Սևանի 20/08 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները վերարկուներով են աշխատում
Սևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղակայված 20/08 ընտրատեղամասում ցուրտ է։ Ընտրատեղամասի համար հատկացված տարածքը դպրոցի միջանցքն է, որտեղ հանձնաժողովի անդամները ստիպված են աշխատել վերարկուներով։
Հանձնաժողովի անդամներն իրենց միջոցներով տաքացուցիչներ են բերել, սակայն դա չի լուծել խնդիրը․ ընտրատեղամասում, միևնույն է, ցուրտ է։
Ընտրատեղամասի նախագահ Լիանա Ներսիսյանի փոխանցմամբ՝ իրենք դիմել են ընտրատեղամասը մեկ այլ սենյակ տեղափոխելու խնդրանքով, սակայն մերժում են ստացել։ Պատճառաբանությունն այն է եղել, որ նախորդ ընտրությունների ժամանակ տեսախցիկը տեղադրվել է եղել հենց միջանցքում։
Քվեարկությունը, նախագահի խոսքով, ակտիվ է։ Նա պարբերաբար հորդորում է ընտրողներին չկուտակվել ընտրատեղամասում։
20/08 ընտրատեղամասում գրանցված է 1561 ընտրող։ Ժամը 12։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 370-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սևան համայնքում անցկացվում են ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Սուրեն Գրիգորյանը, «Միասնական համայնք»-ինը՝ Վահրամ Գևորգյանը, իսկ «Վստահություն» դաշինքինը՝ Սարգիս Մուրադյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել