HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաները երաժշտություն են սովորում առանց գործիքների

«Երբ ընտանիքս Չարենցավանից տեղափոխվեց այս գյուղ, էստեղ միայն շինարարներն էին: 1999 թիվն էր, եւ այստեղ ոչինչ չկար: Մինչեւ 2002 թվականը էլեկտրականություն չունեինք: Հիմա ընտանիքի յուրաքանչյուր անդամին անվճար հասնում է 60 կվտ էլեկտրաէներգիա: Շատերը մեքենա ունեն, տրանսպորտ կա դեպի Ստեփանակերտ ու Վարդենիս: Վերջին տարիներին կյանքը գյուղում անհամեմատ լավացել է, ու կարծում եմ` հետագայում ավելի լավ է լինելու»,- ասում է Ռոբերտը:

Վերին Շեն գյուղը Նոր Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառից 7 կմ է հեռու: Վերին Շենի «ժողովրդական» անվանումը Վալոդավան է: Առասպելի համաձայն՝ Վալոդ անունով մի մարդ պատերազմից հետո եկել է այստեղ, հիմնել է այս գյուղը եւ այն կոչել իր անունով: Ըստ մյուս վարկածի՝ Վալոդը ոչ թե ապրել, այլ կռվել ու զոհվել է այստեղ: Հաշվի առնելով, որ Ռոբերտի հարազատներն առաջին վերաբնակներն են եղել եւ նրանց մեջ Վալոդ անունով մարդ չի եղել, երկրորդ վարկածն ավելի հավանական է թվում:

53 տուն ունեցող Վերին Շենը ոչնչով չի առանձնանում Նոր Շահումյանի շրջանի մյուս գյուղերից: Նորմալ ճանապարհների բացակայությունը, միակ խանութը, ուր ամեն ինչ այնքան թանկ է, որ գյուղացիները գերադասում են լուրջ գնումների համար հասնել Վարդենիս, ամենօրյա երկար հերթը ընկուզենու տակ՝ գյուղում ջրի միակ աղբյուրի մոտ... Այս ֆոնի վրա Ռոբերտ

Վիրաբյանի լավատեսական տրամադրությունը կարող է տարակուսանք առաջացնել: Հատկապես հաշվի առնելով, որ այն արտացոլում է գյուղի բնակչության մեծ մասի տրամադրությունը: Պատճառը, գուցե, զինվորական զորամասի առկայությունն է, որտեղ աշխատում է գյուղի արական սեռի բնակչության մեծ մասը:

«Պայմանագիր ենք կնքում երեք տարով: Մի ամիս դիրքերում ենք, պաշտպանում ենք մեր սահմանը, երկու ամիս տանն ենք»,- ասում է Ռոբերտը:

Նրա կինը՝ Արեգնազան Ավետյանը, ավելացնում է, որ զորամասում հիմնականում աշխատում են նրանք, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, իսկ կրթվածները զբաղված են դպրոցում եւ գյուղապետարանում: Վերջիններն էլ են հաճախ գերադասում աշխատանքը զորամասում, որովհետեւ այնտեղ աշխատավարձն ավելի բարձր է:

Արեգնազանի ընտանիքն այստեղ է եկել 2001 թվականին: Հայրը՝ Ալբերտ Ավետյանը, զինվորական էր` Ղարաբաղյան պատերազմի մասնակից, եւ մինչ իր մահը ( անցյալ տարի) «Նոր Շահումյան» թերթի խմբագիրն էր:

Ինքը՝ Արեգնազանը, գյուղի ակումբի վարիչն է: Հիմա էլ աշխատում է՝ չնայած դուստրը` Սիրանույշը, երեք ամսական է:

Գյուղի ակումբը մի սենյակ է գյուղապետարանում, ուր կա մեկ սեղան եւ մեկ նստարան, որոնք վերջերս են հատկացվել: Մասնագիտությամբ խմբավար եւ քանոնահար Արեգնազանն այստեղ երաժշտական խմբակ է բացել: Նա երեխաներին նոտաներ է սովորեցնում: Սակայն խնդիրն այն է, որ երեխաները միայն տեսականորեն գիտեն քանոն կամ շվի նվագել, որովհետեւ գործիքներ չունեն:

«Դա, իրոք, լուրջ խնդիր է,- ասում է Արեգնազանը:- Երեխաները մնում են երեխաներ. նրանք ուզում են վազվզել անտառում, անասունը տանել արոտավայրեր, մի խոսքով` ազատության մեջ լինել: Իսկ գործիքների բացակայության պայմաններում ընդհանրապես շահագրգռված չեն սովորել»:

Արեգնազանը տասնհինգ աշակերտ ունի: Նա ուզում է այլ խմբակներ էլ բացել ակումբում, բայց հիմա դա հնարավոր չէ` մասնագետների եւ տարածքի բացակայության պատճառով:

Իսկ ահա վերջերս վերանորոգված միջնակարգ դպրոցում մասնագետների կարիք չկա: Արեգնազանն ասում է, որ Վերին Շենում երիտասարդները ձգտում են սովորել. «Զարմանալի է, բայց ուսումից հետո բոլորը վերադառնում են գյուղ»: Ամենատարածված մասնագիտությունը մանկավարժությունն է:

«Վատն այն է, որ ուսուցիչները մեծամասամբ այստեղից չեն,- ասում է Արեգնազանը:- Մեզ մոտ շատերը հեռակա են սովորում՝ միաժամանակ աշխատելով: Իսկ հետո դպրոցում աշխատանքի են վերցնում ստացիոնար կրթությամբ մասնագետի: Լավ կլիներ, եթե մեր ուսանողներին մի քիչ ընդառաջեին, որ մեր ուսուցիչներն էլ մեր գյուղից լինեին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter