HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյան

Սպասում

Աղաբեկ տացուիս գյուղի ակումբում դատում էին, իսկ հայրս ամոթից չգիտեր որտեղ թաքնվեր:

Երբ փոստատարը եկավ մեր տուն և ասաց. «Աբլականտերը կանչում են», Աղաբեկ տացուս դեռ ձուն էր կլպում ու չէր վերջացրել նախաճաշը: Նրանք փոստատարի հետ տանու ցորենի օղիով «բարի լույս» արին, ու մենք դուրս եկանք: Գյուղացիք աթոռներով, իշոտնուկներով, ով տանը ինչ նստելու հարմարանք ուներ` գցած ուսերին, շտապում էին ակումբ: Գյուղի վրա տարածվել էր վառված լաթերի մրմռացնող սուր խանձրահոտը: Աղաբեկ տացուս ասաց. «Վրացոնց տղոցկան կանայք էսօր երեխա կունենան…»: Նա առջևից էր գնում: Ես ու փոստատարը տեսնում էինք նրա երկար հասակի կծկվածությունը` զույգ հենակների վրա: Դատն արդեն վաղուց սկսվել էր` ուշացածները դեռ գալիս ու գալիս էին: Դատավորը հայտարարեց, որ նոր, լրացուցիչ փաստաթղթեր են ստացվել: Մեզ` ինձ ու Աղաբեկ տացուիս չէ, դահլիճին հարցրեց. «Վառվածի հոտ եմ առնում, չլինի՞ բան է վառվում»: Հարցումից ուրախացած դահլիճը դատավորին պատմեց, որ «վրացիների կանայք, երբ երեխա են ունենում, չարին նրանից քշելու համար չուլ են վառում»: Դահլիճը ուրախացել էր անտեղյակ դատավորին բացատրելուց: Աղաբեկ տացուս նայեց դռանը` հայրս չէր գալիս: Ես էլ էի ուզում, որ հայրս գար: Դատավորն ասաց. «Ուրեմն այսպես… մեղադրյալը գյուղում հայտարարել էր, թե ոտքը կորցրել է Ստալինգրադի պաշտպանության համար, մի ուրիշ անգամ, թե Մոսկվայի պաշտպանության ժամանակ, թե գերմանացին կողքանց ավտոմատի համազարկ է տվել ոտքին, որ ինքը հերոս է… Ուրեմն այսպես, մեր հարցումին և մեր գործին նոր լույս  սփռող փաստաթղթերը ասում են. Բեռլինի այսինչ հոսպիտալի բակում թաղված է մեղադրյալի ոտքը և գիտե՞ք ինչու. սապոգն է հարել ոտքը…»:

Դահլիճը ծիծաղում էր… Դատավորը մեզ` ինձ ու Աղաբեկ տացուիս չէ, դահլիճին դիմեց. «Էս ինչ սուր է գալիս վառվածի հոտը, ծխողները թող մի քիչ քիչ ծխեն. իրար չվառեք…»:

Մենք երկուսով նայեցինք դռանը, ուզում էինք, որ հայրս գար:

Աղաբեկ տացուս մեր գյուղից քայլելով հասել էր Բեռլին, ոտքը թողել էր այնտեղ: Մի ոտքով եկել էր գյուղ ու հայտարարել, թե` հերոս եմ:

Դահլիճը ծիծաղում էր…

Եկել էր տուն ու հորս էլ էր այդպես ասել: Ասել էր. «Մորդ չկարողացաք պահել մինչև գայի: Պիտի ամուսնանամ, ես մի ոտքով կնկանդ հույսին մնացողը չեմ»: Այս առիթով նրանք հաճախ էին վիճում: Հայրս ասում էր . «Այդ տարիքի՞դ. հարս ունես, թոռ ունես, գյուղում խայտառակ կլինենք»: Եվ լրացուցիչ ավելացնում էր, որ տնտեսությունը երկու մասի բաժանելը սխալ քայլ կլինի:

Աղաբեկ տացուիս, գարնան գլուխ, դնում էին կոլտնտեսության Կայծակ անունով իշու վրա, և Կայծակ էշը` ոտքերի տակից փախչող մանր քարերից հետույքին-հետույքին նստոտելով, պլոկտելով գավակը, երկու ժամ հետո նրան հասցնում էր ձորի խորքը` գյուղի ջրաղացը:

Նա բոստանն էր ցանում, ջրաղացն էր աշխատեցնում, գյուղի աղունն էր աղում, շրջակա գյուղերից` կորկոտը ծեծելու բերած կանանց հետ ջրաղացի կտուրին աճած խոտերի ու փշերի մեջ էր պառկում մինչև աշուն, ու նորից Կայծակ էշը նրան` անթացուպերը սեղմած թևերի տակ, ծնկելով-ծնկելով` պլոկտելով ծնկներն ու կուրծքը, վերև` գյուղ էր բերում:

Դատավորն ինձ հարցրեց. «Վկա, պիոնե՞ր ես»: «Այո»,- ասի: «Գիտե՞ս, որ սուտ ցուցմունք տալ չի կարելի»: Ասի. «Դասղեկը ասել է, դպրոցի դիրեկտորն ասաց, եթե խաբեմ, ինձ դպրոցից դուրս կհանեն»: Դահլիճը շունչը պահած սպասում էր… Մենք էլ` ես ու Աղաբեկ տացուս էլ էինք սպասում, որ հայրս կգա…

Դատավորն ասաց. «Պատմիր` ինչպես որ պատահել է»: «… Աղաբեկ տացուիս ջրաղացը հաց էի տարել: Դռանը խաղում էի: Շոգ էր: Հետո աղացքարի լծակի վրա կախված նալիկների ձայնը կտրվեց:Չխկանը լռեց: Ջրաղացաքարը կանգնեց: Ստվերը եկավ»: Աղաբեկ տացուս ասաց. «Երևի վայրի խոզերը դարձյալ գետի հունը բացին, գնանք նայենք…»:

Դատավորը` «Բա ինչո՞ւ քեզ հետը տարավ»: Ասի. «Ջրաղացում չեմ կարողանում միայնակ մնալ, վախենում եմ ջրհորդանի, ջրաղացի տակ ապրող սատանաներից…»: Դահլիճը ծիծաղում էր… Ես ուզում էի, որ հայրս գար, Աղաբեկ տացուս, գլուխը կախ, ծխում էր, դահլիճն էլ էր ծխում, ես գիտեի, որ քթիս կպնող դառը ծուխը Աղաբեկ տացուիս ծուխն է, ու նա էլ է ուզում, որ հայրս գա: Ասի. «Մենք շատ էինք բարձրացել վերև»: Աղաբեկ տացուիս ասի. «Ջորին»: Նա ասաց. «Քարերի մեջ մարդ է ընկած»: Քարերի մեջ ընկած մարդը խռխռացնում էր, ջորին հեռվում, երեք ոտքերի վրա կանգնած, պոչն էր թափ տալիս, քարերի մեջ խուրջին էր ընկած, մեջը լիքը փող: Աղաբեկ տացուս ասաց. «Ջորին խրտնել է` գցել ցած»: Ջորու աչքերը խոշոր էին, սև: Ես վախենում էի, ասաց. «Մի վախենա»: Նստեց քարին…

Մարդը խռխռացնում էր, արյունը լցվում էր աչքերի մեջ, արյունոտ աչքերը բացեց, նա երևում էր ջորու աչքերի մեջ, գետի մեջ: Գետը գնում էր, նրան չէր տանում, ջորին սև աչքերը փախում, բացում էր` նա կար: Բերանից էլ արյուն էր գալիս, ասաց. «Ղաարդաաշ եսս օգնեեես…»: «Տացու»,- ասի,- «վախենում եմ»: Ասավ. «Մի վախենա, թուրք է: Առավոտյան տեսա՞ր, ոչխարի հոտը տանում էին Ախցխու կողմերը ծախելու…»: Մարդը մանր քարերից էր կառչում, քարերը ձեռքի հետ գնում էին, նա չէր կարողանում կանգնել, խճի ու գլաքարերի մեջ ընկած`  ջղաձգվում էր, ջորու սև աչքերի, գետի հայելու մեջ ծալծլվում, չէր կարողանում կանգնել:

Տացուս ասաց. «Սպասենք»: Ես ասի. «Գնանք, շոգ է»: Նա` թե. «Դա հեշտ է, մի վախենա, ես էնտեղ շատ մահ եմ տեսել: Տեսնո՞ւմ ես էն գորտին, չի վախենում: Մի տես գորտին, գետակից դուրս է եկել, քարին նստած` մեզ է նայում, այ դու սատկես… Վախենալու բան չկա, պիտի կարողանանք սպասել…»:

Դատավորը, թե` «Բա ինչո՞ւ չէիր լացում»: Ասի. «Լացում էի»: Դատավորը թե. «Բա նա»,- մատով ցույց տվեց Աղաբեկ տացուիս: Ասի. «Գրպանից պնդուկ հանեց,- ասաց,- գնա մի կողմի վրա, կեր»: Բերանս չկարողացա բացել, ատամներս կպել էին իրար,- ասի. «Առ պնդուկներդ, գնանք»: Ասավ. «Մի վախենա, էդ տեսակ վերքով շատ չի քաշի, մինչև գորտը էն քարից թռնի ջուրը… գիտեմ, ես էնտեղ  էնքան մահ եմ տեսել, ուզո՞ւմ ես պատմեմ, թե ոտքս ոնց եմ կտրել»: Ես լացեցի, նա թե` «Ուզում ես, գնա էն քարերի մեջ օձ բռնի, չեմ նեղանա»: Ասի. «Չեմ ուզում, գնանք…»: Ասավ. «Հիմար, փող կունենանք, ինչ մեծ բան է, որ չես սպասում գորտը քարից ջուրը թռնի, նոր տուն կշինենք, հորիցդ էլ չեմ բաժանվի, չեմ ամուսնանա, տան գլուխ կլինեմ, հայրդ խորհուրդ կհարցնի: Մայրդ, ձեռները կոնքերին` չի գոռա հորդ երեսին. «Աման, էլ չեմ կարող պահել էդ միոտանի քյավթառ գոռսուզին»: Մենք էլ սպիտակ հաց կթխենք, հարևանները մեր հետ էլ դրկիցություն կանեն, պարտքով հաց կտանեն-բերեն, էլ չեն զզվի փնթի, կոկրոտ մորիցդ, գյուղում մենք էլ մարդահաշիվ կլինենք, մեզ էլ հարսանիք կկանչեն, դու էլ մյուս տղաների հետ հարսի սինուց մոմփազ կթռցնես, հայրդ շաբաշ կտա` կպարի, բրիգադիր Պանտելը կվախենա, չի կտրի աղոթած էշ հորդ աշխօրերը, նրան չեն վախեցնի, ձմռան ցրտին չեն ուղարկի յայլաներում մնացած խոտը բերելու, նա էլ, ցրտից ամիսներով մեզկապ, անկողին չի ընկնի, խոտքաղին ճահիճները չեն քշի, մալարիայով ու դողէրոցքով անկողին ընկած կուրծքը չի ճղի, թե` կրակը հոս է, մարեք, սպիտակ վերնաշապիկ որ ունենա, դեպուտատ կընտրեն, ինձ էլ, հրամայելով, չեն նստեցնի Կայծակ էշի մեջքին, որ ամբողջ երկու ժամ, գեմարոս տրորելով, իջնեմ ձորը, ձմռան կողմերը ինձ չեն թողնի` մոռանան ամայի ձորումը, որ ես էլ կատաղած սկսեմ խմել ու խմել, խմելը կթողնեմ, ժամանակ շատ կլինի, մեր նորաշեն տան դռանը նստած` քո համար շվիկ կշինեմ, հեքիաթ կպատմեմ, կպատմեմ, թե ոտքս ոնց եմ կտրել… Անձրև գիշերներին ցրտից դողալով, տաշտը ձեռքիդ, թալկացած աչքերով չես նստի անկողնուդ մեջ, էն Սեթո ախպերդ մի րոպեում հավի ձագի պես ափ ու խուփ չէր լինի… Հայրդ, ծկլթալով, չէր վազի տան շուրջը, թե` այ ժողովուրդ, հասեք կլոր բերան Սեթոյիս` չգնա… այ ժողովուրդն էլ իբրև չի լսում, որ հանկարծ հայրդ պարտքով փող չուզի… Ո՞վ է հիմա մրսածությունից այս տաք աշխարհից գնում… Հայրդ տան շուրջբոլորը չէր ծկլթա, թիֆլիսներում ու էրևաններում ոտքով պրոֆեսորների դռները կջարդեր… Ասում են` լենինգրադներում այնպիսի ոտք են դնում, ինչպես սեփականը. ոտքս դնել կտամ, թիզուկես խեղճուկրակ հորդ գյուղամիջում անցնողն էլ գլխին չի բամփի, չի ծեծի, սիրտս չի մղկտա, կհասնեմ` արսուփարս կանեմ, հորդ թիկունք կլինեմ, ախպեր կլինեմ: Քեզ մեքենա կառնենք, Վալոդի փնթի, անծոտ աղջիկներին կհայթակղեցնես, կտանես մանտալու, ուզես մեքենադ կկանգնեցնես, նրանց հետ թփերի մեջ կմտնես: Ես գիտեմ, աշխարհում շատ բան եմ տեսել, հավատա, էդ տեսակ վերքով երկար չի քաշի… գորտի թռնելը ինչ է, որ չես սպասում` գորտը քարից ջուրը թռնի»: Ասավ. «Թուրքը Սոնա մորս իմ աչքի առաջ բռնաբարեց, մատըմ երեխա էի, քո չափ… Քարը որ պաղավ, գորտը երկար չի նստի…»:

Շոգ էր: Օրը գնում էր: Քարը պաղում էր: Գորտը էլի նստած էր: Մարդը կծկվում, տնքում էր ջորու սև աչքերի մեջ, արյունոտ քարերի մեջ: Գետը գնում էր, օրը գնում էր, ջորին սև աչքերը փակում-բացում էր… մարդը չէր գնում… Մենք սպասում էինք, որ գորտը քարից ջուրը թռնի, չէր թռնում, նստած թուքն էր կուլ տալիս: Ասի. «Գնանք, տացու…»: Ասավ. «Մի վախենա, ուզո՞ւմ ես պատմեմ` ոտքս ոնց են կտրել: Դու լսե՞լ ես հերոսի ոտքը ոնց են կտրում… Կամ ուզո՞ւմ ես, գնա ջորին նստի, չեմ թակի…»: Ասի. «Ջորին նրանն է, չեմ ուզում…»:

Դատավորը թե` «Բա դու ինչո՞ւ չգնացիր, թող դու գնայիր…»: Ասի. «Գորտին էի սպասում, տացուս ասաց, որ գորտը թուքը կուլ կտա, կպրծնի ու էլ երկար չի մնա ջրից դուրս… համ էլ ջրաղացում կվախենայի սատանաներից…»:

Դահլիճը ծիծաղում էր…

Մենք` ես ու տացուս, նայեցինք դռանը` ուզում էինք, որ հայրս գար…

Դատավորն ասաց. «Խանձահոտ է գալիս, իրար չվառեք…»: Դահլիճն աաց. «Տղոցկան կանանցից չար ոգին քշելու համար վրացիք չուլ են վառել»:

Դատավորն ասաց. «Թող թողնեիր, գյուղ գնայիր…»: Ասի. «Գորտը չէր թռնում, իսկ նա վախենում էր»: «Ո՞վ»,- հարցրեց դատավորը: Ասի. «Տացուս, անընդհատ ծխում էր: Հետո, երբ օրը գնաց, շոգն անցավ, գետը գնաց, ջորու աչքերն էլ չէին երևում, մութը ընկավ, մարդն անշարժացավ` բաց աչքերով կուչ եկած քարերի մեջ, ցուրտը եկավ, տացուս սրթսրթաց, գորտը թռավ ջուրը, քարերի մեջ մուկը ճստճստաց, տացուիս մազերը ճերմակեցին…»:

Դահլիճը հռհռում էր, տացուս ծխում էր, դատավորը ծիծաղում էր, ասաց. «Հետո՞»: «Հետո էլ Տացուս, թե` տեսա՞ր, ինչ հեշտ էր, գորտը թռել է»: Մենք խուրջինը վերցրինք, ասաց. «Ոչ մի բանից չվախենաս, չհիշես, կյանքումդ էլ չմտաբերես, որ ապրելը հեշտ լինի, դիմացի, որ հասնենք ջրաղաց, քեզ կպատմեմ, թե ինչպես են ոտքս կտրել…»: Մի ոտքի վրա կանգնած` միզում էր ծառին, կոշիկներին, շալվարին, հենակներին…

Տացուս նայեց աչքերիս, դահլիճում ծուխը շատ էր, նրա ծխախոտի դառը ծուխը հասավ քթիս, հետո նայեցինք ակումբի դռանը, մենք ուզում էինք, որ հայրս գար…                                    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter