HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 տարի Սևանը ղեկավարած Սարգիս Մուրադյանը կրկին ընտրապայքարում է․ ովքեր են մրցակիցները

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում նոյեմբերի 29-ին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Միասնական համայնք» կուսակցությունները և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը։

2021 թվականի ընտրությունների ժամանակ համայնքում առաջադրվել էր երեք քաղաքական ուժ՝ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը, «Հանրապետություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։ Ընտրությունների արդյունքներով՝ երեք քաղաքական ուժերն էլ մանդատ էին ստացել։ Համայնքի ղեկավար էր ընտրվել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Մուրադյանը: Այս ընտրություններին Սարգիս Մուրադյանը գլխավորում է «Վստահություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը։

Սևան համայնքի կազմում են Սևան քաղաքը և ևս 11 բնակավայր՝ Գագարին, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Ծովագյուղ, Սեմյոնովկա։ 

«Հետքն» ուսումնասիրել է սպասվող ընտրություններին առաջադրված երեք քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։

Մարզպետի օգնականից՝ ավագանու թեկնածու․ Սուրեն Գրիգորյանի հայտարարագրում եկամուտներ չկան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է 39 թեկնածու։ Նրանցից 13-ը կին է, 26-ը՝ տղամարդ։ Թեկնածուների միջին տարիքը 45-ն է, գործազուրկ է 4 թեկնածու։ Անկուսակցական է 11-ը, 28 թեկնածու էլ ՔՊ անդամ է։

Սևան.jpg (86 KB)

Կուսակցության ցուցակը գլխավորում է 35-ամյա Սուրեն Գրիգորյանը։ Նա Գեղարքունիքի մարզպետի օգնականն էր, քարոզարշավի մեկնարկից 2 օր առաջ՝ նոյեմբերի 2-ին, սեփական դիմումով ազատվել է աշխատանքից։ Հայտարարագրում Գրիգորյանը նշել է, որ չի աշխատում և եկամուտ չի ստացել։ Սակայն նա չի հայտարարագրել մարզպետի աշխատակազմում պաշտոնավարելու ընթացքում ստացած եկամուտները, որոնք պետք է ներառվեին հայտարարագրում, քանի որ թեկնածուները ներկայացնում են նախորդող 1 տարվա եկամուտներն ու ունեցվածքը։

Սուրեն Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակարան՝ Սևանում, 2 ավտոմեքենա և 5 մլն դրամ։

ՔՊ ցուցակի 2-րդ համար Գևորգ Հովհաննիսյանը,  3-րդ համար Տաթևիկ Սիմոնյանը, 5-րդ համար Յուրի Քոչարյանը դրամական միջոցներ չեն հայտարարագրել, իսկ որպես եկամուտ լրացրել են համապատասխանաբար՝ 120 հազար դրամ, 150 հազար դրամ և 450 հազար դրամ աշխատավարձեր։

Գևորգ Հովհաննիսյանն աշխատում է Սևանի ՄՀԿ-ում բռնցքամարտի մարզիչ, Տաթևիկ Սիմոնյանը՝ My Yoga Centre-ում մենեջեր, իսկ Յուրի Քոչարյանը՝ «Դերժավա»-ում վաճառքի պատասխանատու։

Ցուցակի 4-րդ համարը Սևանի էլ. ցանցի տնօրենի ժ/պ Գարիկ Թովմասյանն է։ Նա հայտարարագրել է տարեկան 3 մլն 250 հազար դրամի աշխատավարձ։ Եկամտի չափով Գարիկ Թովմասյանը ՔՊ ցուցակում առաջինն է։ Նրան հաջորդում է Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գարեգին Հովսեփյանը՝ 606 հազար դրամ։ Երրորդ ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Սևանի գրասենյակի ԳԲ համակարգի սպասարկող Նարեկ Միքայելյանն է՝ 605 հազար դրամ։

Սևան (1).jpg (135 KB)

ՔՊ ցուցակի ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն «Արարատբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղի կառավարիչ Բաղիշ Խաչատրյանն է՝ 5 մլն դրամ և 10 հազար դոլար, նրան հաջորդում է ցուցակի առաջին համար Սուրեն Գրիգորյանը՝ 5 մլն դրամ և անհատ ձեռնարկատեր Արամ Քարամյանը՝ 4 մլն դրամ։

Սևան (2).jpg (120 KB)

«Վստահություն» դաշինքի ցուցակը գլխավորում է 2016-ից Սևանը ղեկավարող համայնքապետը

«Վստահություն» կուսակցությունների դաշինքի կազմում են «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը և «Ռամկավար ազատական» կուսակցությունը։ 

Դաշինքի ցուցակում ընդգրկված է 56 թեկնածու։ Նրանցից 19-ը կին է, 37-ը՝ տղամարդ։ Թեկնածուների միջին տարիքը 43-ն է, գործազուրկ է 11 թեկնածու։ Անկուսակցական է 6-ը։ 8 թեկնածու «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության անդամ են, 30-ը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության անդամ, 2-ը՝ «Հայաստանի հանրապետական» կուսակցության անդամ, 10-ը՝ «Ռամկավար ազատական» կուսակցության անդամ։

Սևան (3).jpg (178 KB)

Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ 42-ամյա Սարգիս Մուրադյանը։ Նա Սևանի քաղաքապետ է 2016 թվականից սկսած, նախկին ՀՀԿ-ական է, այժմ անկուսակցական է։ Նախորդ ընտրություններին Սարգիս Մուրադյանը հանդես էր գալիս «Սարգիս Մուրադյան» դաշինքով։ Այդ ժամանակ ՔՊ-ն ընտրապայքարի մեջ չէր, սակայն իր աջակցությունն էր հայտնել դաշինքին։ 

Սարգիս Մուրադյանը որպես եկամուտ հայտարարագրել է տարեկան 4 մլն 89 հազար դրամ աշխատավարձ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 8 մլն դրամ և 5000 դոլար։ Նա նշել է, որ «Տոյոտա» մակնիշի մեքենա ունի՝ վարձակալությամբ վերցրած, Լճաշեն գյուղում 5 հողամաս՝ ընդհանուր համատեղ սեփականությամբ, Սևան քաղաքում գտնվող 1 հողամասի նկատմամբ ունի կառուցապատման իրավունք, ընդհանուր համատեղ սեփականությամբ ունի նաև բնակելի տուն Լճաշենում։

Դաշինքի ամենաշատ եկամուտ ստացած թեկնածուն ցուցակի 10-րդ համար, անհատ ձեռնարկատեր 32-ամյա Նվեր Սեդրակյանն է։ Նա հայտարարագրել է ավելի քան 54 մլն դրամի եկամուտ՝ ներառյալ վարկերը, ԱՁ-ից ստացած եկամուտը։ Երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն «Կարդիո Կլինիկ» սրտաբանական կլինիկայի բժիշկ-սրտաբան 33-ամյա Հրայր Քոչարյանն է՝ 18.2 մլն դրամ։ Նա, ինչպես և Նվեր Սեդրակյանը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից են։ Երրորդ ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն անհատ ձեռնարկատեր, «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության անդամ 53-ամյա Մակիչ Համբարձումյանն է՝ 11 մլն դրամ։

Սևան (4).jpg (148 KB)

Ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն դաշինքի ցուցակում 2-րդ համարն է՝ Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը՝ 50.5 մլն դրամ։ Նա հայտարարագրել է նաև ընդհանուր համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 13 հողամաս՝ Լճաշենում և մեկ շինություն՝ Սևան քաղաքում։ Երկրորդ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն «Սևան համայնքի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գարիկ Ավետիսյանն է` 23.5 մլն դրամ, 18 հազար դոլար, 220 եվրո, 3 մլն 800 հազար ռուբլի։ Երրորդ տեղում գործազուրկ Տիգրան Դավոյանն է, նա ունի 30 մլն դրամ, 500 հազար ռուբլի և 10 հազար դոլար։

Սևան (5).jpg (130 KB)

Քրեական գործով անցնող Ծովագյուղի նախկին ղեկավարը գլխավորում է «Միասնական համայնքի» ցուցակը

«Միասնական համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված է 42 թեկնածու։ Նրանցից 14-ը կին է, 28-ը՝ տղամարդ։ Թեկնածուների միջին տարիքը 39-ն է, գործազուրկ է 17 թեկնածու։ Անկուսակցական է 10-ը, 32 թեկնածու «Միասնական համայնք» կուսակցության անդամ է։

Սևան (6).jpg (180 KB)Կուսակցության ցուցակը գլխավորում է Ծովագյուղի նախկին ղեկավար, «ԲՈԲՔԵԹ» ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Գևորգյանը։ Նա քարոզարշավի ընթացքում քննադատել է ՔՊ-ին, ինչպես նաև գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանին։ Վահրամ Գևորգյանը անցնում է քրեական գործով, նա մեղադրվում է 6 հողամաս ապօրինի օտարելու մեջ, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս։ Գործն այժմ դատարանում է։

Վահրամ Գևորգյանը հայտարարագրել է 174 հազար 750 դրամ աշխատավարձ՝ «ԲՈԲՔԵԹ» ՍՊԸ-ից։ Նա հայտարարագրել է 700 մլն դրամ՝ որպես փոխառություն, ինչպես նաև 17 հողամաս Ծովագյուղում, որոնցից 10-ի համատեղ սեփականանատերն է, 7-ի՝ միանձնյա սեփականատերը։ Հողամասերի մի մասը Ծովագյուղում է, մյուս մասը՝ Ծաղկունքում։ Վահրամ Գևորգյանը հայտարարագրել է նաև արտադրական նշանակության շինություն Ծովագյուղում և մեկ բնակարան։ Ունի երկու մեքենա՝ բեռնատար «ZIL130» և մարդատար «LEXUS GX 470։

Կուսակցության ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն «Դ և Ս քոնսթրաքշըն» ընկերության բետոնագործ Արտակ Գալստյանն է՝ 24 մլն դրամ։ Նրան հաջորդում է «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ի ինժեներ Կարապետ Խաչատրյանը՝ 11 մլն 968 հազար դրամ։ Իսկ երրորդ ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուն ցուցակի 5-րդ համար Կոլյա Մակարյանն է՝ 9 մլն 657 հազար դրամ։ Նա նշել է, որ այժմ չի աշխատում։ Եկամտի տեսակ բաժնում այդ գումարը լրացրել է որպես տարվա ընթացքում ստացած աշխատավարձ՝ «Հաղթանակ շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Սևան (7).jpg (153 KB)

Թեկնածուներից ամենաշատ դրամական միջոցն ունի առաջին համարը՝ Վահրամ Գևորգյանը՝ 700 մլն դրամ (փոխառություն), նրան հաջորդում է «Մել Լեվ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Թովմասյանը՝ 98 մլն 714 հազար դրամ, երրորդ տեղում է Լևոն Բաղդասարյանը, ով չի աշխատում։ Նա հայտարարագրել է 18 մլն դրամ, 86 հազար դոլար և 1 մլն 850 հազար ռուբլի։ Լևոն Բաղդասարյանն անկուսակցական է, համատեղ սեփականությամբ ունի 11 հողամաս Չկալովկա գյուղում և մեկ տուն՝ 205 քառակուսի մետր տարածքով։ Ունի նաև երկու մեքենա՝ մարդատար «Nissan Sani» և բեռնատար «ԳԱԶ-5204» մակնիշի։

Սևան (8).jpg (132 KB)

Սևանում ընտրապայքարի հիմնական դեմքերն են 10 տարի համայնքը ղեկավարած Սարգիս Մուրադյանը, ՔՊ-ի թեկնածու, Գեղարքունիքի մարզպետի նախկին օգնական Սուրեն Գրիգորյանը և Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանը։ Նոյեմբերի 29-ին բնակիչները կընտրեն նոր ավագանուն, որն էլ կորոշի համայնքի ղեկավարին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter