HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնագրում ծննդյան վայրի նշման ձևն ընտրելիս հաշվի է առնվել քաղաքական զգայունությունը․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում անդրադարձել է կենսաչափական անձնագրերի «Ծննդյան վայրը» դաշտի լրացման կարգին և պարզաբանել, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվել երկրի անվանումը նշելու որոշումը կայացնելիս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարարի խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտը թույլ է տալիս այդ դաշտում նշել երկիրը, քաղաքը կամ այլ բնակավայր։ Տարբերակն ընտրելիս պետությունը պետք է հաշվի առնի նաև հարցի քաղաքական զգայունությունը և այն, թե արդյոք տվյալ երկրի կամ տարածքի անվանումը ճանաչելի և ընդունելի է այլ պետությունների համար, այդ թվում՝ վիզային քաղաքականության շրջանակում։

Հիշեցնենք՝ նոր կենսաչափական անձնագրերում Արցախից տեղահանվածների ծննդյան վայրում նշվում է Ադրբեջան։

Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կենսաչափական անձնագրերի «Ծննդյան վայրը» դաշտում նշվում «Ադրբեջանի Հանրապետություն», երբ ծննդյան վկայականում որպես ծննդավայր կարող է նշված լինել Ստեփանակերտը, Շուշին կամ Մարտունին։

Նախարարի խոսքով՝ բնակավայրի անվանումը որպես ծննդավայր նշելու դեպքում այն պետք է ճանաչելի լինի փաստաթուղթը ստուգող այլ պետությունների համար։ Նա նշել է, որ բնակավայրի անվանումը նշելու հարցում առաջնորդվել են ISO ստանդարտով և այս դեպքում առկա տեղանունները ներկայացված չեն այն անվանումներով, որոնք տեղահանված մեր հայրենակիցներն ակնկալում են տեսնել իրենց անձնագրերում։

Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ ծննդյան վկայականում բնակավայրի անվան առկայությունն ինքնին հիմք չէ այն նույն ձևով կենսաչափական անձնագրում նշելու համար։ Նրա խոսքով՝ միջազգային ստանդարտներն ու սահմանային ստուգումների ժամանակ քաղաքացիների համար հնարավոր դժվարությունները հաշվի առնելով՝ օրենքով ամրագրվել է «Ծննդյան վայրը» դաշտում երկրի անվանումը նշելու պահանջը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter