
«Ես իմ երկրի մի բուռ հողը չեմ փոխի ողջ Լաս Վեգասի հետ»
Հարցազրույց ամերիկաբնակ լրագրող Ասյա Ասատրյանի հետ:
-Տիկին Ասյա, վերջին ժամանակներս հայրենիք-սփյուռք հարաբերություններում ինչ-որ սառնություն է նկատվում, ինչո՞վ կբացատրեք սա:
-Այսօր սփյուռքահայի համար ամենացավոտ կողմը հայրենիքն է, որին մենք պահում ենք, սիրում եւ ուզում ենք, որ ճիշտ հարաբերությունների նորմերը պահպանեն Հայաստանում:
Հայրենիքը մերն է, եւ մենք նաեւ հայրենիքի հենարանն ենք, մենք պետք է կարողանանք սփյուռքահայերի հետ ճիշտ վարվել, հատկապես ներդրողների հետ, որ նրանք հայրենիքում իրենց զգան պաշտպանված: Կարծում եմ՝ երկիրը ճանաչում են օրենքով: Այս իմաստով ես շատ կցանկանայի՝ հատկապես դատական համակարգը անաչառ լիներ, որ մենք՝ սփյուռքահայերս, մեզ անպաշտպան չզգանք մեր երկրում եւ կամ հիասթափություն զգանք: Ես շատ սիրում եմ իմ հայրենիքը, բայց եթե մարդկանց եմ տեսնում, ովքեր ապրում են տաք վերարկուների ու տաք ազգանունների տակ, ուզում եմ, որ օրենք լինի ռեալ՝ այդ ամենը հօդս ցնդեցնելու համար:
-Փաստորեն ամեն դեպքում որոշ խնդրներ տեսնում եք, որոնք խոչընդոտում են հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման համար:
-Չեմ կարծում՝ միայն ես եմ տեսնում, բոլորն էլ տեսնում են դրանք, բայց կարծում եմ՝ ժամանակը պետք է լուծի խնդիրները: Այսքանով հանդերձ, ուզում եմ հավատալ մեր արդարադատությանը, մեր հայրենիքին:
-Տրամադրությունների մասին: Կան նույնիսկ պաշտոնական տվյալներ, որ այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումները նախորդ տարիների հետ համեմատ նվազել են: Ո՞րն է սրա պատճառը Ձեր կարծիքով:
-Այո, կան ներդրողներ, որոնք այստեղ կանգնել են բառիս բուն իմաստով կողոպուտի առաջ, եւ նրանց այդ հարցերը լուրջ աղմուկ են ստեղծում իրենց շուրջ, ու կողքից դիտող մեկ այլ ներդրող, լսելով այդ ամենի մասին, չի կարողանում եւ չի համարձակվում այստեղ ներդրում անել: Այսօր սփյուռքում ամենաաղմկահարույց գործերից մեկն էլ, օրինակ, Էդմոնդ Խուդյանի գործն է, եւ այսքանով հանդերձ ասեմ, որ չգիտեմ՝ ինչու, հավատում եմ մեր արդարադատությանը:
Միեւնույն ժամանակ կուզեի՝ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ անհաղորդ չլիներ որեւէ հարցի նկատմամբ:
Այս կապակցությամբ վիրավորված եմ նաեւ Լոս Անջելեսի իրավաբանական միությունից, որ շատ անհաղորդ գտնվեց Էդմոնդ Խուդյանի բոլոր նամակներին:
Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, որ մտածում է՝ մի տեղ կա մի 250 կգ -նոց օձ վտանգավոր, ու քանի դեռ այն իրեն չի կծել, նշանակություն չունի՝ ում է կծելու:
Յուրաքանչյուր անհաղորդ մարդ, ով վախենում է գնահատական տալ կոնկրետ դեպքերին, մի օր ինքն էլ կանգնելու է այդ խայթոցի դիմաց:
Անհաղորդությունն ամենամեծ չարիքն է: Մենք առավել եւս պետք է պահանջկոտ ու բծախնդիր լիենենք մեր հայրենիքի առաջ կանգնած խնդիրների դիմաց:
Կարող եմ նշել, որ, օրինակ, քանի դեռ, Էդմոնդ Խուդյանի հարցն իր արդար լուծումը չի գտել, շատ շատերը ներդրում չեն էլ անելու:
-Շեշտում եք միայն Էդմոն Խուդյանի դեպքը, սակայն գիտենք՝ բազմաթիվ են դեպքերը…
-Ամենաաղմկահարույցերից մեկն է Էդմոնդ Խուդյանի գործը, սակայն գիտենք նաեւ Նարեկ Հարությունյանի աղմկահարույց դատական գործը: Գրեթե 20 գործ կա սփյուռքահայերի հետ կապված….
Մենք նեցուկ ենք մեր հայրենիքին:
Սփյուռքը հայրենիքի սեւ ոսկին է, բոլոր տեսակի օգնություններով մենք մեր հայրենիքի կողքին ենք, սակայն ամենամեծ չարիքը մնում է անհաղորդությունը:
Կուսակցական տարիներին երեխա էին բերել վիրահատելու, բժշկուհին ուշանում է նրան վիրահատել, թե սպասեք, սա էլ պրծնեմ, նա էլ պրծնեմ, նոր, մինչեւ հասնում է, երեխան մահանում է… Պարզվում է՝ մահացող երեխան իր երեխան է:
Ուզում եմ ասել, որ եթե յուրաքանչյուր մարդ հետեւողական լինի իրավունքների մեջ, անտարբեր չլինի նրա նկատմամբ, ինչ կատարվում է կողքինի հետ, մենք կհպարտանանք մեր հայրենիքով, նրա օրենքներով ու դրանց հավատարիմ մնալով:
Ես չեմ ուզում այսպիսի անարդար քրեական գործեր խարազանեն հարաբերությունները:
-Այս ամենն, ինչի մասին խոսեցիք, ի՞նչ վերջնական սցենարով կարող է զարգանալ, եթե այսպես շարունակվի, նկատի ունեմ, եթե շարունակվեն սփյուռքահայ ներդրողների հալածանքները:
-Գիտեք, սա մեր հայրենիքն է, մեր ծնողը, սա պատվերով համերգ չէ, սա մերն է…
Հիասթափություն ասվածը հարաբերական է, մենք հիասթափության իրավունքը չունենք, մենք պայքարում ենք ճիշտ լուծման համար, եթե մենք հիասթափվում ենք ու հեռանում, մենք ճիշտ հայրենասեր չենք:
Այսինքն՝ եթե մենք կարողանում ենք մեզ զոհել հայրենիքի համար, մենք էլ տարրական հարգանքի պահանջ ենք ներկայացնում մեր նկատմամբ:
Ես իմ երկրի մի բուռ հողը չեմ փոխի ողջ Լաս Վեգասի հետ, սա իմն է, այս երկրի սեփականատերն եմ ես, իսկ այնտեղ ես ոչինչ եմ:
Սփյուռքը ծառայում է հայրենիքին, ուրեմն քար մի գցիր ջրի մեջ, որից խմում ես:
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել