
Նույնիսկ Թամանյանը չի որոշել, որ այդ շենքում պետք է հենց ԱԳՆ-ն լիներ
«Իհարկե, ցանկալի կլիներ, որ Հանրապետության հրապարակում լիներ մշակութային կենտրոն, բայց եթե ընտրություն կատարենք հյուրանոցի և պետական գերատեսչության միջև, ապա, միանշանակ, ավելի լավ կլինի, որ արտաքին գործերի նախարարության փոխարեն հյուրանոց լինի՝ պայմանով, որ շենքի արտաքին ճարտարապետական տեսքը կպահպանվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԳՆ-ի շենքը հյուրանոց դարձնելու վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենքը, որտեղ տեղակայված է ԱԳՆ-ն, ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Տանգո» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին: Շենքը վաճառվել է 51 մլն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով: Այդ շենքում կլինի 5 աստղանի հյուրանոց:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նույնպես մեծ հաշվով դեմ չէ, որ Հանրապետության հրապարակում ևս մեկ հյուրանոց ավելանա և օրինակ բերեց նախադեպային դարձած, նախկինում «Երևան» անունը կրող, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցը, որը վաճառվեց իտալացիներին և այժմ շահագործվում է բարեկարգվելուց հետո, իսկ շենքի արտաքին ճարտարապետական լուծումներին իտալացիները ձեռք չեն տվել:
«Միայն մի փոքր մտավախության առիթ կա,- նշեց Ս. Կարապետյանը,- որքանո՞վ է բնորոշ մեր երկրի, մայրաքաղաքի, դրա կենտրոնի նկարագրին այն, որ հենց դրա սիրտը` Հանրապետության հրապարակը երիզող շենքերի կեսը կամ ավելին, լինեն հյուրանոց, այլ ոչ թե մշակույթի օջախ»:
Ռ. Բաբայանը հավելեց. «Ավելի ուրախ եմ, որ այդ շենքը տնօրինելու է գալիս մասնավորը, պետությանն այլևս այդ հարցերում չեմ վստահում. տեսանք, թե ինչ արեց ժողովրդի քվեն ստացած պետական պաշտոնյան փակ շուկայի հետ»:
Բաբայանը նշեց նաև, որ բազմաթիվ զարգացած երկրներում քաղաքի կենտրոնում տեղակայված գերատեսչությունները դուրս են բերվում այդտեղից. դատարանները վերածվում են թատրոնների, նախարարության շենքերը` գրադարանների. «Իսկ ինչ վերաբերում է շենքի դերակատարությանը, ապա այն պատմական որևէ դեր չի խաղում ինչպես, օրինակ, Սպիտակ տունը, և նույնիսկ Թամանյանը չի որոշել, որ այդ շենքում պետք է հենց ԱԳՆ-ն լիներ»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել