
Դոն Կիխոտը, Չելլինին եւ Սեմ Զումյանը
«Ես քարոզի չափ սիրում եմ տղամարդու եւ կնոջ հարաբերությունները, փառաբանելու չափ գովերգում եմ այդ թեման եւ չեմ ամաչում «էրոտիկ արվեստ» արտահայտությունը լսելիս»:
Սեմ Զումյանը (Սամվել Համբարձումյանը) արդեն 11 տարի ապրում եւ ստեղծագործում է Միացյալ Նահանգներում: Նրա մասին ամենատարբեր պատմությունները եւ երկարատեւ լռությունը հանգեցրին այս զրույցին, որը փոքր-ինչ կրճատումներով ներկայացնում եմ արվեստասեր ընթերցողներին:
Կխնդրեի նախ նշել Հայաստանից գնալու պատճառները:
Ստացա այն վիզան, որի համար դիմում են արվեստագետները կամ գիտության մարդիկ, եւ տվյալ երկիրը, հարմար գտնելով, հրավիրում է:
Ես ընդամենը խաղի ձեւով փորձեցի դեռ 1999 թվականին... 2001թ. հրավիրեցին Նահանգներ: Ընտանիքով երկար ժամանակ ծանր ու թեթեւ արեցինք եւ եկանք Նահանգներ` ամեն բան պահպանելով Երեւանում:
Այսինքն՝ երկրից մեկնելը պատահականությա՞ն սկզբունքով էր պայմանավորված:
Ավելի ճիշտ կլինի ասել՝ ռիսկային գործողություն էր եւ փորձություն... Ապրելու նոր ձեւ:
Այդպիսի կենսաձեւը հաճախ անդրադառնում է արվեստի վրա...
Ինչ խոսք... Անդրադարձը թարմության առումով շատ տեսանելի է: Այստեղ ստեղծված աշխատանքերիս մեծ մասը հավանության են արժանացել: Ցավոք, չի կարելի ասել, որ ռեալիզացման հարցն այստեղ ավելի հեշտ է, բայց կան մասնագետներ, ովքեր զբաղվում են դրանով, որոնց էլ իր հերթին օգնում կամ խանգարում է տվյալ երկրի տնտեսական վիճակը:
Վերադառնալով Ձեզ եւ Ձեր ստեղծածին. Սամվել Համբարձումյան` արվեստագետ, ով ստեղծագործում էր հայրենիքում, հետո տեղափոխվեց Նահանգներ` դառնալով Սեմ Զումյան...
Շատ լուրջ ճանապարհ եմ անցել` դատելով իմ` շփոթեցնելու աստիճան տարբեր նյութերից, ցուցահանդեսներում ունեցած արձագանքներից: Թանգարաներն ու մասնավոր կոլեկցիոներները միշտ այս առիթներին Համբարձումյան ազգանունը ճիշտ չեն արտաբերել կամ գրել: Նահանգներում շատ էին համոզում, որ ազգանունս փոխեմ, չէի համաձայնվում... «Մուրադյան» ցուցասրահի հիմնադիր Գրիգոր Մուրադյանը, որն իր հավաքածուում ընդգրկեց վերջին երկու տարիների ստեղծած մի շարք ստեղծագործություններ, վերջիններս «La Art show»-ին ցուցադրելուց առաջ կարողացավ նաեւ համոզել՝ այսուհետեւ ներկայանալ Սեմ Զումյան անունով:
Վերջին տարիներին, սակայն, հարցազրույցներ կամ մեկնաբանություններ չեք տալիս ստեղծագործությունների վերաբերյալ, դրան զուգահեռ շատ եք ստեղծագործում: Լռությունը պայմանավորված է դրանո՞վ:
Ես մեկն եմ այն արվեստագետներից, որոնց լռության տակ թաքնված է նրանց ստեղծագործելու ընթացքը, ովքեր ժամանակ առ ժամանակ լռում են. տպավորություն է ստեղծվում, թե հեռացել են կերպարվեստի ասպարեզից, ապա անսպասելի հայտնվում թվացյալ լռությունից` նոր ու հետաքրքիր ստեղծագործական հնարքներով (մեդիաներով) ու անսպասելի թեմատիկ նկարաշարքերով ներկայանալու համար:
Բայց լռությունից հետո պոռթկումներն այնքան հախուռն կարող են լինել, որ ասելիքն այլ կերպ արդեն տեղ հասնի... Ինֆորմացիան վերափոխվի:
Լռությունը, որպես հասկացողություն, տարբեր առումներով ինձ շատ է հարազատ: Այն իր մեջ մեծ խորհուրդ ունի, մեկ այլ իմաստով` այն հակակշիռն է աղմուկի, որը նույնքան կարեւոր հատկանիշ է իմ արվեստում, երբ դինամիկ շարժումների մեջ անհանգիստ երեւույթներ են տեղի ունենում:
Ներքին լռությունն այլ բան է. այն ամեն րոպե կարող է վերափոխվել հրաբխի կամ խելագար լավայի: Կերպարվեստագետը ստեղծագործելիս հիմնականում մենակ է, ուստի մշտապես զրուցում է լռության մեջ ինքն իր հետ, ինչ էլ ստեղծելիս լինի, հիմնականում պատմում է իր կամ իրեն հուզող հարցերի մասին:
Որո՞նք են Ձեզ հուզող հարցերը:
Իմ դեպքում մշտապես բանալին գտնելու խնդիրն է դրված, որը յուրահատուկ պայմանական իր է եւ դարպասի հետեւում թաքցրած ունի թեման. ենթադրենք սիրո, կյանքի ու անվերջության մասին պատմող մարդկային տարբեր զգացողությունների: Եվ ինձ հարկավոր է լինում գտնելու ամենաանհեթեթ ճանապարհն այդքան լուրջ թեմաները վերլուծելու համար:
Շատ հաճախ մի թեմայի վերլուծությունը Ձեզ մոտ մեկ կտավով չի ավարտվում, սակայն, երբ առանձին դիտում ենք շարքի յուրաքանչյուր նկարը, կարող ենք ենթադրություններ անել:
Ես էլ եմ հաճախ այդպես մտածում: Օրինակ՝ սիրո շարքի նկարները թե գրաֆիկայում,թե կտավներում մեկը մյուսի հետ առնչություն չունեն: Գրաֆիկական մի շարք ստեղծագործություններ մտքով կապված են, սակայն նույն հաջողությամբ կարող են իրարից անկախ ցուցադրվել:
Երբ ուսումնասիրում էի Ձեր աշխատանքները, հետաքրքիր բան նկատեցի. այն սակավաթիվ նկարիչներից եք, ով այդքան շատ ինքնադիմանկար է արել: Գուցե թե հիմա կարծիքս սուբյեկտիվ հնչի, բայց բոլոր ինքնադիմանկարնեում Դոն Կիխոտի ոգին նկատեցի:
![]() |
![]() |
![]() |
Ավելի վաղ շատ էի սիրում հիանալ հայտնի նկարիչների դիմանկարներով: Երբ Նահանգներ տեղափոխվեցի, համեստությունս կորցրի ու սկսեցի փորձել: Մանավանդ, որ գրականության մեջ էլ մշտապես նախընտրել եմ ինքնակենսագրություններ կարդալ. այստեղ էլ գրողներն են իրենց կերտում` առավել հրաշալի, քան դա կարող է արված լինել ցանկացած լուսանկարում:
Ինչ վերաբերում է Դոն Կիխոտին… Երբեմն, երբ, մեծ հաշվով, անհեթեթ մի բան եմ դուրս տալիս, կամ փիլիսոփայում անիմաստ միջավայրում, արդարանում եմ իմ սիրելի հերոսի ասպետական արարքը մատնացույց անելով: Նույնչափ սիրում եմ Բենվենուտո Չելլինիին: Սա իր կենսագրությամբ մրցում է Դոն Կիխոտի հետ: Իմ տեսակը բարի է` երեւակայող ասպետի նման, իսկ դիմանկարներս տարբեր վիճակների արտահայտություններ են` հիմնականում մտորելու պահեր:
Բայց Չելլինին ինքնակենսագրականի մեջ ոչ մի հայտնություն չարեց. ուղղակի գրեց այնպես, ինչպես իր կյանքն է, արկածները: Չնայած ամենն արեց ամենայն անկեղծությամբ: Ստացվում է՝ այս պարագայում անկեղծությունն առաջին պլան մղվեց. արվեստի մեջ դա՞ է կարեւորը:
Այո, բայց գրեց սարկազմիկ, ստեղծագործաբար, անհամեստ ու որսորդի նման ուռճացրած: Որպես դիմանկար` առավել հաջող ինքն իրեն կերտեց, քան կենսագիրներն ու ինքնաքանդակները:
Կարծում եմ`ծաղրը ողջ մարդկությանն էր ուղղված:
Մեծ անունները միշտ էլ իրենց ժամանակների սոցիումի արտահայտողներն են:
Եթե հետեւենք նրան, որ բոլոր արվեստագետներն իրենց իսկ միջավայրի, սոցիումի արտահայտողներն են, ապա ինչպե՞ս են ստեղծվում համաշխարհային գործերը:
Մեր կողքին ապրող բացառիկ մեծություններն անգամ իրենց արվեստի ուժով ակամայից մեզ տանում են իրենց ժամանակների աշխարհը: Օրինակ՝ Շառլ Ազնավուրը. դարասկզբի կերպարվեստը եւ երաժշտությունը ասոցացվում է նույն ժամանակի կենցաղին:
Եթե այդպես է, ուրեմն մեր օրերում էլ կան ասպետներ, որոնք սոցիումի մեջ շարունակում են երեւակայական գեղեցկուհու համար կռիվ տալ:
Այս պահին հաստատ թերթում եք նկարներս...
Ոչ:
Ինչու եմ ասում, որովհետեւ ես քարոզի չափ սիրում եմ տղամարդու եւ կնոջ հարաբերությունները, փառաբանելու չափ գովերգում եմ այդ թեման եւ չեմ ամաչում «էրոտիկ արվեստ» արտահայտությունը լսելիս:
Արվեստն ամեն կերպ էլ ինտիմ մաս ունի. այն մինչեւ վերջ չի բացահայտվում եւ գրգռում է մարդու ուշադրությունը:
Վերը նշածիս իմաստն այն է, թե ինչպես գտնել «ինտիմ» թեման կերպարվեստում ներկայացնելու բանալին. հաճախ այդ թեման ինձ ծառայել է լրջագույն թեմաներից թեթեւություն առնելու, թարմանալու միջոց: Հետո հասկացել եմ, որ կանայք եւ սիրո թեման իմ արվեստի մի մասն են: Նրանց միջոցով փորձել եմ խոսել մարդկանց հետ՝ առանց պատասխաններ լսելու: Իսկ ոմանք անթաքույց խոստովանել են, որ այս հոգեվիճակները հենց իրենցն են:
Այս պահին ի՞նչ նոր միտք է պտտվում Սեմ Զումյանի ուղեղում:
Նա փորձում է վաղը շարունակել գործերը` ժողովված մտքերով մտնելով անկողին, բայց լուսաբացին բոլորովին նոր մտքերով է արթնանալու: Դրա համար հաճախ ամբողջ գիշերն աշխատում եմ, որ հետաքրքիր միտքս ավարտին հասցնեմ:
Այնուամենայնիվ. Դոն Կիխոտի պես...
Այո, մի քիչ էլ Դոն Կիխոտի պես:
Հ.Գ. Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործությանը եւ Բենվենուտո Չելլինիի ինքնակենսագրականին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել