HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Բժիշկները մեղավոր չեն հիվանդի մահվան մեջ, բայց իրավապահները չեն դադարեցնում քննությունը

Անցյալ տարվա հոկտեմբերին վանաձորցի 60-ամյա Վաչագան Մարկոսյանը ողնաշարի գոտկային շրջանի սալջարդով, կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով դիմել էր Վանաձորի Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր՝  հայտնելով, որ վնասվել է շքամուտքում անզգուշությամբ վայր ընկնելու հետևանքով:

Նույն օրը շտապօգնության մեքենայով իր տնից տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ 1 ժամ հետո մահացել էր: Մինչ այդ հիվանդանոցի բժիշկ-ռենտգենաբան Վարդան Մխիթարյանը, նրան հետազոտելով, արձանագրել էր 1 կողի կոտրվածք և տուբերկուլիոզ հիվանդություն: Բուժող բժիշկ Գեորգի Իլոյանն էլ ուղեգրել էր ինֆեկցիոն հիվանդանոց, քանի որ տուբերկուլիոզով հիվանդին համալիրում պահելու իրավունք չուներ:

Հիվանդի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ մահվան պատճառը տրավմատիկ և հեմոռոգիկ շոկն է եղել: Բժիշկ Մխիթարյանի ախտորոշումը ճիշտ չէր, նա չէր արձանագրել թոքերում արյան առկայությունը, 4 կողի կոտրվածքի փոխարեն 1-ն էր նշել, իսկ բժիշկ Իլոյանը սխալ բուժում էր իրականացրել:

Բժիշկներին մեղադրանք առաջադրելով՝ նրանց ձերբակալեցին և 3 օր ՁՊՎ-ում պահելով՝  կալանավորման միջնորդություն ներկայացրին: Դատարանը, այն բավարարելով, սակայն, նրանց նկատմամբ այլընտրանաքային խափանման միջոց կիրառեց՝  գրավ 500 հազար դրամ, որը բժիշկները հաջորդ օրը վճարելով ազատ արձակվեցին: «Հետքն» անդրադարձել է այս պատմությանը:  

Հատկանշական է, որ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերին, այդ պահից սկսած նյութեր էին նախապատրաստվել, և բժիշկներն այդ ընթացքում մի քանի անգամ կանչվել էին հարցաքննության, բայց նրանց ձերբակալեցին դեպքից 7 ամիս անց՝ հեռախոսով կանչելով ոստիկանություն:

Բժիշկների ձերբակալվելուց, կալանավորվելուց և գրավի դիմաց ազատվելուց հետո պաշտպանական կողմը միջնորդեց նախաքննական մարմնին՝ նշանակել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ստացվել է կրկնակի փորձաքննության եզրակացությունը, որով հերքվում է, որ հիվանդը հեմոռոգիկ և տրավմատիկ շոկից է մահացել: Մահվան պատճառ է նշվում տուբերկուլիոզով պայմանավորված սուր շնչառական անբավարարությունը՝ խիստ արտահայտված թարախային միաձուլվող բրոնխոպլևմանիայով և նմանատիպ այլ հիվանդություններով: Նույն եզրակացությամբ՝ բժիշկների կողմից որևէ թերություն, սխալ չի եղել, որը կհանգեցներ հիվանդի մահվան:

Այս եզրակացությունն ստանալուց հետո, սակայն, նախաքննական մարմինը, ի դեմս ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Տարոն Թադևոսյանի, սեպտեմբերի 20-ին կայացրել է որոշում՝ նոր փորձաքննություն նշանակելու մասին՝ պատճառաբանելով, թե գործում 2 հակասական եզրակացություն կա, որոնցից մեկով՝ բժիշկները մեղավոր են հիվանդի մահվան մեջ, մյուսով՝ ոչ: Մինչդեռ, ինչպես բժիշկներից Վարդան Մխիթարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանն է նշում, քննիչի նշված՝ նոր փորձաքննություն նշանակելու մասին որոշումն անօրինական է:

«Քննիչն ասում է՝ հակասող եզրակացություններ կան, 3-րդն ենք նշանակում: Ստացվում է՝ մեկ սխալ և մեկ ճիշտ եզրակացություն, 3-րդն էլ նշանակում են, որ տեսնեն սխալը սխա±լ էր, թե± ճիշտը ճիշտ: Ընդ որում՝ առաջինն իրենք արդեն իսկ համարել են սխալ՝ կրկնակի փորձաքննություն նշանակելով: Կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքերը օրենքով հստակ սահմանված են. կրկնակի նշանակվում է, երբ ստացված եզրակացությունը սխալ է: Հետևաբար, եթե քննիչը բավարարել է մեր միջնորդությունը և նշանակել է կրկնակի հանձնաժողովային  փորձաքննություն, նշանակում է՝ առաջին եզրակացությունը, որ բժիշկներն են մեղավոր հիվանդի մահվան մեջ, ինքը ճանաչել է սխալ, չհիմնավորված»,-պարզաբանում է փաստաբանը: Չնայած համոզված է, որ 3-րդ փորձաքննության եզրակացությամբ էլ պետք է հաստատվի բժիշկների անմեղությունը:

«Եթե 3-րդը ստացվի, պետք է քրգործով վարույթը կարճվի, որն արդեն այս փուլում պետք է կարճվեր: Երբ որ արդեն վերջնական քրեական գործի վարույթը կկարճվի՝  արդարացման հիմքով, այսինքն, որ բժիշկների գործողություններում հանցակազմ չկա, կոնկրետ ես միջոցներ եմ ձեռնարկելու, որպեսզի ապօրինի մեղադրանքի և ապօրինի ձերբալակալման համար նման ցուցումներ տվողները և այդպիսի ապօրինի ցուցումներ կատարողները ենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Համենայնդեպս, իրենց սխալ որոշումների համար պետք է որոշակի հետևություններ անեն իրենք»,-ասում է Ռուբեն Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter