
Մայրն ուզում է, որ մահացած որդու կնքած պայմանագիրն անվավեր ճանաչվի, եւ իր հետ կնքվի նորը
Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է մի դատավարություն, որը կարելի է ոչ սովորական համարել: Բանն այն է, որ մայրը վիճարկում է մահացած որդու կնքած պայմանագիրը, որը համարում է շինծու: Քաղաքացի Հասմիկ Չուխաջյանը պնդում է, որ իր մահացած որդին՝ Լեւոն Գասպարյանը, 2007-ին առքուվաճառքի շինծու գործարք է կնքել «Հովնանյան Ինտերնեյշնլ» ընկերության հետ՝ ձեռք բերելով առանձնատուն եւ հողամաս:
Հասմիկը պնդում է, թե չնայած որդու անունով են գրանցվել նախնական պայմանագրով նախատեսված բոլոր վճարումները, սակայն իրականում դրանք ինքն է կատարել, որովհետեւ չնայած որդին է գրանցված եղել իբրեւ ձեռնարկատեր (ոսկու շուկայում է աշխատել), սակայն իրականում աշխատողը եւ գումար վաստակողը ինքն է եղել: Որպես ապացույց Չուխաջյանը ներկայացրել է ոսկու շուկայի տիրոջ տված տեղեկանքը: Որդու եւ կառուցապատող ընկերության միջեւ պայմանագիրը համարելով շինծու գործարք՝ կինը ուզում է, որ տղայի անվան փոխարեն գրանցեն իրը, ու նաեւ տղայից մնացած ժառանգական գույքի ցուցակից հանեն այդ անշարժ գույքը:
Այսօր կայացած նախնական նիստում Չուխաջյանի փաստաբան Լուսինե Օհանյանը միջնորդեց որպես երրորդ կողմ ներգրավել պայմանագիրը վավերացրած նոտարին եւ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանմանը: Իր հերթին Լեւոն Գասպարյանի ժառանգ հանդիսացող որդու՝ անչափահաս Հրաչի օրինական ներկայացուցիչ Վերոնիկա Ալեքսանյանի (Լեւոնի այրին է, Հրաչի մայրը, հանդես է գալիս իբրեւ երրորդ կողմ) փաստաբանը՝ Նազելի Վարդանյանը, նշեց, որ սա դատավարությունը ձգձգելու հերթական փորձն է: Բանն այն է, որ, ըստ Վարդանյանի, հայցվորներն ուզում են ժամանակ ձգել, որպեսզի մնացած ժառանգական գույքի մասով ընթացող մեկ այլ դատավարության վերաբերյալ Վճռաբեկ դատարանը վերջնական դիրքորոշում հայտնի: Չնայած այս դատավարություններն իրար հետ բացարձակ կապ չունեն, սակայն Վարդանյանը մտավախություն ունի, որ հայցվոր կողմը հենց Վճռաբեկի որոշումը կփորձի իբրեւ գործիք ծառայեցնել այս վեճի ժամանակ: Օհանյանի միջնորդությանը առարկեց նաեւ պատասխանող «Հովնանյան Ինտերնեյշնլ»-ի փաստաբան Անդրանիկ Վահանյանը: Վարդանյանը նաեւ նշեց, որ մինչ այժմ հայցվորը նույնիսկ դատարանում չի ներկայացրել իր հայցապահանջը:
Դատավոր Ելենա Քոչարյանն էլ շեշտեց, որ հայցը ներկայացվել է դեռ ապրիլի 16-ին, սակայն ցայսօր հայցորը տարբեր միջնորդություններով հետաձգում է նիստերը: Այն բանից հետո, երբ դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց հայցի ներկայացումից հետո, Լ. Օհանյանը հանդես եկավ հայցի ավելացման մասին հայտարարությամբ: Հասմիկ Չուխաջյանը հիմա նաեւ պահանջում է, որ դատարանը Լեւոնի օրոք կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելուց զատ՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ»-ին պարտադրի իր հետ առքուվաճառքի պայմանագիր կնքել:
Նազելի Վարդանյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ սա ուղղակի ժամանակի ձգձգում է, սակայն ընկերության ներկայացուցիչ Վահանյանը հայցի լրացմանը գրավոր առարկություններ ներկայացնելու համար ժամանակ խնդրեց: Դատարանը հերթական անգամ հետաձգեց նիստը: Չնայած Ն. Վարդանյանը նշեց, որ հավելումը փոխում է հայցի էությունը, ինչն անթույլատրելի է, սակայն դատավորը հավելեց, որ հայտարարությունն արվել է դատարանի կողմից նիստը հետաձգելու մասին որոշում ընդունելուց հետո:
Լուսանկարում՝ դատավոր Ելենա Քոչարյանը
Մեկնաբանել