HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

(Չ)կոնֆերանսի ողջ հաջողությունը կապված է մասնակիցներից

Այսօր մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2011» ոչ պաշտոնական երկօրյա կոնֆերանսը։ (Չ)կոնֆերանսին, ինչպես ընդունված է այն անվանել, մասնակցելու համար գրանցվել էր մոտ 500 հոգի` այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով կամ դրա մասնագետն են, ինչպես նաև սոցիալական ցանցերի ակտիվիստներ ու ծրագրավորողներ, բլոգերներ ու լրագրողներ։

Առավոտից սպիտակ վերնաշապիկներով, «ԲարՔեմփի» եռագույն լոգոյով մի խումբ երիտասարդներ հավաքվել էին` գրատախտակներին գրելու իրենց զեկուցումների թեմաներն ու ժամերը։ Ըստ «ԲարՔեմփի» կանոնների` յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում իր զեկուցման ժամն ու լսարանը։ Ի տարբերություն դասական կոնֆերանսների` այստեղ լսարանները բաժանված չեն` ըստ կոնկրետ ուղղվածության։

«ԲարՔեմփի» մասնակիցներից յուրաքանչյուրին հատկացվում է 30 րոպե՝ զեկուցելու և հարց ու պատասխանի համար։ Գործում է մեկ հստակ կանոն. եթե տվյալ զեկուցումը հետաքրքիր չէ, ունկնդիրներն ազատ են տեղափոխվելու մեկ այլ լսարան, որտեղ գուցե ավելի հետաքրքիր զեկուցում է ներկայացվում։ Մասնակիցներից են կախված միջոցառման հաջողությունն ու հետաքրքիր մթնոլորտը։ Այդ է պատճառը, որ (չ)կոնֆերանսը շատերին է հետաքրքրում։

Մասնակիցների թեմաները բազմազան էին՝ բլոգերից, բիզնեսից, գովազդից մինչև հումորային համարներ։

«Ինձ երկար տարիներ սովորեցրել են ավանդական լրագրության կարծրատիպերն, ու այդպես է գրեթե բոլոր մասնագիտություններում։ Իսկ սա այն ֆորմատն է, որտեղ շատ ազատ ես։ Միջոցառման կարևորությունն այն է, որ մարդիկ շփվեն, հաղորդակցվեն միմյանց հետ: Թվում է, թե այստեղ անկազմակերպ է, բայց իրականում այս ամենը շատ լավ կազմակերպված է»,- ասաց միջոցառման կազմակերպիչ, լրագրող և բլոգեր Շուշան Հարությունյանը։

«ԲարՔեմփի» մեկ այլ կազմակերպիչ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` նման ձևաչափի միջոցառման առավելություններից մեկն այն է, որ այն կոտրում է արմատացած կարծրատիպերը: Բացի դրանից` բազմաթիվ նոր երիտասարդներ ցույց են տալիս իրենց հնարավորությունները, խոսում այնպիսի թեմաներից, որոնք գուցե այլ տեղերում ընդունված չեն։

Կարեն Դերդզյանը «ԲարՔեմփին» մասնակցում է 2009 թ.-ից: Այս տարի նրա զեկուցումը վերաբերում էր ավելի հեշտ ու արդյունավետ ձևով ներկայացումներ (պրեզենտացիա) ստեղծելուն։

«Շատ նոր բաներ եմ իմանում և սովորում, փորձում եմ ամեն տարի գոնե մի նորություն էլ ես տամ։ Մեծ հույս ունեմ, որ մյուս տարի` իմ ներկայացումից հետո, մեծ բան կփոխվի»,- ասաց Կարենը։

Իսկ իրավագետ Արմեն Մարտիրոսյանը ներկայացնում էր իր հիմնադրած Armenian Scientific Cooporation` Հայկական գիտական համագործակցություն կայքը։ Ըստ նրա՝ նման ձևաչափի միջոցառումները բոլորովին չեն հակասում գիտությանը:

Մասնակիցների ցուցակում կային նաև մի շարք արտասահմանցիներ. «Opera Software»-ը ներկայացնող Չարլզ ՄքՔեթիՆևիլը, Հոլանդիայից տեխնիկական և սոցիալական զարգացման մասնագետ Ադրիանուս Վերմենհովենը, ռուսաստանցի բլոգեր Դմիտրի Չերնիշևը, ով հայտնի է որպես mi3ch, BBC «World News»-ի հաղորդավար և BBC-ի սոցիալական մեդիա ուղեցույցի հեղիկաներից Փունեհ Ղոդուսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter