HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյան

Կարմիր գետի ափին աղոթելիս

Դատավորի մեռնելու երրորդ օրվա լիալուսին գիշերը թաղի թափառական ամենախոշոր Ստեփան անունով կատուն պատուհանից ներս մտավ ու բոլորի աչքի առաջ խփեց մեռելին:

Երկու ամսվա ընթացքում դա արդեն երրորդ հանգուցյալն էր, որոնց դագաղի վրա լիալուսին գիշերներին հարձակվել էր:

Գիշերվա կեսին հրավիրված պաթոլոգոանատոմը գունավոր փոշիներով, օխրայով ու կապույտ մածուկներով սարքեց դատավորի դեմքը:

Տոթից շնչահեղձվում էինք, վիճում էինք: Տարբեր առաջարկություններ կային: Ասում են. «Դատավորը…»: Կարևոր խորհուրդներով են գնում-գալիս: Լապտերները վառած` շտապ օգնությունն էլ եկավ, ներսից «վալիդոլ» է բուրում: Բժշկուհու կոնքերին եմ նայում: Ուշ ժամ է, գնում են տները: Հետո լռություն է:

Վաչիկը կատվի տեղը գիտեր, տրամվայի շրջադարձից այն կողմ` փողոցի ծայրամասում, սև տուֆե տների բակում, աղբյուրի մոտ է տեսել:

Ֆորմալինի հոտ է կանգնել տաք օդի մեջ: Մեկ-երկու հրացան են վերցնում, մի քանի հոգով դուրս են գալիս, դատարանի աշխատակիցներից մեկն էլ է նրանց հետ գնում:

Չորս-հինգ ժամ առաջ, այդպիսի ահարկու հարձակումից սարսափած` դատավորի ութ տարեկան տղան ուշագնաց եղավ, լեզուն կուլ գնաց, հիմա էլ լեզուն է բռնվել, տարել են հիվանդանոց, կինը` Սուսանն էլ է այնտեղ:

Դատավորը մեր բարեկամն է, մեզ հորեղբոր տղա է գալիս, մի քանի հոգոով մնացինք` վերջին գիշերն էինք նրա հետ անցկացնելու, եթե աղջիկն ու փեսան հասցնեին, հեռագրի համաձայն, Մոսկվայից գային:

Սուրենը` մեր հորեղբոր տղաներից ամենաավագը, մեզանից ոչ մեկի հետ ընդհանրապես համաձայն չէ: Ուզում է հուղարկավորությունը անպայման «պետական գործչին» վայել, փողային երաժշտությունով լինի:

Ասում է. «Տերտեր-մերտեր հրավիրեցինք` ես հաստատ գիտեմ` մարզ-պետը չի գա»: Ինձ ասում է. «Խոսիր, ի՞նչ ես սուսուփուս նստել, երբ որ խոսել է պետք, միշտ կողք ես կանգնում, մի բան ասա, գոնե ձայնդ լսենք,– ասում է, իսկ եթե տերտեր չհրավիրենք, կարող է մարզպետը գա: Կգա, բո-լորիս պատիվն է, միայն ինձ համար չէ: Մի երկու երեխի էլ մի քանի բարձ-մարձ կտանք ձեռները, թող ետևից մեդալները բերեն: Ինձ որ լսեք, մինչև անգամ մարտական զենքը կարելի է բարձի վրա տանել»: Գալիս, կանգ-նում է իմ դիմաց, ասում է. «Հիմա էլ պրծում չկա, սկսիր խոսել,– ասում է,– ես դիպլոմ չունեմ, դիպլոմավորները դուք եք, մեր հավատարմությունը տեսնելով` ձեզ աշխատանք կտան, ինձ` չէ»: Ասում է. «Ի՞նչ վերին գոյություն, չկա բնությունը հավասարակշռող այդպիսի ուժ. չնայած բարձրա-գույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ էլ շատ եմ խոսել, ձեզ էլ ասեմ»: Առարկություն չի ընդունում, մանավանդ իմը, մի բառ անգամ չի թողնում խոսեմ, լռեցնում է: Ոչ մեկիս հետ համաձայն չէ, վիճում է: Ասում է. «Մեր աշխարհը, որտեղ ապրում ենք, խուփով ծածկված է, բնակվում ենք փակ համակարգի մեջ, ինչքան ուզում ես աղաղակիր, օգ-նություն կանչիր, ոչ ոք չի լսի: Ջրհորի միջից որ կանչես, քեզ դրսից կլսե՞ն»:

Պաթոլոգանատոմն ընդհատում է աշխատանքը, ասում է. «Սուրճ կա՞, թե` չե՞ք կարող մի հատ սուրճ տալ,– Սուրենին թե,– այդպես չեն ասի, այդպիսի բան կասե՞ն»: Քանի որ հացը նման աշխատանքով էր վաստակում, մեր վերաբերմունքը արհամարհական էր, չարձագանքեցինք:

Սուրենը` մեր հորեղբոր տղաներից ամենաավագը, ծխախոտը վառել է, դրսում ցանկապատի երկաթե դուռն է բացվում-փակվում, ասում է. «Չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ շատ եմ խոսել, հիմա էլ ասեմ: Նավը ձեզ օրինակ` մեր երկրագունդը օվկիանոսում կորած նավի նման է, միայն թե առանց ղեկի ու շարժիչի սլանում է, ոչ մեկն էլ չգիտի, թե` ուր: Հրեշտակ-մրեշտակ էլ չկա: Մոմ վառել, ծունկ ծալելն էլ իզուր է, երբ պիտի խելքի գանք ունայնության առաջ, դատարկություն, դատարկություն է: Նորիկիս ժամանակ ետառաջ եմ վազվզում գետի երկայնքով, օգնություն եմ կանչում, ձեռք եմ պարզում երկինք, աղաչում եմ, աղոթում եմ, ոչ մի բան… տասը տարեկան էր»: Նորիկին անցյալ տարի Կարմիր գետը տարավ: Երկու անգամ էլ կինը հղիությունը չպահեց, վիժեց, հետո հայտնի մի մարդու սիրուհին դարձավ:

Պաթոլոգանատոմը օխրայով ու կապտագույն մածուկով դատավորի դեմքն է սարքում, ասում է. «Կռացած էնքան շնչեցի էս ֆորմալինի հոտը, ոնց որ արբած լինեմ, սուրճ չունե՞ք, մի հատ սուրճ տայիք, կամ եթե չկա` թունդ թեյ,– Սուրենին ասում է,– այդպես մի խոսիր, այդպես չեն արտահայտվի»: Սուրենն ասում է. «Քեզ ինչ կա, եղածը իմ հետ է եղել»: Նրա մասնագիտության վերաբերյալ շատ վատ բան է ասում: Ահագին ժամա-նակ վիճում են իրար հետ:

Ուշացած փողկապավոր տղամարդիկ, ծաղկեփնջերով կանայք են գալիս, մթից լույսի մեջ են հայտնվել, խոնավ պեծկլտացող աչքեր ունեն: Կանգնել են, նորից են գնում մութի մեջ, ասում են. «Դատավորը»: Հենց հեռանում են, Սուրենը շարունակում է իր խոսքը, ասում է. «Չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ էլ շատ եմ խոսել»: Կրթության մասին նրա քամահրանքով արտահայտվելը իմ համալսարանական լինելուն էր վերաբերվում: Տանել չի կարողանում խո-սելս, առավել ևս` ցանկացած հարցի մասին կարծիք հայտնելս:

Ձևացնում է, թե իրենց վեճին միջամտեցի, դրանից է նյարդայնացել, իրականում կնոջ` հայտնի մարդու սիրուհին լինելուց է անհաշտվողակա-նությունն իմ հետ: Անընդհատ լռում եմ, որ հունից դուրս չգա, խուսափում եմ ուղիղ ինձ վերաբերվող խոսքին պատասխանել:

Հետո նորից է բոլորի հետ վիճում, կրկին անցնում է տիեզերական թեմային: Կնոջ անունն է տալիս, թե նրա միամսյա անհայտ բացակայության ժամանակ, թեկուզ լիներ որևէ առողջարանում բուժման նպատակով, ինքը գիշերուզօր երեսը բարձի մեջ խրած` խոսել է: Ասում է. «Անդունդի պես դատարկ է մեր շուրջբոլորը, և թող մարդը հույս չունենա որևէ տեղից,– ասում է,– ես այս մասին շատ եմ խոսել դատավորի հետ»:

Առարկություններ չի ընդունում, այդ թեմայով արդեն հայտնի, ձևակերպված օրենքներն ու հասկացությունները նույնպես մերժում է: Վեճը կիսատ է թողնում, ասում է. «Ախպեր, այո, եթե այդպես է, դե թող արձա-գանքի»: Աջ ձեռքի մատները ծալում է, ոսկրոտ մասով երեք անգամ հաստ պատն է ծեծում, ասում է. «Ահա, դե թող պատասխանի ձեր ասածը…»: Քննախույզ` մեր աչքերը դիտում, սպասում է, քմծիծաղ կա ներքևի շրթուն-քին:

Երեք անգամ, հատ առ հատ ընդմիջվելով, պատասխան թակվում է տան` դրսի, փողոցին զուգահեռ անցնող պատը:

Գիշերվա ժամը հինգին հայտնի լռությունն է, երբ քնում են անգամ ամենազգոն շները, տոթը պաղում է, մոմերի բոցի վրա դեռ գիշերային թիթեռ-ներ են ճտտոցով պայթում:

Աթոռին քնած Հովանը զարթնում է քնից, հարցնում է. «Ի՞նչ»: Սուրենը` մեր ամենաավագ հորեղբոր տղան, ասում է. «Այդքանով պրծավ ու գնա՞ց, մենք էլ հավատացինք»: Հանկարծ ցատկում է տեղից, չորս անգամ դրսի պատն է ծեծում, ասում է. «Եթե կա, դե թող հիմա էլ չորս անգամ պատասխան խփի»:

Այդ պահին Վաչիկն ու նրա հետ գնացածներն են վերադառնում: Ասում է. «Մեծը կուրացած էր, չտեսավ էլ` ինչպես մոտեցանք, երևի դրանց սև կարիճն էր կծել, աղբյուրից չէին հեռանում, անընդհատ խմում էին, չորսին էլ տեղնուտեղը մեխեցինք պատին: Ձագերը շատ սիրուն էին` մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter