HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նեթանյահուն Այզենկոտին առաջարկել է հաջորդաբար զբաղեցնել Իսրայելի վարչապետի պաշտոնը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդարանական ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին առաջարկել է հաջորդաբար զբաղեցնել այդ երկրի վարչապետի պաշտոնը։

Նեթանյահուն իր հայտարարության մեջ նշել է, որ ընտրությունների արդյունքներով, հերթափոխի սկզբունքով, ինքը պետք է գլխավորեր կառավարությունը կամ առաջինը զբաղեցներ վարչապետի պաշտոնը։ Սակայն, հաշվի առնելով «գոյաբանական սպառնալիքի ողջ լրջությունը», նա պատրաստ է հրաժարվել այդ պահանջից և համաձայնել, որ ազգային միասնության կառավարությունում վարչապետի պաշտոնն առաջինը զբաղեցնի Այզենկոտը։

Նեթանյահուն հույս է հայտնել, որ իր զիջումից հետո կողմերն անհապաղ կսկսեն բանակցությունները, որոնց ընթացքում մյուս կողմը ևս պատրաստակամություն կդրսևորի փոխզիջումների գնալու հարցում։

Նոյեմբերի 8-ին՝ խորհրդարանական ընտրություններից 12 օր անց, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարության ձևավորումը հանձնարարել էր Գադի Այզենկոտին։ Դրա համար նրան տրվել է 28 օր՝ ժամկետը ևս երկու շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ։

Ի պատասխան Նեթանյահուի հայտարարության՝ Այզենկոտը նշել է, որ առանցքային հարցերի վերաբերյալ իր առաջարկներին այդպես էլ չի ստացել գործող վարչապետի պատասխանը։ Այդուհանդերձ, «եթե Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունն իսկապես պատրաստ է ազգային միասնության կառավարության ձևավորմանը», Այզենկոտը պատրաստ է առաջիկա 24 ժամվա ընթացքում գնահատել նրա մտադրությունների լրջությունը։

Այզենկոտի և Նեթանյահուի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 29-ին՝ Թել Ավիվի «Կիրիա» կառավարական համալիրում, որտեղ տեղակայված է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։ Հանդիպումը կմեկնարկի անվտանգության հարցերի քննարկմամբ։

Իսրայելական Ynet պարբերականի տվյալներով՝ ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում Նեթանյահուն կառաջադրի պայման, համաձայն որի՝ Այզենկոտը վարչապետի պաշտոնը կզբաղեցնի միայն այն բանից հետո, երբ Նեթանյահուն ավարտի անվտանգության ոլորտում նախատեսվող «զգայուն գործողությունը»։ Այզենկոտի կուսակցությունում կտրականապես դեմ են այդ պայմանին։

Հոկտեմբերի վերջին Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրություններում առավելագույն թվով ձայներ էր ստացել Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը։ Երկրորդ տեղում էր Այզենկոտի «Յաշար» կուսակցության գլխավորած ընդդիմադիր դաշինքը։ Սակայն քաղաքական ուժերից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ կառավարության ձևավորման համար անհրաժեշտ առնվազն 61 պատգամավորական մանդատ։

Քնեսեթ անցած քաղաքական ուժերի միջև առկա սկզբունքային տարաձայնությունները դժվարացնում են կոալիցիոն կառավարության ձևավորումը։

Կոլաժը՝ The Times of Israel-ից/ձախում Գադի Այզենկոտը, աջում՝ Բենիամին Նեթանյահուն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter