
Երբ արվեստի մեջ ես, բացվում է տարածությունից դուրս հորդելու պատուհանը. Արեւիկ Մկրտչյան
Յուրաքանչյուր արվեստագետի հետ հարցազրույց անելիս միշտ միտք է ծագում՝ պարզապես տեղադրել նրա ստեղծագործությունները եւ ասել, թե հենց սա է այն ինֆորմացիան, որ ուզում էի փոխացնել ձեզ` ընթերցողներիդ: Ասելիքը, որ ներկայացվում է հարցազրույցի ընթացքում ,անպայմանորեն արտացոլված է հենց այդ ստեղծագործություններում: Էջմիածնում բնակվող նկարչուհի Արեւիկ Մկրտչյանի լուսանկարը եւ ծննդյան տարեթիվն ինձ շփոթության մեջ էին գցել. արվեստագետի երիտասարդ տեսքը եւ 47 տարիները չէին համընկնում: Տուրք չտալով ընդունված կարգին`ստիպված էի հարցնել տարիքի ճշգրտությունը. «Հենց այդքան է տարիքս: Երբեք չեմ մտածում դրա մասին... Երեւի, երբ հոգիդ երիտասարդ է, մարմինդ`առողջ, այդքան էլ տարիքդ է երեւում: Թերեւս դրանից է, որ երբեք վարսահարդարի մոտ չեմ գնում»,- ասում է Արեւիկը:
Ես սկսում եմ ուսումնասիրել նկարները, սակավախոս նկարչուհին խոսում է. նկարն ու խոսակցությունը միաժամանակ նյութ են դառնում.
«Առավոտյան արթնանում եմ եկեղեցու զանգերի ձայնից: Եվ կարեւորվում է այն ձայնը, ինչից արթնանում ես: Պատասխանատու ես դառնում այն ձայնին, որը քեզ արթնացրել է... »:
Եվ դա՞ է պատճառը, որ շարունակում ես ապրել եւ ստեղծագործել Էջմիածնում:
Այո: Շատ առիթներ եմ ունեցել դրսում ապրելու, բայց հասկացել եմ, որ երբեք չեմ կարողանա: Անբացատրելի մի ուժ կա, որը ստիպում է կարոտել ամեն մի մանրուք Հայաստանի հետ կապված: Եղել եմ Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում, Կանադայում, Շվեյցարիայում` մասնակցելով ամենատարբեր ցուցահանդեսների:
Այդ դեպքում որքա՞ն է տարածական արվեստը Հայաստանում:
Հայաստանում ամենուր է արվեստը. այն ուղղակի տեսնել է պետք:
Արդյոք այն, որ հին Երեւանից շատ քիչ բան է մնացել, չի՞ նշանակում, որ շատ բան պարզապես անհետանում է` մնալով սերունդների հիշողության մեջ:
Արվեստը երբեւէ անհետանալու հակում չունի... Հնարավոր է ամեն բան դիտել ուրիշ աչքերով: Այդ առումով մեր սերունդը գուցեեւ մեղավոր է, բայց, կարծում եմ` ամեն բան կարելի է շտկել, երբ պատրաստ ես նոր սերնդին սովորեցնել եւ պահանջել նույնն իրենից: Ես լավատես եմ. սպասում եմ զարթոնքի:
![]() |
![]() |
Հետաքրքիր է, որ լավատեսությունդ արտացոլված է ստեղծագործություններիդ մեջ: Զուտ դիտողի աչքերով, եթե առանձնացում կատարեմ, ապա երկու թեմատիկ ուղղություն եմ տեսնում նկարներումդ` հավատ եւ բնություն:
Այո, որովհետեւ ես նկարում եմ նախ ներսային զգացողությունների թելադրանքով. այն, ինչ տեսնում է ոչ թե աչքը, այլ սիրտը: Տպավորությունը, որ մղվում է սրտից, այլ է: Եվ արդյունքը նկար է դառնում: Պատուհանի պես մի բան է ,որ բացում եմ բոլորի համար եւ շատ եմ ուզում, որ այստեղից կարողանան նայել... Եվ բարիանալ... Եվ սիրել:
Տպավորությո՞ւն է, թե՞ ուրիշ աշխարհից է ձայնդ գալիս...
Ուրիշ աշխարհից ձայները մշտապես գալիս են բոլորին. երբ ուզում ես լսել, լսում ես: Դրանք սպասումներն են, երազները, որոնք մի օր պետք է իրականան:
Այդ դեպքում արվեստը անկեղծության կրողն է դառնում: Որքա՞ն է անկեղծության սահմանը արվեստագետի եւ աշխարհի միջեւ, որտեղի՞ց է սկսվում:
Արվեստում սահմաններ չկան: Իսկ անկեղծությունը, եթե կուզես իմանալ, արդեն իսկ արվեստ է: Ես երբեք չեմ հիշում, թե երբ եմ սկսել նկարել: Հիշում եմ այն, որ բոլորն ինձ սկսում էին փնտրել, իսկ ես, ինչպես պատմում էր վանեցի տատիկս, մահճակալի տակ նկարում էի: Հետո դպրոցում էլ էր այդպես. ծնող կանչեցին նրա համար, որ գրասեղանին նկարել էի: Բայց հաճույք էր, երբ առերեւույթ արգելված տեղը նկարում էի` թողնելով հետքս:
Ստացվում է՝ «փակ պատուհաններ» չկան...
Ինքդ պետք է էդ մտայնությանը հանգես....Առավոտյան, երբ արեւ կա, ձայն կա, որ արթնացրել է քեզ, ամենը փորձում ես փոխանցել կտավին: Այնքան ես զրուցում, այնքան ես մնում դու քեզ հետ, դու` կտավի հետ, դու`աշխարհի հետ, մինչեւ բացվում է այդ պատուհանը:
![]() |
![]() |
![]() |
Հետաքրքիր է, երբ արվեստագետն ապրում է փոքրիկ քաղաքում, մեծ իրադարձությունների ազդեցությունը կրելով, բայց պատուհան է բացում աշխարհի առաջ: Այդ են վկայում բազմաթիվ արտերկրյա ցուցահանդեսներդ:
Սահմանները` զուտ մարմնական, ոչինչ են եւ նույնիսկ լավ, որ կան: Իսկ ստեղծագործելը միանշանակ խախտում է սահման կոչվածն ու թույլ տալիս, որ շնորհդ օգտագործես: Դուրս չհանեելու դեպքում ոչինչ չես ստանում, իսկ էներգիայի փոխանցման դեպքում նորովի պատասխան ես ստանում: Եվ նկարչությունն էլ դառնում է դրվագի, ապրած պահի հետեւանք: Խառնվում են մտքերդ, քանի դեռ այդ ամենը փոխակերպված դուրս չի հորդում:
Այդ դեպքում պետք է խնդրեմ` նկարագրես նկարելու ընթացքը:
Նկարելիս տրվում եմ կտավին` մոռանալով ժամանակի մասին: Այդ անբացատրելի ուժ է, որ քեզ կտրում է իրականությունից, դու խառնվում ես եւ հասկանում, որ հիմա երկու իրականությունների մեջ պետք է մի միջնորդ բան ստեղծես: Եվ ղեկավարումն արդեն տիեզերական է դառնում:
Իսկ երկրայի՞նը` սոցիումն ու մարդկային հարաբերությունները...
Ամեն ինչը կարող է խանգարել` առօրյա խնդիրը, անցանկալի մարդը... Զարմանալիորեն նույնիսկ նկարելու ընթացքի մեջ ամեն բան սկսվում է պտտվել այնքան, որ կամ ցույց տա արատավոր երեւույթը, կամ փորձի շտկել այն:
Դրա հետեւանքով չի՞ առաջանում ստեղծագործական վաակում:
Արվեստը հենց ինքնին տարածություն է, որտեղ փորձում է ներխուժել արվեստագետը: Երբ արվեստի մեջ ես, բացվում է տարածությունից դուրս հորդելու պատուհանը:
Հ.Գ. Արեւիկ Մկրտչյանի մյուս ստեղծագործությունները կարող եք դիտել այստեղ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել