HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այստեղ հեշտ է շփվել Աստծո հետ»

Ազատագրված տարածքներ տեղափոխվելու իրենց որոշումը Քաշաթաղի բնակիչներն առավել հաճախ բացատրում են վատ սոցիալական պայմաններով այն վայրերում, որտեղից իրենք եկել են:

Ավելի հազվադեպ շարժառիթը հայրենասիրությունն է: Երբ այդ հարցը տվեցի հյուսիսային Քարաբակ գյուղի բնակիչ Ատոմ Դիլանյանին, պատասխանն անսպասելի էր. «Ո՞նց քեզ բացատրեմ. այստեղ շատ հեշտ է շփվել Աստծո հետ»:

Ատոմը կնոջ՝ Սվետլանայի հետ Քարաբակ է տեղափոխվել Վանաձորից, մեկուկես տարի առաջ: «Վանաձորում վատ չէինք ապրում,- ասում է Ատոմը:- Ես Լոռվա մարզի շոու բիզնեսի տնօրենն էի»: Իմ զարմանքը տեսնելով՝ նա վիրավորվեց. «Հա, հա, մի զարմացիր, Լոռին Հայաստանի մշակութային կենտրոններից մեկն է»:

Ես չբացատրեցի, որ ինձ զարմացրեց ոչ թե այն փաստը, որ Լոռու մարզում մշակույթ կա, այլ որ նման մասնագիտություն գոյություն ունի` շոու բիզնեսի տնօրեն:

«Հետո ղեկավարությունը փոխվեց,- շարունակում է նա,- ես էլ դուրս եկա աշխատանքից: Անկեղծ ասած՝ սկզբում մտադրություն կար գնալ արտասահման աշխատելու, բայց հետո մտածեցինք, որ մեր հայրենիքն ավելի հարմար է բոլոր առումներով: Բացի դա, նոր էինք ամուսնացել Սվետիկի հետ, ուզում էինք ամեն ինչ նոր լինի»:

Ատոմ Դիլանյան Սվետլանա Կամիլա

Սվետլանան այդ ժամանակ աշխատում էր օծանելիք ներմուծող ընկերությունում, ինչպես ինքն է ասում` «ոչ բարձր, բայց խոստումնալից պաշտոնում»: Սակայն աշխատանքը թողեց առանց ափսոսանքի: «Իմ համար կարեւորը լինել այնտեղ, որտեղ ամուսինս է»,- ասում է նա:

Նրանց երեք ամսական որդին՝ Արգիշտին, ծնվել է Քարաբակում՝ տանը, ընդ որում` Ատոմն ինքն է ընդունել երեխայի ծնունդը: Մեր զարմանքին ի պատասխան՝ նա հանգիստ թոթվեց ուսերը. «Ի՞նչ կա դրա մեջ որ, առաջին անգամը չի, բոլոր կովերիս ծնունդը ես եմ ընդունել»:

Ատոմը խոսում է դանդաղ՝ փոքր-ինչ երկարացնելով բառերը: Երբեմն, շատ հազվադեպ, նրան ինչ-որ բան հանում է անվրդով վիճակից. օրինակ` երբ նա մի փոքր երկար է մտածում հարցի պատասխանի վերաբերյալ, իսկ իր մոտ հյուրընկալվող մայրը կամ զոքանչը պատասխանում են իր փոխարեն, կարծես «նա փոքր երեխա է»:

Քառասունամյա Ատոմը մի ընկեր ունի՝ տասնիննամյա Արմենը: Արմենի ընտանիքը Ատոմի միակ հարեւանն է: Գյուղի բնակչության փոքրաթիվությունը եւ՛ Ատոմը, եւ՛ Սվետան համարում են Քարաբակի գլխավոր արժանիքը:

«Մարդ չկա, ուրեմն բամբասանք էլ չկա: Ոչ ոք չի խառնվում կյանքիդ ու չի քանդում կյանքդ»,- տրամաբանում է Սվետան:

Մարդկանց նրանք այստեղ ուզում են տեսնել, բայց միայն զբոսաշրջիկի կարգավիճակում: Այս կողմերում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ Ատոմն ու Արմենը լայնածավալ նախագծեր ունեն:

«Մեզ մոտ զբոսաշրջիկների համար ուղղակի դրախտ է,- հավաստիացնում է Ատոմը,- Շվեյցարիայից էլ լավ է, ու շատ ավելի էժան»:

Այդ «դրախտում» Ատոմն ու Արմենը պատրաստվում են արգելանոց հիմնել, այսինքն՝ շրջափակել մի մեծ հողակտոր եւ այնտեղ բնակեցնել կենդանիներ ու թռչուններ: Ատոմը համոզված է, որ թռչունների այնպիսի բազմազանություն, ինչպիսին իրենց մոտ է, էլ ոչ մի տեղ չկա` ո՛չ Հայաստանում, ո՛չ Ղարաբաղում: Երբ անասունից ու մեղվից ազատ ժամանակ է լինում, Ատոմը եւ իր պատանի ընկերը ժամերով թափառում են անտառներում՝ ուսումնասիրելով թռչունների, միջատների եւ բույսերի կյանքը:

Ընկերները պատրաստվում են հետագայում նավ կառուցել: Ճիշտ է, դեռ չգիտեն, թե այն որտեղ պետք է լողա: Արմենը նավակներ է պատրաստում ձեռքի տակ եղած նյութերից, մի քանիսը նույնիսկ վաճառել է:

Ծրագիր կա նաեւ գյուղում ռանչո կառուցել, որպեսզի տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներն կարողանան ձիերով գալ այստեղ. չէ՞ որ մեքենաների համար նորմալ ճանապարհներ չկան :

Ես առարկում եմ` ասելով, որ զբոսաշրջության զարգացման համար մեծ գումարներ կպահանջվեն, որ անհրաժեշտ է գոնե նվազագույն պայմաններ ստեղծել զբոսաշրջիկների համար: Ատոմը նույնքան հանգիստ եւ անշտապ պատասխանում է. «Մարդիկ հարմարությունների պակասը շատ մեծ խնդիր են համարում: Ու անընդհատ սպասում են, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն իրենց համար հարմարություններ կստեղծի: Բայց իրականում մարդուն շատ քիչ բան է պետք, ու ինքն իր ուժերով կարող է իր համար այդ քիչը ստեղծել»:

Ատոմն ու Արմենն իրենց համար արդեն «լիճ» են ստեղծել. այդպես նրանք կոչում են ջրվեժի տակի փոքրիկ լճակը:

Տասներկու տարի առանց էլեկտրաէներգիայի ապրելով` ընկերները մտածել են յուրովի լուծել այդ խնդիրը. նրանք պատրաստվում են մոտ ապագայում սկսել քամու ու ջրի հիման վրա աշխատող հոսանքի գեներատորի կառուցման աշխատանքը:

Առաջին ամուսնությունից Սվետլանան յոթամյա դուստր ունի` Կամիլա ն, որն ապրում է Վանաձորում՝ տատիկի հետ: «Որովհետեւ դպրոց է գնում»,- բացատրում է մայրը:

Քարաբակում դպրոց չկա: Ամենամոտ դպրոցը վեց կիլոմետր հեռու է` Մովսեսաշենում: «Իսկ երբ Արգիշտին մեծանա, նրա՞ն էլ Վանաձորում եք դպրոց ուղարկելու»,- հարցնում եմ ես: «Ոչ,- ասում է Ատոմը,- այդ ժամանակ արդեն կամ մեքենա կունենանք ու Մովսեսաշենում կգնա դպրոց, կամ էլ այստեղ արդեն դպրոց կկառուցեն»:

Չնայած՝ չեմ կարծում, թե այն հարցը` կգնա՞ իր տղան դպրոց, թե` ոչ, Ատոմին առանձնապես հուզում է: Իր երեխան այստեղ «ազատ մարդ» է մեծանալու՝ ի տարբերություն քաղաքի բնակիչների, ու դա ամենակարեւորն է:

«Քաղաքում մարդիկ շատ են մտածում: Այն մասին, որ չկորցնեն, այն մասին, որ բազմապատկեն ունեցածը: Երբ միաժամանակ շատ բաների մասին ես մտածում, ուղեղդ հոգնում է, սկսում է վատ աշխատել, ու շուտ ես ծերանում, հետեւաբար քիչ ես ապրում: Իսկ էստեղ մենք հեռու ենք աշխարհիկ հարցերից ու մտահոգություններից: Էստեղ մենք ազատ ենք»,- ասում է Ատոմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter