
«Կռված աղջկա» երազանքն արժե 650 հազար դրամ
Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղի բնակիչ Վիկտորիա Շուրկովայի միակ երազանքը տուն ունենալն է: Վիկտորիան և երկու անչափահաս որդիները արդեն 11 տարի է` Տրետուք գյուղի տներից մեկի կիսափուլ նկուղում են ապրում:
Վիկտորիայի և նրանց տան պայմաններին նախորդ տարի Տրտուք այցելության ժամանակ անդրադարձել էինք: Մեր հրապարակումից հետո նրանց 40 հազար դրամական օգնություն ցույց տվեց մեր ընթերցողներից մեկը, սակայն այդ գումարով Վիկտորիան հոգացել էր երեխաների ամենաանհրաժեշտ կարիքները, իսկ տան խնդիրն այդպես էլ չի լուծվել:
Վիկտորիան Սումգայիթից բռնագաղթած փախստական է: Գյուղացիները նրան բնութագրում են որպես «կռված աղջիկ»: Վիկտորիան էլ է հպարտանում, որ Լ.Ազգալդյանի ջոկատի համար հաց է պատրաստել դեռևս դպրոցական տարիքում, հետո Քարվաճառում է ծառայել: «Համ նայոմնիկ եմ եղել, համ բուժքույր եմ եղել, համ պիսեր. շատ դաժան օրեր եմ տեսել Ղարաբաղում»,- հիշում է Վիկտորիան:
Տրետուքցիներից մեկի լքված ու կիսափուլ տան մի սենյակը դարձել է Վիկտորյայի և որդիների հիմնական կացարանը: Նախորդ տարի Վիկտորիան ձմեռն անցկացրել է դպրոցի տնօրենի տանը, սակայն այս տարի տնօրենը այդ տունն ուրիշին է տվել: Վիկտորիան հիմա մշտապես` թե ամռան տապին, թե անձրևին, թե խստաշունչ ձմռան առատ տեղումների ժամանակ այդ խցում է ապրում իր երեխաների հետ, իսկ կրտսեր որդուն այդտեղ էլ ծննդաբերել է:
Վիկտորիան ասում է, որ վերջերս գյուղացիներից մեկը վաճառքի է հանել իր տունը, և դրա համար սկզբից 500, հիմա արդեն 650 հազար դրամ է պահանջում: Ինքը շատ է ուզում այդ տունը գնել, բայց հնարավորություն չունի: Վիկտորյան պատմում է, որ դիմել է գյուղապետին օգնության համար, սակայն վերջինս ասել է, որ օգնելու հնարավորություն չունի:
Տրետուքի համայքապետ Ալիկ Եղիազարյանը հաստատում է, որ Վիկտորիայի սոցիալական վիճակը շատ ծանր է, տան պայմաններն` ահավոր: Համայնքի բյուջեից Ալիկ Եղիազարյանը երկու անգամ ֆինանսական օգնություն է ցուցաբերել Վիկտորիային` 20-հազարական դրամ: «Համայնքապետարանը ամեն տարի օգնություն է տվել բյուջեից Վիկտորիային, բացի այդ էլ` ես էլ իմ գրպանից եմ օգնում»,- ասում է Ալիկ Եղիազարյանը:
Համայնքի ղեկավարն նշում է, որ Վիկտորիայի տունը, որի նկուղում հիմա հայտնվել են Վիկտոիան ու իր երկու երեխաները, նախկինում կանգուն է եղել, սակայն վառելիք չունենալու պատճառով Վիկտորյայի մայրը սկսել է հետզհետե վառել տան փայտեղենը, բնականաբար, տունն էլ սկսել է փլուզվել:
«Ես մտածում եմ այդ ուղղությամբ մի բան անելու, բյուջեից ուղղակի հնարավոր չէ նրա տան համար հատկացում անել, ես մտածել էի, որ ինչ-որ մի բան անեմ, մի տեղից ինչ-որ գումար գտնեմ, թեկուզ դա լինի իմ անձնական միջոցները, մի բանով օգնեմ, որ էդ մարդը վերջապես մի տուն ունենա, պադվալի մեջ ուղղակի հնարավոր չի ապրել,-ասում է գյուղապետը և խոստովանում,-ես որ էդ մասին մտածում եմ, էդ որ տենում եմ, ուղղակի վատ եմ զգում. 21-րդ դարում էդ կարգավիճակով ապրելը ապրել չի»:
Քանի դեռ գյուղապետը մտածում է, ցրտերն ընկնում են, իսկ Վիկտորիան չգիտի` ինչպես ծածկի իր խուցը, որ երեխաների հետ դիմակայեն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանին հատուկ խստաշունչ ձմռանը:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել