HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արդարադատության խորհուրդը դատավորին պատասխանատվության չի ենթարկել «դատավորներն անկախ են» պատճառաբանությամբ

Երբ «Հետքն» անդրադարձավ Հասմիկ Չուխաջյանի ու վերջինիս հարսի՝ Վերոնիկա Ալեքսանյանի դատական վեճին, որն ավարտվել է հօգուտ առաջինի, գրեցինք նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատավոր Արայիկ Մելքումյանի դատավճռում առկա բազմաթիվ դրվագների մասին, որոնք առնվազն զարմանք են հարուցում:

Դրանցից են, օրինակ, խնամքի կարիք ունեցող երեխային պահող, չաշխատող այրուն պետտուրքից (ավելի քան 6000 դոլար, որի հետ Ալեքսանյանի փաստաբան Նազելի Վարդանյանը համաձայն չէ) չազատելը, դատարանում կարեւոր վկաների չլսելը, գործի լսումը չկասեցնելը մի պարագայում, երբ նույն խնդրով հայց է լսվում վարչական դատարանում, մի շարք փաստացի ապացույցների ուշադրություն չդարձնելը եւ այլն:

Սկեսուր-հարս վեճում մեծ դերակատարում էր ունեցել նաեւ Կենտրոնի նոտար Էմմա Շաբոյանը, որը մահացած Լեւոն Գասպարյանի տան 100 տոկոսի ժառանգներ էր ճանաչել մորը՝ Հասմիկին, եւ անչափահաս որդուն՝ Հրաչին: Իսկ կինը՝ Վերոնիկան, ում հետ համատեղ կյանքի ընթացքում ձեռք էր բերվել տունը, եւ որին պետք է պատկաներ տան 50 տոկոսը, մնացել էր ձեռնունայն:

Փաստաբան Վարդանյանը դատավորի եւ նոտարի գործողությունների վերաբերյալ բողոք էր հղել երկրի ղեկավարին: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը դատավորի մասով գործն ուղարկել էր ՀՀ արդարադատության խորհրդին, սակայն վերջինիս կարգապահական հանձնաժողովը պատասխանել էր, որ չի կարող միջամտել, քանի որ դատավորներն անկախ են: Ն. Վարդանյանը զարմանում է, քանզի Մելքումյանն արդեն վճիռ էր կայացրել, նրա վրա ազդելու որեւէ խնդիր չկար, եւ իրենք պարզապես խնդրել էին քննարկման առարկա դարձնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը: Նմանատիպ դիմում ուղղել էին նաեւ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որն էլ նամակ էր ուղարկել արդարադատության նախարարություն, սակայն այստեղից էլ տեղեկացրել են, որ վերահսկողական ծառայությանը դիմելու հիմքեր չկան:

Հիշեցնենք, որ Մելքումյանի վճիռը վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել: Հիմա Ալեքսանյանն ու Վարդանյանը սպասում են Վճռաբեկ դատարանին ուղղված բողոքարկման պատասխանին՝ գործը վարույթ ընդունել-չընդունելու մասին: Իսկ այդ ընթացքում փաստաբանը պատրաստվում է եւս մի անգամ դիմել ՀՀ նախագահին:      

Դատավոր Արայիկ Մելքումյանի մեկ այլ տարօրինակ դատավարության մասին «Հետքը» գրել է: Ընդհանրապես, նրա մասին դատական ոլորտին առնչություն ունեցող անձինք հետաքրքիր բաներ են պատմում: Առաջիկայում կներկայացնենք այս եւ այլ դատավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter