HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

6 աշակերտ, 7 ընտանիք և անհետացող մի գյուղ

Երբեմնի հարուստ Գեղաքարից այսօր գրեթե ոչինչ չի մնացել: Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքը մարզի ամենանաանտեսված գյուղերից մեկն է: Գտնվելով սարերի լանջին, հատկապես ձմռան սեզոնին, գյուղը 2-3 ամիս կտրվում է արտաքին աշխարհից. ձնաբքի հետևանքով ճանապարհը փակվում է:

Գյուղն ավելի շատ սարի դերակատարում ունի: Ամռան ամիսներին մարդիկ իրենց անասուններով գալիս են Գեղաքար, իսկ ուշ աշնանը, փակելով իրենց տան դռները, վերադառնում այլ գյուղեր: «Սարվորները» Գեղաքարի նախկին բնակիչներն են, որոնք չդիմանալով գյուղի այսօրվա պայմաններին ստիպված բնակություն են հաստատել այլ գյուղերում: Ձմռան ամսիներին գյուղում ապրում է ընդամենը 7 ընտանիք:

Գեղաքարում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Հողագործությունը զարգացած չէ, քանի որ գյուղը ոռոգման ջրի պակաս ունի: Ոռոգման ջուրը գալիս է Ախպրաձոր համայնքից: Վերջինիս բնակիչները չեն թողնում, որ ջուրը հասնի գեղաքարցիներին: Գյուղացիներն ասում էին, որ ոռոգման ջրի պակասն էլ մարդկանց ստիպում է այլ գյուղեր տեղափոխվել:

Գեղաքարում խմելաջրի խնդիր էլ կա: Գյուղացիներից շատերն իրենց տան բակում ջուր չունեն: Հաճախ է պատահում, որ շաբաթներով ջուրը կտրվում է, եւ մարդիկ տաքսիներով կամ տրակտորով հարեւան գյուղերից են խմելաջուր բերում:

Մեր այցելության պահին գյուղի սկզբնամասում Մարիետա Հովհաննիսյանը հարսի հետ փողոցի ընդհանուր աղբյուրի տակ լվացք էր անում: Նա գիտակցում է, որ չի կարելի ընդհանուր ծորակն օգտագործել լվացք անելու համար, սակայն հոգնել են ձեռքով ջուր տեղափոխելուց:

Մարիետա Հովհաննիսյանը պատմում է, որ Գեղաքարում ապրելը դառնում է անհնար, քանի որ գյուղում ոչ մանկապարտեզ կա, ոչ մշակույթի տուն, ոչ էլ խանութ: Նույնիսկ ավտոբուս չկա, որ անհրաժեշտության դեպքում մարդիկ ազատ տեղաշարժվեն:

Մարիետա Հովհաննիսյանն ասում է, որ ամուսինը վատառողջ է եւ անցած ձմռանը կաթված է տարել: Քանի որ ճանապարհները փակ են եղել, չեն կարողացել հիվանդին հասցնել հիվանդանոց: Հարեւան գյուղում ապրող բուժքույրը հեռախոսով է խորհրդատվություն տվել եւ դեղեր նշանակել: Ցանկացել են, որ բուժքրոջը տրակտորով բերեն հիվանդի մոտ, սակայն հրաժարվել է տրակտոր նստել:

«Մեր գյուղում ընդամենը 2 երիտասարդ ընտանիք կա, որ աճող է, մնացածը թողել, գնացել են, մեծերն են մնացել: Սա նորմալ գյուղ է եղել, 22 տարի է ստեղ եմ ապրում, քանդեցին, ավերեցին, 80 ընտանիք կար ստեղ, հիմա ապրող 7 ընտանիք է մնացել: Մենք էլ ենք ուզում տեղափոխվել ներքեւի գյուղեր, որովհետեւ այստեղ հնարավոր չի ապրել: Ներքեւի գյուղերում ծանոթ ունենք, իրենց դատարկ տանը կմնանք մինչեւ տեսնենք` ինչ է լինելու, թոռներիս էլ այնտեղի դպրոց կուղղարկենք»,-ասում է տիկին Մարիետան:

Գեղաքարի հիմնական դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանը նշում է, որ գյուղի վիճակը վատ է: Դպրոցն ունի ընդամենը 6 աշակերտ, իսկ այս տարի 1-ին, 4-րդ  եւ 7-րդ դասարաններ ընդհանրապես չեն ձեւավորվել:

«Կարելի է ասել` այս գյուղում գոյատեւում ենք, ոչ թե ապրում: Սկզբում Ադրբեջանից գաղթած փախստականներն էին այստեղ ապրում, բայց նրանք երկար չմնացին, ապրելու միջոց չունեին, գնացին: Տարվա ընթացքում 2-3 ամիս գյուղի ճանապարհները փակվում են: Հիվանդներին տրակտորով ու ձիով ենք իջացրել հարեւան գյուղերի բուժկետեր, դեպքեր են եղել, որ կանայք տանն են ծննդաբերել: Գյուղի միակ ավտոմեքենան մերն է, ավտոբուս էլ չկա: Մի քանի տարի առաջ շաբաթը մեկ անգամ էր ավտոբուս աշխատում, հիմա դա էլ չկա»,-ասում է դպրոցի տնօրենը:

Նշենք, որ դպրոցը գործում է նախկին խանութի շենքում, որը նույնիսկ դպրոցի սեփականությունը չէ: Ըստ նրա՝ շենքը շրջկոմի սեփականությունն է եւ դպրոցին տալու համար գումար է պահանջում:

Թագուհի Աթայանն ասում է, որ շատ հնարավոր է` գյուղի դպրոցն էլ փակվի, քանի որ աշակերտ չկա: Հնարավոր է` եկող տարի նույնպես առաջին դասարանցի չունենան, քանի որ այդ երեխայի ընտանիքը եւս պատրաստվում է լքել գյուղը:

«Եթե դպրոցը փակվի, ուսուցիչներն էլ կգնան, իսկ հարեւան գյուղը 7 կմ հեռու է, ձմեռն էլ ճանապարհները փակվում են, չգիտեմ, թե ոնց է լինելու»,-ավելացրեց Թ. Աթայանը:

Դպրոցի  տնօրենի խոսքերով՝ դպրոցի պահպանման ծախսերի հաշվին են մանկավարժները աշխատավարձ ստանում, քանի որ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտի թվաքանակով ու այդ գումարով հնարավոր է միայն կես ամսվա աշխատավարձ վճարել:

Գայլերն էլ զգալով, որ գյուղը մոռացված է, հաճախ են հարձակումներ գործում: Տնօրենը պատմեց, որ անցյալ տարի գայլերը դաշտում հարձակվել եւ 120 գլուխ ոչխար են կերել ու սատկացրել, իսկ կառավարությունը ոչ մի փոխհատուցում չի տվել: Գյուղացիներին պատճառած վնասը հատուցել է նախրապանը:

«Կարճ ասած` այս գյուղը վարի է գնում»,-ավելացնում է Թագուհի Աթայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter