
Օսկանյանը երկրից գումար չի տարել, «ատկատներից» չի օգտվել, ընդհակառակը գումարներ է բերել
«Եթե մարդը գող չի, ավազակ չի, չի մտածում ամեն իր գործունեությունը թաքցնելու մասին»,- ասաց Վարդան Օսկանյանը` խոսելով ԱԺ ամբիոնից:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ գլխավոր դատախազի փաստարկները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ դրանք քաղաքական բնույթի են:
Վարդան Օսկանյանը փաստերով ներկայացրեց, որ ինքը որեւէ յուրացում չի կատարել եւ ինքը «Սիվիլիթասին» ոչ տալիք ունի, ոչ առնելիք: Ըստ պատգամավորի` «Սիվիլիթասի» խորհրդի անդամների հետ խորհրդակցելուց հետո, հակառակ գումարներ փոխանցած Հանթսման ընտանիքի պնդումներին, 2 օր առաջ իր հաշվեհամարի գումարները փոխանցել է «Սիվիլիթաս» հիմնադրամին: «Այդ գումարները համապատասխանում են կոպեկ առ կոպեկ, կարող եք հաշվել»,- ավելացրեց Վարդան Օսկանյանը:
Պատգամավորը նշեց, որ մինչեւ Հանթսման ընտանիքի կողմից գումարներ փոխանցելը ինքն ու իր կինը հաշվեհամարին ունեցել են 410 հազար դոլար: «Հանթսմանն իմ առաջ որեւէ խնդիր չի դրել, թե ես ինչպես ծախսեմ այդ գումարները: Ես դրանք դրել եմ որպես ավանդ, որպեսզի եկամուտ ստանա հիմնադրամը, եւ դրա արդյունքում ստացվել է 129 հազարի եկամուտ: Այդ գումարները բոլորը տեղում են եւ փոխանցվել են «Սիվիլիթաս» հիմնադրամին»,-ավելացրեց Վ. Օսկանյանը:
«Փողը կա, բողոքող չկա, այլ հակառակի պնդումը կա` Հանթսմանն ասում է, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Ես վիրավորված եմ, 10 տարվա արտգործնախարարին այսպիսի վերաբերմունքի են արժանացնու՞մ: Ես խորապես վիրավորված եմ»,- ավելացրեց Վ. Օսկանյանը:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանը վերադարձել է 1937 թվական` մարդ լինի հոդված կգտնենք. «Մարդ գտել եք, բայց չեք գտել փաստ»,- ավելացրեց Վ. Օսկանյանը: Նա ասաց, որ այդ գումարների կարիքը չունի եւ նույնիսկ իր անշարժ գույքը անվճար օգտագործման իրավունքով տվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին: «Ես պատրաստ եմ. եկեք ինձ ձերբակալեք տարեք, եթե սխալ եմ արել: Ես այդ փողերի կարիքը չունեմ, հավատացեք»,- ավելացրեց Վ. Օսկանյանը:
Պատգամավորը նաեւ նշեց, որ ինքը երկրից գումար չի տարել, «ատկատներից» չի օգտվել, ընդհակառակը գումարներ է բերել եւ Հանթսմանի փողերից «կես կոպեկ» չի օգտվել:
Այս պահին պատգամավորներին հարցերով դիմում են գործընկերները:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել