Սպիտակի ընտրապայքարը․ նախկին ՔՊ-ականներ, աշխատանքից ազատված վարչական ղեկավարներ
Լոռու մարզի Սպիտակ համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում պայքարում են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։
Նախորդ՝ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Սպիտակում ընտրապայքարի մեջ էր 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք», «Հայրենիք» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները: Ընտրությունների արդյունքներով՝ մանդատ չէր ստացել միայն «Հայրենիք» կուսակցությունը։ Համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանը։ Նա այս տարի ևս գլխավորում է ՔՊ-ի ընտրական ցուցակը։
Սպիտակ համայնքի կազմում են Սպիտակ քաղաքը և ևս 20 բնակավայր՝ Արևաշող, Արջահովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շիրակամուտ, Շենավան, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր։
«Հետքն» ուսումնասիրել է սպասվող ընտրություններին առաջադրված երեք կուսակցությունների ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու։ Նրանցից 22-ը կին է, 43-ը՝ տղամարդ։ Թեկնածուների միջին տարիքը 41-ն է, գործազուրկ է 17 թեկնածու։ Անկուսակցական է 20-ը, մնացած 45-ը ՔՊ անդամ է։

Կուսակցության ցուցակը, ինչպես նշեցինք, գլխավորում է գործող համայնքապետ 55-ամյա Քաջայր Նիկողոսյանը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել էր դատարան՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Քաջայր Նիկողոսյանի գրանցումը, քանի որ վերջինս, ըստ հանձնաժողովի, վարչական ռեսուրս էր կիրառել և աշխատանքից ազատել մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության 4 թեկնածուի՝ իր տեղակալին և 3 վարչական ղեկավարի:
Սակայն, Վարչական դատարանը մերժել էր հայցը՝ նշելով, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել մինչև նոյեմբերի 4-ը՝ նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը, ուստի չեն կարող Նիկողոսյանի գործողությունները գնահատվել որպես քարոզչության կարգի խախտում:
Աշխատանքից ազատված վարչական ղեկավարների թվում էր Թամարա Մինասյանը՝ Սարամեջի վարչական ղեկավարը։ Վերջինիս ամուսնուն ծեծելու համար 2024 թվականին դատապարտվել է Քաջայր Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը։ Նա նույնպես ընդգրկված է ՔՊ թեկնածուների ցուցակում, 23-րդ համարն է։ Նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, սակայն դատարանը պայմանականորեն չի կիրառել պատիժը՝ նշանակելով 1 տարի փորձաշրջան։ Բացի այդ՝ Գոռ Նիկողոսյանը 230 հազար դրամ տվել է Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում։ Գոռ Նիկողոսյանն աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես ցանցի ուղղության համակարգող։
ՔՊ ցուցակի երկրորդ համարը համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանն է։ Երրորդ համարը «Սպիտակի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Վանուհի Միրզոյանն է։ Չորրորդ համարը Սպիտակի թիվ 1 դպրոցի ուսուցիչ Զալիկո Համբարյանն է։ Նա անցնում է քրեական գործով։
Զալիկո Համբարյանը մեղադրվում է այն բանում, որ իր եղբոր դստեր և նույն դպրոցի աշակերտի միջև տեղի ունեցած լեզվակռվի համար վերջինիս պատժելու նպատակով խմբով գնացել են անչափահաս երեխայի բնակարան, որտեղ մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ հարվածներ են հասցրել դպրոցականի մարմնի տարբեր մասերին, հայհոյանքներ հնչեցրել՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք: Գործն այժմ դատարանում է, խափանման միջոց է ընտրված գրավը՝ 500 հազար դրամի չափով։
Իսկ ցուցակի 5-րդ համարը «Սպիտակ համայնքի ավտոպարկ և ենթակառուցվածքների սպասարկում» ՀՈԱԿ-ի տնտեսվար Հայկ Սիսակյանն է։
ՔՊ-ի ամենաշատ եկամուտ ներկայացրած թեկնածուն Սպիտակի համայնքապետն է
Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը հայտարարագրել է 22,9 մլն դրամի եկամուտ՝ ներառյալ վարկ, կենսաթոշակ, համայնքապետարանից ստացած աշխատավարձ և եկամտահարկի վերադարձ։ Համայնքապետն ունի երեք բնակարան. երկուսը` Երևանում, մեկը` Սպիտակում։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, ըստ հայտարարագրի, ունեցել է 70 հազար դրամ։
Երկրորդ ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն ցուցակի երկրորդ համար, Սպիտակի փոխհամայնքապետ Արտակ Մաթոսյանն է՝ 8,7 մլն դրամ, որից 4,5 մլն դրամը վարկ է։ Մաթոսյանը հայտարարագրել է նաև երկու բնակելի տուն Սպիտակում և երկու տնամերձ հողամաս։ Երրորդ ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն համայնքապետի որդին է՝ Գոռ Նիկողոսյանը։ Նա հայտարարագրել է 8 մլն դրամի եկամուտ և 70 հազար դրամ։ Ունի երկու բնակարան, որոնցից մեկը հոր հետ բաժնային սեփականությամբ հայտարարագրված բնակարանն է Երևանում, մյուս բնակարանը Սպիտակում է, որի միանձնյա սեփականատերն է։ Բացի այդ, հայտարարագրել է 130,8 քմ ոչ բնակելի տարածք։
.jpg)
Ամենաշատ դրամական միջոց ունեցող թեկնածուն ցուցակի 4-րդ համար Զալիկո Համբարյանն է՝ 329 հազար դրամ և 150 հազար դոլար։ Երկրորդ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն գործազուրկ Ռոման Մակարյանն է՝ 700 հազար ռուբլի։ Իսկ երրորդ ամենաշատ դրամական միջոց ունեցող թեկնածուն Սպիտակ համայնքի ավագանու անդամ, Մեծ Պարնի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Փիլոյանն է՝ 3 մլն դրամ։
.jpg)
«Բարոյական արժեքներ». համայնքապետի հետ տարաձայնություն ունեցողները
«Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակում ընդգրկված է 75 թեկնածու։ Նրանցից 25-ը կին է, 50-ը՝ տղամարդ։ Թեկնածուների միջին տարիքը 37-ն է, գործազուրկ են թեկնածուների կեսից ավելին՝ 44-ը։ Անկուսակցական է 21-ը, 54 թեկնածու կուսակցության անդամ է։
.jpg)
Համայնքի 20 վարչական ղեկավարներից 6-ը և փոխհամայնքապետերից մեկը՝ Հովիկ Հովհաննիսյանը, առաջադրվել են այս կուսակցության ցուցակով։ Նրանք բոլորը գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ տարաձայնություններ ունեն։
Ցուցակում ընդգրկված են Կաթնաջուրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանը, Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը, Շենավանի վարչական ղեկավար Մխիթար Մխիթարյանը, Լուսաղբյուրի վարչական ղեկավար Արամայիս Հակոբյանը, Սարահարթի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանը, Արջահովիտի վարչական ղեկավար Գայանե Մարկոսյանը։
Նրանց տարաձայնությունները կապված են ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ։ Ինչպես վերևում նշել ենք, Քաջայր Նիկողոսյանը իր տեղակալին և երեք վարչական ղեկավարի աշխատանքից ազատել էր։
«Բարոյական արժեքներ» կուսակցության ղեկավարը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է: Նա նախկին ՔՊ-ական է, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իր աջակցությունն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Իսկ Սպիտակում կուսակցության ցուցակը գլխավորում է Լեռնավան ԿՔՇՆ հիմնադրամի տնօրեն Համլետ Մազմանյանը։ Նա նախկին ՔՊ-ական է, Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է եղել, 2023 թվականին հեռացվել է կուսակցությունից, քանի որ մասնակցել է ավագանու նիստերի բոյկոտին, ինչի հետևանքով ամիսներ շարունակ նիստերը չեն կայացել, այս մասին հայտնել է ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 250 հազար դրամ է հայտարարագրել Համլետ Մազմանյանը, եկամուտ չի նշել։ Նա Լեռնավան բնակավայրում 6 հողատարածք ունի, այլ անշարժ ու շարժական գույք թեկնածուն չի հայտարարագրել։
Կուսակցության ամենաշատ եկամուտ ու դրամական միջոց հայտարարագրած թեկնածուները
Ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն Կաթնաջուրի նախկին վարչական ղեկավար Արմեն Պապոյանն է, ում աշխատանքից ազատել է համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը։ Հայտարարագրել է 10,2 մլն դրամի տարեկան եկամուտ՝ ներառյալ աշխատավարձը, վարկ, եկամտահարկի վերադարձ, տոկոսագումար, 3-րդ երեխայի խնամքի համար ստացած գումար, վարձավճար և այլն։ Երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն «Ստեկա» ՍՊԸ-ի պահեստապետ Կարեն Միրզոյանն է՝ 7,2 մլն դրամ տարեկան աշխատավարձ։ Իսկ երրորդ տեղում Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Արթուր Բունիաթյանն է՝ 7 մլն դրամ։ Նա ցուցակի երկրորդ համարն է։
.jpg)
Կուսակցության ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն նույնպես Կաթնաջուրի նախկին վարչական ղեկավար Արմեն Պապոյանն է՝ ցուցակի 4-րդ համարը։ Նա հայտարարագրել է 3.5 մլն դրամ, 800 դոլար և 20 հազար ռուբլի։ Երկրորդ տեղում է գործազուրկ Հրահատ Ավետյանը՝ 1,5 մլն դրամ։ Իսկ երրորդ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն նույնպես գործազուրկ Ռոման Ղուկասյանն է՝ 1 մլն դրամ։
.jpg)
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված է 35 թեկնածու։ Նրանցից 12-ը կին է, 23-ը՝ տղամարդ։ Թեկնածուների միջին տարիքը 37-ն է, գործազուրկ է 14 թեկնածու։ Անկուսակցական են 9-ը, մնացած 26-ը կուսակցության անդամ են։
.jpg)
Ցուցակը գլխավորում է 32-ամյա Արման Ավետիսյանը, որը ներկայումս գործազուրկ է և հայտարարագրել է 1 տարվա ընթացքում ստացած ամենաշատ եկամուտը՝ 37 մլն 116 հազար դրամ։ Այդ եկամտի մեջ են մտնում բնակարանի և ավտոմեքենայի վաճառքներից ստացած գումարները, փոխառություն, ավանդից ստացած տոկոս և աշխատավարձ՝ «Գևտանիք» ՍՊԸ-ից։ Երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղազարյանն է՝ 30.7 մլն դրամ, որը որպես շահույթ ստացել է իր ԱՁ-ից։ Նա ցուցակում 7-րդն է։ Իսկ երրորդ ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն անհատ ձեռնարկատեր Արտյոմ Գասոյանն է՝ 18.1 մլն դրամ։
.jpg)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն կրկին ցուցակը գլխավորող Արման Ավետիսյանն է՝ 32,7 մլն դրամ, 30 հազար դոլար, 750 հազար ռուբլի և 13,9 հազար եվրո։ Նրան հաջորդում է նույնպես գործազուրկ Ռուզաննա Պետրոսյանը՝ 2,3 մլն ռուբլի, 1,5 մլն դրամ։ Ռուզաննա Պետրոսյանը ցուցակի վերջին համարն է։ Իսկ երրորդ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի ղեկավար Տարոն Խաչատրյանն է՝ 1 մլն 50 հազար ռուբլի և 1,9 մլն դրամ։ Նա ցուցակում երկրորդն է։
.jpg)
Նշենք, որ նոյեմբերի 29-ին Հայաստանի 12 համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին միայն Սպիտակ համայնքում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջադրվել։
Սպիտակում ընտրապայքարն առանձնանում է լոկալ տարաձայնություններով՝ կապված գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ։ Թե որքանով տեղական այս հակադրությունը կազդի քվեարկության արդյունքների վրա, պարզ կդառնա նոյեմբերի 29-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել