Բնակիչների ահազանգը. շինարարությունը կանաչ տարածքների հաշվին շարունակվում է
Օրերս Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչները ահազանգել էին, որ իրենց շենքի դիմացի կանաչ տարածքում շինարարություն է սկսվել, ապա դիմում-բողոք հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Թեև Երևանի քաղաքապետարանը դեռևս պաշտոնական պատասխան չի տվել և համապատասխան տեսուչներ չի ուղարկել դեպքի վայր, բայց բնակիչների պահանջով շինարարություն իրականացնողները ներկայացրել են փաստաղթղթեր, որոնցից պարզ է դարձել, որ կառուցվում է երկհարկանի առևտրի սրահ (չնայած մինչ այդ խոսվում էր խաղահրապարակի կառուցման մասին):
Այսօր կրկին բնակիչները ահազանգել են. բանն այն է, որ քանի դեռ քաղաքապետարանը լռում է, կանաչ տարածքների հաշվին շինարարություն իրականացնողները մի ցուցապաստառ են փակցրել, որում ներկայացված է կառուցվելիք շինության տեսքը: Ի դեպ, այն բանից հետո, երբ մասնագետները տեղեկացրել են ծառեր կտրելու համար շինարարությունն իրականացնողին սպառնացող տուգանքի մասին, վերջինս սկսել է ձմեռային լուսանկարներ տարածել, որոնցում տվյալ տարածքի ծառերը «մերկ» են: Մինչդեռ, այդ լուրերն ու տարածված լուսանկարները չեն արտացոլում իրականությունն այն պարզ պատճառով, որ ձմռանը բոլոր ծառերն էլ «մերկանում են»:
Բնակիչները պահանջում են չվերսկսել շինարարությունը, մինչև լինի Երևնի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը: Միաժամանակ դիմում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին' խնդրանքով այս հարցին լուծում տալ. իրականացվող շինարարության փոխարեն խաղահրապարակ կառուցել կամ վերականգնել նախկին կանաչ գոտին:
Արզումայնան 4 շենքի բնակիչներ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել