Դատվածություններ և ընթացիկ վարույթներ. ովքե՞ր են հավակնում դառնալ Ապարանի և Աշտարակի ավագանու անդամներ
2026թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Ապարան համայնքում՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից: Երկու համայնքներում քաղաքական ուժերի ընտրացուցակներում ընդգրկված մի շարք թեկնածուների վերաբերյալ մեղադրական դատավճիռներ են կայացվել, կամ այժմ մեղադրվում են քրեորեն պատժելի արարք կատարելու համար։
Ուսումնասիրել ենք նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող երկու համայնքների՝ Ապարանի և Աշտարակի ընտրական ցուցակներում ընդգրկված անձանց վերաբերյալ դատական ակտերն ու քրեական վարույթների նյութերը։
Ապարանի ընտրություններին մասնակցող թեկնածուները
«Հետքն» արդեն գրել է, որ Ապարան համայնքի նախընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Եղիազարյանը: Համայնքը ղեկավարելու տարիների ընթացքում Կարեն Եղիազարյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա և ընտանիքի անդամների դեմ հայց է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023թ.-ի հոկտեմբերի 3-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Եղիազարյանից և կնոջից՝ Սիրուն Սարգսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք և գումար բռնագանձելու պահանջով։
Մասնավորապես՝ Դատախազությունը պահանջում է Սիրուն Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում Սիրուն Սարգսյանի անվամբ բացված հաշվեհամարին առկա 3 մլն 800 հազ. դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում դրան համարժեք գումար, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարումը դրա վրա հաշվեգրված տոկոսագումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ:
Ինչպես նաև բռնագանձման պահանջ է դրվել Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 107 մլն 445 հազ. դրամի չափով գումար, որն ըստ Դատախազության՝ չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Ինչպես նաև Դատախազությունը պահանջում է բռնագանձել մոտ 167 մլն 655 հազ. դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
Կարեն Եղիազարյանի նկատմամբ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ: 2025թ. նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Կարեն Եղիազարյանին մեղսագրվող քրեական գործը, ըստ որի՝ նա, 2021թ.-ի դեկտեմբերի 8-ից տեղեկացված լինելով Ապարան բնակավայրում «Ապարան Ջուր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ, չի ձեռնարկել իր լիազորություններից բխող համապատասխան միջոցներ, ինչի հետևանքով տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է ակնկալվող 1 մլն 500 հազ. դրամ եկամուտից։ Այս գործի քննությունը ևս շարունակվում է:
Աշխատողի մահվան գործով դատապարտված թեկնածուն
Ապարանի ընտրական ցուցակի 10-րդ համարում ընդգրկված է Աղվան Երեմյանը։ Նա, լինելով «Սամվել Սարգսյան» ԱՁ-ի տնօրեն և աշխատանքի պաշտպանության պահանջների պահպանման համար պատասխանատու անձ, խախտել է շինարարական աշխատանքների անվտանգության կանոնները։
Դեպքը տեղի է ունեցել 2023թ.-ի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Երևանի Գրիբոյեդովի փողոցի 18/5 հասցեում կառուցվող շենքում։ Աշխատող Ս. Հարությունյանը շենքի առաջին հարկում վերելակի հորանի պատը կառուցելիս կորցրել է հավասարակշռությունը, ընկել երրորդ հարկից և ստացած վնասվածքներից մահացել։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի փետրվարի 25-ի դատավճռով Աղվան Երեմյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Երեմյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով 2 տարվա փորձաշրջան։
Տեսչական մարմնի աշխատակցին սպառնացած և
գումար առաջարկած թեկնածուն
Ապարանի ավագանու 16-րդ համարի թեկնածուն Խաչիկ Գեղամյանն է։ Նա Ապարան համայնքի գործող ավագանու անդամ է:
Ըստ դատական գործի նյութերի՝ 2025թ.-ի հունվարի 31-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Ապարան քաղաքի Ս. Ջալալյան փողոցում գտնվող մսի իրացման կետում մշտադիտարկում են իրականացրել։ Պարզվել է, որ կետի սեփականատիրոջ որդիները՝ Խաչիկ և Կարեն Գեղամյանները, վաճառում են ոչ սպանդանոցային ծագման միս։
Խախտումն արձանագրելու ընթացքում Խաչիկ Գեղամյանը, ըստ մեղադրանքի, միջամտել է Տեսչական մարմնի գլխավոր տեսուչ Ամբակում Սիմոնյանի ծառայողական գործունեությանը։ Նա քաշքշել է տեսուչին և սպառնացել միս կախելու համար նախատեսված մետաղյա առարկայով հարվածել նրա գլխին։
Բացի այդ, Գեղամյանը տեսուչին առաջարկել է 20 հազար դրամ կաշառք՝ հայտնաբերված խախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց։ Սիմոնյանը հրաժարվել է վերցնել գումարը։
Հակակոռուպցիոն դատարանը 2025թ.-ի հոկտեմբերի 28-ի դատավճռով Խաչիկ Գեղամյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախատեսված հանցանքների կատարման մեջ։
Դատարանը նրա նկատմամբ նշանակել է 1 ամիս 15 օր կարճաժամկետ ազատազրկում և 375 հազար դրամ տուգանք։ Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է մեկ տարվա փորձաշրջան։
Քուչակում աճուրդով գույք ձեռք բերած թեկնածուի դեմ
Դատախազությունը հայց է ներկայացրել
Ընտրացուցակի 20-րդ համարը Արամ Ասատրյանն է։ Նա ևս գործող ավագանու անդամ է: 2026թ.-ի հուլիսի 30-ին Արագածոտնի մարզի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Ասատրյանի և Ապարան համայնքի ղեկավարի դեմ։
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ապարան համայնքի Քուչակ գյուղում գտնվող անշարժ գույքի աճուրդը։ Որպես հետևանք՝ պահանջվում է անվավեր ճանաչել նաև Ապարան համայնքի ղեկավարի և Արամ Ասատրյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Ասատրյանի անունով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Գործի քննությունը շարունակվում է:
Մեքենա է վարել՝ զրկված լինելով այդ իրավունքից
Ցուցակի 37-րդ համարում ընդգրկված է Սեպուհ Մանուկյանը։ Նա Ապարանի մարզադպրոցի մարզիչ է:
Նրա վերաբերյալ կա երկու դատավճիռ։ Երկու դեպքում էլ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված ժամանակ մեքենա վարելու համար։
Առաջին դեպքը տեղի է ունեցել 2023թ.-ի օգոստոսի 3-ին՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Մանուկյանը վարել է «Դոջ» մակնիշի ավտոմեքենա՝ չնայած նրան, որ 2023թ.-ի մայիսի 27-ից մեկ տարով զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2024թ.-ի մայիսի 6-ի դատավճռով նրան մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) և նշանակել 60 ժամ հանրային աշխատանք։
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2024թ.-ի փետրվարի 7-ին՝ Ապարան քաղաքում։ Մանուկյանը կրկին մեքենա է վարել՝ զրկված լինելով այդ իրավունքից։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2024թ.-ի ապրիլի 12-ի դատավճռով նրան կրկին մեղավոր է ճանաչել նույն հոդվածով և նշանակել 60 ժամ հանրային աշխատանք։
Առանց վարելու իրավունքի և ոչ սթափ վիճակում մեքենա վարած թեկնածուն
Ապարանի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակի 40-րդ համարը Անդրանիկ Ավետիսյանն է։ Նա Ապարան համայնքի ղեկավար և այս ընտրություններում դաշինքի ցուցակը գլխավորող Կարեն Եղիազարյանի ընտանիքին պատկանող «Գնթունիք» ՍՊԸ-ի տնօրենն է:
Նրա նկատմամբ երկու քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնցից մեկով արդեն դատավճիռ է կայացվել։
Ըստ մեղադրանքի՝ 2026թ.-ի փետրվարի 6-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Ավետիսյանը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք և գտնվելով ոչ սթափ վիճակում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է վարել։
Դատարանը 2026թ.-ի մայիսի 25-ի դատավճռով նրան մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը) նախատեսված արարքի կատարման մեջ։ Ավետիսյանին նշանակվել է 642 հազար 505 դրամ տուգանք, որը պետք է վճարի մեկ տարվա ընթացքում։
Մեկ այլ դրվագով Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2026թ․-ի փետրվարի 1-ին՝ ժամը 21։25-ի սահմաններում, կրկին առանց վարելու իրավունքի մեքենա է վարել։
Ըստ մեղադրանքի՝ նա այդ արարքը կատարել է 2025թ.-ի հոկտեմբերի 23-ին նույն բնույթի խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ. մարտի 23-ի դատավճռով Անդրանիկ Ավետիսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել տուգանքի՝ 593 հազար 325 դրամի չափով:
Աշտարակի ՔՊ-ի ցուցակում ընդգրկված թեկնածուները
Աշտարակի ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Թովմաս Շահվերդյանը։ Նա Աշտարակի գործող համայնքապետն է: Թ. Շահվերդյանը դեռևս 23 տարեկանում է հայտնվել քրեական պատմության մեջ:
Ըստ մեղադրանքի՝ 2012թ.-ի օգոստոսի 25-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Պռոշյան գյուղի տարածքում, Շահվերդյանն ականատես է եղել Սեդրակ Թովմասյանի կողմից հրազենի գործադրմամբ ծանր հանցագործության կատարմանը։
Մեղադրանքի համաձայն՝ դեպքից հետո Շահվերդյանը նախապես չխոստացված կերպով պարտակել է հանցագործության գործիքը՝ «ՏՏ» տեսակի ատրճանակը, և հանցագործությունը կատարած անձին։ Նա իր «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով Թովմասյանին և ատրճանակը տեղափոխել է Աշտարակի ձոր կոչվող տարածք, որտեղ իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտու մոտակայքում թաքցրել են ատրճանակը։ Այնուհետև Թովմասյանին տեղափոխել է Ջերմուկ։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ.-ի հուլիսի 22-ի դատավճռով Շահվերդյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործությունը պարտակելը) և նշանակել 1 տարվա ազատազրկում։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարվա փորձաշրջան։ Սակայն 2013թ.-ի հոկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը և 2013թ.-ի հոկտեմբերի 3-ի համաներման մասին որոշման հիմքով կարճել քրեական գործի վարույթը՝ դադարեցնելով Շահվերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Առանց վարորդական իրավունքի և ոչ սթափ վիճակում մեքենա է վարել
Աշտարակի ՔՊ-ի ցուցակի 4-րդ համարում Աշոտ Հունանյանն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ 2023թ.-ի սեպտեմբերի 9-ին, առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու և ոչ սթափ վիճակում, մեքենա է վարել Աշտարակ քաղաքի Տ. Մեծ փողոցից դեպի Երևանյան փողոց ընկած հատվածում։
Արագացված վարույթով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2024թ.-ի հունվարի 25-ի դատավճռով Հունանյանին մեղավոր է ճանաչել և նշանակել 375 հազար դրամ տուգանք։ Դատարանը թույլատրել է տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս 31 հազար 250 դրամ։
750 հազար դրամ տուգանք՝ առանց վարորդական
իրավունքի մեքենա վարելու համար
Ցուցակի 10-րդ համարը զբաղեցնում է Արտաշես Խաչատրյանը։ Նա անհատ ձեռնարկատեր է:
Ա. Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ 2023թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01։15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ. Մեծ փողոցում վարել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա՝ չնայած նրան, որ 2023թ.-ի փետրվարի 2-ի որոշմամբ մեկ տարով զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի հուլիսի 10-ի դատավճռով Խաչատրյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագով։
Յուրաքանչյուր դրվագի համար դատարանը նշանակել է 375 հազար դրամ տուգանք։ Պատիժները գումարելու արդյունքում վերջնական տուգանքը կազմել է 750 հազար դրամ։ Դատարանը թույլատրել է այն վճարել մեկ տարվա ընթացքում՝ ամսական 62 հազար 500 դրամով։
Որդու ընդունելության քննությունների հարցով
կաշառք տալու մեջ մեղադրվող թեկնածուն
ՔՊ-ի ցուցակի 11-րդ համարը զբաղեցնում է անհատ ձեռնարկատեր Նորիկ Անդրեասյանը։
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել որդու՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվելու գործընթացի հետ կապված։
Ըստ մեղադրանքի՝ որդու ընդունելության քննությունների ընթացքում հնարավոր խոչընդոտների առաջացման դեպքում դրանք լուծելու և նրա օգտին հովանավորչություն ապահովելու նպատակով Նորիկ Անդրեասյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ինստիտուտի համապատասխան ամբիոնի վարիչ Ս. Դանիելյանի հետ։ Ն. Անդրեասյանն այդ պայմանավորվածությունը ձեռք է բերել աներորդու տղայի միջոցով։ Վերջինս եղել է այդ բուհի նախկին ուսանող:
Մեղադրանքի համաձայն՝ 2025թ.-ի հոկտեմբերի 24-ին՝ որդու ինստիտուտ ընդունվելուց հետո, Նորիկ Անդրեասյանը նախկին ուսանողի օժանդակությամբ ինստիտուտի տարածքում Ս. Դանիելյանին փոխանցել է քննությամբ չպարզված չափի կաշառք։
Նորիկ Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալը)։
Հակակոռուպցիոն դատարանում գործի քննությունը շարունակվում է:
Ռեստորանային համալիրը հրկիզելու համար դատապարտված թեկնածուն
Տարոն Հակոբյանը զբաղեցնում է նախընտրացուցակի 16-րդ համարը։ Հյուսիսային քրեական դատարանի 2008թ.-ի ապրիլի 18-ի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափի գույքը դիտավորյալ ոչնչացնելու համար։
Ըստ դատական գործի նյութերի՝ 2007թ.-ի փետրվարի 6-ին՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում, Հակոբյանը դիզելային վառելիքի օգտագործմամբ հրկիզել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում՝ Աղձք գյուղի տարածքում գտնվող «Պանդոկ» ռեստորանային համալիրի շինությունները և գույքը։
Հրկիզման հետևանքով ոչնչացվել և վնասվել է շուրջ 16 մլն 554 հազար դրամ ընդհանուր արժեքով գույք։
Դատական գործի նյութերում Հակոբյանը նշել է, որ ռեստորանային համալիրը նախկինում պատկանել է իր ղեկավարած «Սասուն-33» ՍՊԸ-ին, սակայն գրավի պարտավորությունները չկատարելուց հետո այն աճուրդով ձեռք է բերել ԱՄՆ քաղաքացի Վ. Հագոփյանը։ Տ. Հակոբյանի խոսքով՝ սեփականության իրավունքի շուրջ տարիներ շարունակ դատական վեճեր են եղել, և ինքն այդ որոշումները համարել է ապօրինի։
Նա ընդունել է, որ 2007թ.-ի փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը դիզելային վառելիք է լցրել ռեստորանային համալիրի երեք շինությունների ներսում գտնվող գույքի վրա և լուցկու միջոցով հրկիզել դրանք։ Դեպքից հետո հեռացել է տարածքից և հայտնել, որ ինքն է հրկիզել համալիրը։
Դատարանը Հակոբյանին դատապարտել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։
Դատավճիռ՝ զինվորական ծառայության ընթացքում վերադասին վիրավորելու և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար
ՔՊ-ի ցուցակի 55-րդ համարը Հրայր Գյոզալյանն է։ Նրա վերաբերյալ երկու քրեական գործ կա։
Առաջին գործով՝ 2013թ.-ի սեպտեմբերի 11-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հրայր Գյոզալյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ) նախատեսված հանցանքի կատարման մեջ։
Ըստ մեղադրանքի՝ 2013թ.-ի մայիսի 10-ին Հ. Գյոզալյանը, լինելով Պաշտպանության բանակի զորամասերից մեկի կրտսեր սերժանտ, վիճաբանության մեջ է մտել իր վերադաս, կապիտան Գ. Պողոսյանի հետ։
Վիճաբանության ընթացքում, զորամասի անձնակազմի ներկայությամբ, Գյոզալյանը հայհոյանքներ է հնչեցրել կապիտանի հասցեին և մեկ անգամ ապտակել նրան՝ վիրավորելով նրա պատիվն ու արժանապատվությունը։
Դատարանը Գյոզալյանին դատապարտել է 3 ամսվա կալանքի։ Սակայն 2013թ. հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի ընդունած համաներման որոշման հիմքով նա ազատվել է նշանակված պատժից։
Երկրորդ գործը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը։
Ըստ մեղադրանքի՝ 2026թ.-ի հունիսի 16-ին՝ ժամը 01։25-ի սահմաններում, Գյոզալյանը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք և գտնվելով ոչ սթափ վիճակում, մեքենա է վարել Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ.-ի հուլիսի 30-ի դատավճռով Գյոզալյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով և նշանակել 375 հազար դրամ տուգանք։ Տուգանքը վճարելու համար սահմանվել է մեկ տարի ժամկետ։
Թեև իշխանությունները պարբերաբար ընդգծում են պետական և համայնքային կառավարման համակարգում բարեվարքության չափանիշների կարևորությունը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրացուցակների կազմը հաճախ այլ պատկեր է ցույց տալիս։ Սա վկայում է այն մասին, որ կուսակցական ցուցակների ձևավորման փուլում բարեվարքության ստուգման մեխանիզմները կա՛մ չեն գործում, կա՛մ զիջում են տեղական ազդեցության ու քաղաքական նպատակահարմարության հաշվարկներին։
Լուսանկարում ձախից՝ Թովմաս Շահվերդյանը, Նորիկ Անդրեասյանը, Արամ Ասատրյանը, Կարեն Եղիազարյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել