HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Տերտերասար» հանքավայրի ապօրինի շահագործման գործով 19 անձի գործն ուղարկվել է դատարան

Մեղրի համայնքում գտնվող «Տերտերասար» ոսկու, արծաթի և պղնձի հանքավայրի ապօրինի շահագործման և պաշտոնատար անձանց կաշառելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի։ Այն դատարան է ուղարկվել 2026թ.-ի նոյեմբերի 23-ին և մակագրվել դատավոր Տիգրան Դավթյանին։

Ըստ մեղադրանքի՝ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ կազմակերպել են հանքավայրի ապօրինի շահագործումը՝ առանց համապատասխան թույլտվության։ Հանքավայրի շահագործման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, հանրային լսումների անցկացումն ու համայնքի ավագանու կողմից համապատասխան որոշման ընդունումն ապահովելու նպատակով, ըստ նախաքննական մարմնի, կաշառք են տվել մի շարք պաշտոնատար անձանց։

7 անձի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ խմբով խոշոր չափերի կաշառք են տվել Մեղրի համայնքի արդեն նախկին ղեկավար Խ. Անդրեասյանին։

Ըստ մեղադրանքի՝ կաշառքի նպատակը եղել է ապահովել «Տերտերասար» հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների համար հանրային լսումների անխոչընդոտ անցկացումը, համայնքի ավագանու համապատասխան որոշման ընդունումը, ինչպես նաև հանքավայրի ապօրինի շահագործման գործընթացը։

Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի կաշառք ստանալու համար։

Նշենք՝ Խ. Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2024թ. մայիսի 30-ից։ Մեղրի համայնքի ավագանու 2026թ. հոկտեմբերի 25-ի ընտրության արդյունքով համայնքի ղեկավար է ընտրվել Սերգո Գալստյանը։

Մեղադրանքներ են առաջադրվել նաև շրջակա միջավայրի էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման մի քանի աշխատակիցների և այլ պաշտոնյաների։ Մասնավորապես՝ նույն գործով մեղադրվում են Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության պետը, նույն ծառայության Մեղրիի տեղամասի պետը, Մեղրիի տեղամասի գլխավոր էկոպարեկը, ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրու բաժնի հատկապես կարևոր գործերով համայնքային ոստիկանը։

Նշենք, որ այդ անձանց մեղավորությունը դեռևս ապացուցված չէ և կարող է հաստատվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter