապետի նկատմամբ կատարողական վարույթ հարուցելու պահանջով:
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 30, 40, 44, 67 հոդվածներով՝ սեպտեմբերի 7-ին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀՀ ԱՆ ԴԱՀԿ) Լոռու մարզային բաժնում կայացվել է որոշում՝ կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, ըստ որի՝ Ադրինե Թորոսյանին վճարելիք 150 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումարի հետ Վանո Եղիազարյանից բռնագանձվում է նաև 7500 դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս, Վանո Եղիազարյանին պատկանող շարժական ու անշարժ գույքը դրվում է կալանքի տակ և դրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում՝ պարզելու սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի, գույքային իրավունքերի և դրամական միջոցների գտնվելու վայրը, կազմն ու քանակը:
Այս դատական գործում լրագրողի շահերը պաշտպանել են փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել