HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաջիկն առաջարկել է պայթյուններ իրականացնել Բաքվում

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից բացահայտվել և կանխվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործունեության փորձը:
 
Ս.թ սեպտեմբերի 24-ին ՀՀ իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979 թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, որը հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը Զ. Օտաժոնովը հիմնավորել է նրանով, թե 2012 թ. ընթացքում աշխատել է Բաքու քաղաքի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս ՀՀ ԱԱԾ մարմիններին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ և նրա գործողությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք: Ադրբեջանական կողմի այս քայլերը նպատակ են հետապնդել միջազգային տարբեր ատյաններում և ԶԼՄ-ներում իրականացվող հակահայկական քարոզչությունում Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ կազմակերպող և հովանավորող երկիր:

Ուշագրավ է, որ Զ. Օտաժոնովին Հայաստան ուղարկելը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու ու հերոսացնելու արդյունքում քաղաքական դժվարին իրավիճակում հայտնվելու ժամանակաշրջանում:
 
Այսպիսով, Ադրբեջանի համապատասխան մարմինները փորձել են ուղղակիորեն օգտագործել Զ. Օտաժոնովին` միջազգային հանրության շրջանում Ռ. Սաֆարովի շուրջ ստեղծված դժգոհության ալիքը մեղմելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը բազմիցս հայտարարել և ապացուցել է, որ ահաբեկչական ցանկացած գործողություն անընդունելի և դատապարտելի է, սակայն, այդ ու հանդերձ ադրբեջանական կողմն իր գործած հանցանքները հնարավորինս կոծկելու համար դիմել է նման անհեթեթ արկածախնդրության:

Զ. Օտաժոնովը վտարվել է Հայաստանի Հանրապետությունից: 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter