HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բնական ռեսուրսների հյուծումը տեղի է ունենում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»

Թեղուտի պաշտպանության խմբի հայտարարությունը` Շրջակա միջավայրի միջազգային օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ oգտագործումը»: Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք բնապահպանական կոնվենցիաների և ընդունել շրջակա միջավայրի գործողությունների ազգային ծրագիր:

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետական կառույցները միջազգային ու օտարերկրյա կազմակերպություններից ամեն տարի ստանում են հարյուրավոր միլիոն դոլարների հասնող աջակցություն և նրանց ներկայացնում հաշվետվություններ` երկրի ստանձնած պարտավորությունների իրականացման մասին:

Այս քաղաքականությունն ու միջոցառումներն իրականացվում են նաև մեր պետության որդեգրած կայուն զարգացման հայեցակարգի համատեքստում, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված մոտեցում երկրի տնտեսական զարգացման գործում` որոշումների ընդունման գործընթացում հաշվի առնելով սոցիալական և էկոլոգիական հիմնախնդիրները: Հայեցակարգը միտված է բարձրացնել ողջ հասարակության և նրա անդամների բարեկեցությունը` երաշխավորելով նաև ապագա սերունդների կարիքների ապահովումը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացումն ընթանում է ոչ կայուն եղանակով: Տնտեսական աճը և բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են բնական ռեսուրսների շահագործումից: Համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ, մի խումբ անձանց մասնավոր շահից ելնելով` անխնա և արագ տեմպերով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները, ջրային ռեսուրսները, հողերը, անտառները, կենդանական ու բուսական աշխարհը` խոչընդոտելով տնտեսության համար ազգային մրցունակության հեռանկար ունեցող այլ ճյուղերի զարգացումը:

Հայաստանն օր օրի ծածկվում է նոր բացվող հանքերով ու միլիոնավոր տոննաներով լեցուն թունավոր նյութերի պոչամբարներով: Անտառահատումների արդյունքում արագանում են անապատացման գործընթացները, և հաճախակի են դառնում սողանքները: Երկրի մակերևութային ու ստորերկրյա ջրերը զոհաբերվում են հիդրոէներգետիկայի ու ձկնարդյունաբերության ոչ խելամիտ զարգացմանը:

Որսի ծավալման ու տնտեսական գործունեության արդյունքում աղքատանում է երկրի կենդանական ու բուսական աշխարհը: Քաղաքների ինտենսիվ կառուցապատման հետևանքով աճում են սեյսմիկ ռիսկերը, և ավելանում է սթրեսը: Մարդիկ արտագաղթում են իրենց հայրենիքից` գիտակցելով, որ ընդամենը 1-2 տասնամյակ անց իրենց երեխաները չեն ունենալու ապրելու համար պատշաճ առողջ շրջակա միջավայր, երկիրը զարգացնելու ռեսուրսներ և ապահով ապագա:

Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի ձեռնարկում որևէ քայլ իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Հասարակայնության և մասնագետների կողմից բարձրացվող բողոքները մնում են անպատասխան և «ձայն բարբառոյ hանապատի»: Իսկ բնական ռեսուրսների հյուծումը Հայատանում տեղի է ունենում իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, իմացությամբ, թողտվությամբ և օրինականացմամբ, և նրանք որևէ կերպ պատասխանատվության չեն ենթարկվում կատարած անօրիությունների համար: Երկրում տիրում է բացարձակ «բեսպրեդելը» և անպատժելիությունը:

Հիշեցնում ենք, որ բնական պաշարների կառավարումը` հանուն երկրի զարգացման ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման, ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ պարտականությունն է: Իշխանության կողմից իր տվյալ պարտականության ձախողումն ամրապնդում է երկրում տիրող սոցիալական անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտը և ծառայում կարևոր գործոն` իշխանությունը փոխելու հասարակական պահանջարկի ձևավորման համար:

05 հունիսի, 2011 թ.

Մեկնաբանություններ (2)

Lida Harutyunyan
es dzer het hamadzayn em
armen vardanyan
mer azgin hatkapes mec vnas e talis azgayin joxovi naxagah Abrahamyann,Petq e henc nra dem payqarel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter