Բռնություն, մահվան ելքով վրաերթ ու ինքնիրավչություն․ ինչ անցյալ ունեն Մեծամորի և Բաղրամյանի ավագանու թեկնածուները
2026թ. նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին Արմավիրի մարզի Բաղրամյան և Մեծամոր համայնքներում առաջադրված թեկնածուների թվում կան մարդիկ, որոնք անցնում են քրեական գործերով կամ արդեն դատապարտվել են։ «Դատալեքս»-ում հրապարակված տվյալները վկայում են, որ թեկնածուներից ոմանք դատապարտվել են բռնության, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կամ ինքնիրավչության համար, մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Նշենք, որ Մեծամոր համայնքում ընտրապայքարին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։ Իսկ Բաղրամյանում ավագանու ընտրություններին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» ու «Գործարար» կուսակցությունները։
Բաղրամյան համայնք
Մահվան ելքով վրաերթի համար դատապարտված թեկնածուն մեքենան վարել է առանց իրավունքի
Բաղրամյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 27-րդ համարի թեկնածու Դավիթ Օհանյանը 2024 թ․–ի դեկտեմբերի 19-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչի հետևանքով հետիոտնը մահացել է։
Դատավճռի համաձայն՝ 2023թ.-ի մարտի 2-ին Օհանյանն իր BMW X5 ավտոմեքենայով Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել Ժ. Խաչատրյանին։ Դատարանը նշել է, որ վարորդը մեքենայի ընթացքի ուղղությունը փոխել է դեպի աջ, արգելակել, սակայն այդ գործողությունները չեն եղել հարկադրական և պայմանավորված չեն եղել երթևեկության անվտանգության պահանջներով։ Վրաերթի հետևանքով հետիոտնը մահացել է։
Օհանյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Նրա նկատմամբ նշանակվել է 2 տարվա ազատազրկում, և նա 1 տարով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է 2 տարվա փորձաշրջան։
Սակայն 2025թ.-ի օգոստոսի 1-ին՝ վարելու իրավունքից զրկված ժամանակահատվածում, Օհանյանը Բաղրամյան գյուղում վարել է ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենա։ Դեպքը հայտնաբերել է պարեկային ծառայությունը։
2026 թ.-ի մարտի 30-ի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել արդեն վարորդական իրավունքից զրկված վիճակում մեքենա վարելու համար և դատապարտվել 15 օրվա ազատազրկման։ Դատարանը վերացրել է նախորդ դատավճռով սահմանված փորձաշրջանը, երկու պատիժները գումարել և վերջնական պատիժ նշանակել 2 տարի 15 օր ազատազրկում։
Այդ պատժի կատարումը հետաձգվել է մինչև նրա խնամքին գտնվող երեխայի՝ 6 տարեկան դառնալը։
Մեծամոր համայնքի թեկնածուներ
ՀՅԴ ցուցակի առաջին թեկնածուն մեղադրվում է հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին գումար բաժանելու մեջ
Մեծամորի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակի առաջին համարով մասնակցում է Արամայիս Մխիթարյանը։ Նա ՀՅԴ Արմավիրի տարածքային մարմնի ղեկավարն է, և եղել է Այգեշատ գյուղի ղեկավարը։
Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել 2022թ.-ի ապրիլ-մայիսին «Դիմադրություն» շարժման կազմակերպած հավաքներին քաղաքացիների մասնակցությունը նյութապես շահագրգռելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Ա. Մխիթարյանը գործով դեռևս չպարզված անձանցից ստացված գումարները բաժանել է քաղաքացիներին՝ նրանց Երևանում անցկացվող հավաքներին մասնակցելու համար։
Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել 2003թ. ընդունված Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ)։ Գործը դատարան է ուղարկվել 2022թ.-ի հունիսին, և մինչ այժմ քննությունը շարունակվում է։ Հաջորդ դատական նիստը նշանակված է 2027թ.-ի փետրվարին։
ՔՊ ցուցակի 11-րդ թեկնածուն դատապարտվել է երկու զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեծամորի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակի 11-րդ տեղը զբաղեցնող Սամվել Զաքարյանը 2017թ.-ի օգոստոսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել երկու զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Դատավճռի համաձայն՝ Զաքարյանը, որը Պաշտպանության բանակում սերժանտ էր և ստորադաս զինծառայողների նկատմամբ պետի կարգավիճակ ուներ, 2015թ.-ի նոյեմբերի 12-ին երկու առանձին դեպքով վիճաբանել է ժամկետային զինծառայողների հետ։
Առաջին դեպքում նա վիճաբանել է շարքային Հ. Հակոբյանի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Երկրորդ դեպքով Զաքարյանը, մեկ այլ զինծառայողի հետ, բռնություն է գործադրել շարքային Օ. Թադևոսյանի նկատմամբ։
Դատարանը Զաքարյանին երկու դրվագով մեղավոր է ճանաչել։ Յուրաքանչյուր դրվագով նշանակվել է 3 ամիս ազատազրկում, իսկ պատիժները գումարելու արդյունքում՝ 6 ամիս ազատազրկում։ Սակայն՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է մեկ տարվա փորձաշրջան։
Ավագանու գործող անդամի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով
Մեծամորի ՔՊ-ի ցուցակի 13-րդ համարի թեկնածու Արտյոմ Սնջոյանը գործող ավագանու անդամ է:
2022թ. ապրիլի 17-ին Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում նրա վարած Toyota ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է , որ Սնջոյանը ձախ մանևր կատարելիս շրջադարձի ազդանշան չի տվել և չի համոզվել, որ մանևրն անվտանգ է։
Վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը ստացել է ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ոսկրերի կոտրվածքներ։
Սնջոյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Սակայն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024թ.-ի մայիսի 14-ի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Այսինքն՝ ոչ թե արդարացվել է, այլ պատասխանատվության ենթարկելու ժամկետն է անցել:
ՔՊ ցուցակի 20-րդ թեկնածուն դատապարտվել է ինքնիրավչության համար
Մեծամորի ՔՊ ցուցակի 20-րդ համարի թեկնածու Աշոտ Եղիազարյանը 2021թ.-ի հունվարի 25-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ինքնիրավչության համար։
Դատական ակտի համաձայն՝ 2019թ.-ի ապրիլին նա ավտոմեքենա գնելու համար 550 հազար դրամ կանխավճար է տվել քաղաքացուն։ Մեքենան ստուգելուց հետո Եղիազարյանը հրաժարվել է գնել այն՝ պահանջելով վերադարձնել կանխավճարը։
Քաղաքացին գումարը սահմանված ժամկետում չի վերադարձրել։ Դրանից հետո Եղիազարյանը, ըստ դատարանի, ինքնակամ իր ենթադրյալ իրավունքներն իրականացնելու նպատակով, մեքենայի սեփականատիրոջ կամքին հակառակ վերցրել է նրա ավտոմեքենան՝ էական վնաս պատճառելով սեփականատիրոջ իրավունքներին և օրինական շահերին։
Դատարանը Եղիազարյանին մեղավոր է ճանաչել 2003թ. ընդունված Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչություն) և նշանակել 300 հազար դրամ տուգանք։ Տուգանքի վճարման համար սահմանվել է մեկ տարի ժամկետ՝ ամսական առնվազն 25 հազար դրամ վճարելու պայմանով։
Թեկնածուն դատապարտվել է զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար
Մեծամորի ՔՊ ցուցակի 31-րդ համարի թեկնածու Կալիկ Ավետիսյանը 2010թ.-ի նոյեմբերի 17-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել զինծառայության ընթացքում իր համար պետ հանդիսացող զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Դատական ակտի համաձայն՝ զորամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիսյանը բռունցքով հարվածել է կրտսեր սերժանտի աջ աչքի շրջանին։
Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6 ամիս ազատազրկման։
Վերաքննիչ դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան։ Այնուհետև նրա նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է պատիժը կրելուց։
Մեղադրանք է առաջադրվել խմբակային խուլիգանության համար
Մեծամորի ՔՊ ցուցակի 62-րդ համարի թեկնածու Արշակ Մկրտումյանը Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղի վարչական ղեկավարն է։
Նրան մեղադրանք է առաջադրվել 2020թ.-ի հունվարի 3-ին Զարթոնք գյուղում մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Մկրտումյանը մի խումբ անձանց հետ վիճաբանության մեջ է մտել քաղաքացիների հետ։ Վիճաբանությունն ուղեկցվել է գոռգոռոցներով, հայհոյանքներով, քաշքշուկով։ Մեղադրանքի համաձայն՝ Մկրտումյանը բռունցքով հարվածել է Պ. Մխիթարյանին, իսկ դեպքի վայրում գտնվող կնոջը հրել և վայր է գցել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ըստ մեղադրանքի, նա նաև չի ենթարկվել դեպքի վայր ժամանած ոստիկանների պահանջներին։
Դատարանի 2025թ.-ի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Բարեվարքությունը հանրային պաշտոն զբաղեցնելու կարևոր պայմաններից է։ Ավագանու անդամից ակնկալվում է, որ նա ոչ միայն կպաշտպանի համայնքի բնակիչների շահերը, այլև իր վարքագծով և որոշումներով վստահություն կձևավորի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։ Հետևաբար նրանց վերաբերյալ կայացված դատական ակտերն ու քրեական գործերը հարցեր են առաջացնում՝ հանրային պաշտոն զբաղեցնելու պատասխանատվության մասով։
Լուսանկարում ձախից՝ Դավիթ Օհանյանը, Արտյոմ Սնջոյանը, Արամայիս Մխիթարյանը
Լուսանկարի ձևավորումը՝ Գայանե Հովսեփյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել