HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՄԵՆՔ» եւ մեր «անառակ որդու» թատերագրությունը

«Անարգելով ազգի պակասությունները, ո՛չ միայն չես անարգում ազգը, ո՛չ միայն չես դառնում նրան թշնամի, այլ մնում ես որպես իսկական բարեկամ, քանզի քո ցանկությունն է եղել ազատված տեսնել նրան բոլոր պակասություններից»:

Միքայել Նալբանդյան

«Չնայած հանրապետությունում տիրող ծանր վիճակին՝ ցրտին, համաճարակին եւ սովին, ներկայացումներն ընթանում էին լեփ-լեցուն դահլիճներում: Հ. Զարիֆյանի թատերական խումբը հյուրախաղերով շրջագայում է Հայաստանի գավառներում: Մինչեւ 1919 թ. հուլիս ամիսը հանդիսատեսին են ներկայացվում հայ հեղինակների՝ Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար» պիեսները, Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի բեմականացումը, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական դասականներից՝ Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ» ողբերգությունները եւ այլն: Հ. Զարիֆյանը բեմադրում է նաեւ արեւմտահայ (վանեցի) տաղանդավոր երգիծաբան Լեռ Կամսարի «Կասկածին պտուղը» կենցաղային կատակերգությունը եւ «Զոհ» ողբերգությունը» (Գուրգեն Վարդանյան, «Մշակույթը Հայաստանի առաջին Հանրապետությունում», Երեւան, 2003, էջ 136-141):

Սա Առաջին հանրապետության թատրոնի պատմությունից է:

Իսկ արդեն Երրորդ հանրապետության օրերին:

Չնայած հանրապետությունում տիրող ծանր վիճակին՝ ցրտին, մթին, մեզ պարտադրած պատերազմին, 1993թ. Համազգային թատրոնը Սոս Սարգսյանի և Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ ներկայացրեց Լեռ Կամսարի «Մենք» բեմադրությունը: Ընդգրկված էր դերասանական հրաշալի փաղանգ:

Մինչև բեմադրելը Սիփան Շիրազը ինձ փոխանցել էր, որ Երվանդ Ղազանչյանը հետաքրքրված է երգիծաբանի անտիպ նյութերով՝ համալրելու համար ներկայացումը: Հաշվի առնելով ժամանակի պահանջն, ընտրեցի հակաբոլշևիկյան թեմաներ՝ ուր հեղինակը ձաղկում էր Լենինի, Տրոցկու, Ստալինի, քաղբյուրոյի և ընդհանրապես սոց համակարգի բերած չարիքները, բայց ի զարմանս ինձ, պարոն Ղազանչյանը չօգտվեց դրանցից և ոչ մեկից: Նեղսրտեցի, մտածելով, որ նա չի հասկանում բոլշևիզմի ողջ վտանգավորությունը և չի փորձում արմատախիլ անել մեր միջից այդ կործանարար գաղափարախոսությունը:

Որպեսզի հասկանայի Սոս Սարգսյանի և Երվանդ Ղազանչյանի հանճարեղ դիտողականությունը և մտավորականի աշխարհաճանաչումը ինձ պետք էր ապրել մեր երկրի անկախացման 20 տարիները: 

Ահա՜, թե ինչ... Ահա՜, թե որտեղից պետք էր սկսել... Չէ որ մեկ անգամ դա եղել էր...

Անկախությունը հարկա՛վ հրաշալի բան է, բայց դրան պետք էր պատրաստ լինել:

Պետք է սկսեինք հե՛նց մեզանից, մե՛ր ազգային թերացումներից: Տեսնելով, թե ուր հասանք, ինչպես վարվեցինք անկախության հետ, ես ուղղակի չեմ կարող չխոնարհվել մեր ժամանակների այդ հսկա մեծությունների՝ Սոս Սարգսյանի և Երվանդ Ղազանչյանի առջև: Չմոռանաք նաև ամենատեսանող Լեռ Կամսարին:

Ներկայացումն ինձ չհաջողվեց լիարժեք նայել էներգետիկ ճգնաժամի պատճառով: Լույսերը մեկ սկզբից էր անջատվում, և մենք ձեռնունայն տուն էինք գնում, կամ կեսից էր անջատվում և անավարտ թողնում հանդիսատեսի սպասումները: Մեկ անգամ միայն մոմի լույսի տակ փորձ եղավ պիեսը մի կերպ դիտել: Գոնե լավ էր տարիներ հետո ռադիոյով լսեցի ձայնագրությունը:

Համազգային թատրոնը մեկնեց Սիրիա հյուրախեղերի, և ես համբերությամբ զինվեցի, որ օրից մի օր ամբողջությամբ կտեսնեմ ներկայացումը: Բայց «Մենքը» գնաց ու գնաց... այլևս չվերադառնալու պայմանով: Մտածեցի, երևի դերասանական կազմը ցրվել է, կամ ներկայացումը դահլիճ չի լցնում, և դա է պատճառը, որ այլևս չի խաղարկվում:

Բայց... Ահա ինչ պարզ դարձավ Հովիկ Երանյանի և պարոն Ղազանչյանի հարցազրույցից.

-Ներկայացումն, իհարկե, շատ բուռն վեճերի առիթ տվեց,- պատմում էր բեմադրիչը, -  նույնիսկ մարդիկ եղան, որ կասկածում էին, որ Սոս Սարգսյանը կամ Երվանդ Ղազանչյանը Հայրենիքը սիրում են, թե չէ: Հասկացող մարդիկ, իհարկե, երևի հասկացան թե ով է սիրում և ով չի սիրում: Այ, ես ապշած եմ Լեռ Կամսարի ուղղակի անպատմելի, ամբացատրելի, մի տիեզերական սիրուն, որ նա ունի դեպի  Հայրենիքը: Ընդհանրապես ես չեմ կարող հիմա որոշել, թե Հակոբ Պարոնյա՞նն է շատ սիրում իր ժողովրդին, իր Հայրենիքը, թե՞ Րաֆֆին: Երկուսն էլ իհարկե սիրում էին, բայց Հակոբ Պարոնյանն երևի թե մի քիչ ավելի, որովհետև նա  անընդհատ ասում էր՝ ուշքի եկեք, անընդհատ, անընդհատ: Եվ էս իմաստով Լեռ Կամսարը մի ֆանտասմագորիկ հեղինակ է...

Ներկայացումը քիչ խաղացվեց, երևի 12-15 անգամ, ոչ ավել, բայց գրեթե ամեն ներկայացումից հետո շատ, այսպես կոչված, գրագետ մարդիկ ասում էին, բայց այս նախադասությունը դուք իզուր էիք ավելացրել: Ասում էի, ես ոչինչ չեմ ավելացրել՝ դա Լեռ Կամսարն է գրել: Չէին հավատում: Այսինքն այնքա՛ն էր այսօրվա, այնքա՛ն էր իրենց մասին, որ ասում էին՝ դա իզուր եք ավելացրել: Ասում էի, ինչպես կարող էի ինձ թույլ տալ՝ ես ամենաշատը կարող եմ նախադասությունը բերել, դնել այնտեղ, որ ձեզ անհանգստացնի (Գզրոցներ - Արարատ 2010թ,. Անմահ հայեր)...

Ուրեմն գտա, թե որտեղ էր թաքնված շան գլուխը՝ Լեռ Կամսարի սատիրան ժողովրդիս քիմքին չէր եկել՝ խոցվել էր, նեղացել...

-Մեկ-երկու չինովնիկ, կամ սուտի-մուտի ազգայնական՝ դեռ ժողովուրդ չեն,-կառարկեք դուք:

-Չէ , էդպես մի ասեք՝ էլի մենք ենք, հո Մոզամբիկից չենք ներմուծել՝ մենք ենք ծնել, մենք ենք սնել, մեզանից են սերված և մեզ լիովին արժանի:

Ուզենք, թե չուզենք էս ենք...Էդպիսին ենք... ՄԵՆՔ ենք...

««Մեզ» արցունք է տվել Տերը՝ «մենք» պիտի լա՜նք, պիտի լա՜նք»...

Մերը ողբասացությունն է...

Պիտի լանք, որ աշխարհը խղճա, ազգերը կարկեցեն և մեզ փրկեն: Մեղավորը քարսիրտ աշխարհն է, աննամուս հարևանները,  հին ու նոր աստվածները և «եսիմ» էլ ով, բայց երբե՛ք  ոչ Մենք: Հա մոռացա, որ ամեն տեղ մասոնական դավ է նկատվում: Նոր փրկչական միսիաներ են ծնվում, և ամեն ոք ուզում է, որ ազգի փրկիչը հենց ինքը լինի...

Իսկ եթե էդպիսին ենք՝ չենք կարող լիաթոք ծիծաղել մեր իսկ արատների վրա, ուրեմն հե՛նց էլ խնդալու ժողովուրդ ենք, և երգիծաբանն իրավունք ուներ իր գրչով մեզ խոշտանգելու: Ամեն անգամ նախանձանքով եմ նայում էն բարեսիրտ ռուս ժողովրդին, երբ Զադորնովի հետ միասին, ինքն իր վրա, իր արածների համար արցունքների միջից անկեղծ ծիծաղում է և  ուշաթափվում  հռհռոցից:

Հիմա կմտածեք, թե ինչո՞ւ հանկարծ որոշեցի քսան տարվա այս պատմությունը մեջտեղ բերել: Ասեմ: Ապահովագրելու միտում կա:

125-ամյակի առիթով պատրաստել եմ տպագրության Լեռ Կամսարի 22 ծաղրախաղ: Եթե տպվի և, սատանի  բան է, գիտեք, հանկարծ նորից մի բեմադրիչի խելքին փչի ներկայացում դնել, հո չենք կարող նորից նրա աշխատանքը լցնել ջուրը, որ տանի:

Ժողովո՛ւրդ ջան, եթե երգիծանքից մի տեղդ ցավում է, մռմռում է, ծակում է՝ ուրեմն այդ տեղում չիբան կա՝ պետք է հապշտապ ազատվել դրանից և չվախենալ  երգիծաբանի բուժիչ նշտարից:

Տարբեր հոդվածներում, մենագրություններում շեշտվում է, որ Լեռ Կամսարը այդպես էլ մեծածավալ գործեր չստեղծեց՝ մնաց փոքր կտավի ստեղծագործող: Ծաղրախաղերի այս ժողովածուն կհերքի այդ կարծիքը: «Ուրանոս» վեպն էլ կթողնեմ մեկ ուրիշ առիթի համար:

Թատերախաղերը  անտիպ են՝ չհաշված «Սաստիկ կոմունիստներից», որը հիմա էլ խաղացվում է Մալյանի թատրոնում (բեմադրիչ Մովսես Ստեփանյան):

Հատված Մալյանի թատրոնի «Սաստիկ կոմունիստներ»
ներկայացումից, 2011թ.
Արամյան թատրոնի ազդագիրը, 1921թ.

Լեռ Կամսարի թատերակներից ամենից շատ ներկայացվել է «Կասկածոտ ամուսին» (Կասկածին պտուղը») պղպջակային, առանձնապես  արժեք չունեցող կոմեդիան և «Հոգու զավակ» դրաման («Զոհ») նախասովետական և սովետական առաջին շրջանում: Երգիծաբանը եղել է նաև դերակատարներից մեկը: Վերոհիշյան գործերը ներկայացվել են նաև ԱՄՆ-ում և Թավրիզի «Արամյան» թատրոնում:

Թատերակների ժողովածուն լույս աշխարհ գալուց հետո արդյո՞ք թատրոնը կանրադառնա Լեռ Կամսարի քաղաքական սատիրային, չգիտեմ, բայց եթե ես բեմադրիչ լինելի կներկայացնեի երգիծաբանի ողբերգական կյանքի պատմությունը: Ազատասեր ազգի ազատ հայ մարդ, որ թուրքական մահասարսուռ բռնապետության ժամանակ խնդաց թուրք բռնակալների երեսին, բոլշևիկների ամենակործան բռնապետությունում խնդաց Լենինի, Ստալինի, իսկ  բանտում ու աքսորում՝ Չեկայի սատրապների երեսին: Չվախեցավ ոչ ոքից և ոչ մի բանից, քանզի սերվել էր ազատատենչ Հայկ նահապետից և իր ազատությունը երբեք սակարկության չդրեց:

Բա՜... Սա էլ ենք մենք,  Մենք այսպիսին էլ կարող ենք լինել...

Ավարտեմ խոսքս Մեզնից մեկի՝ Լեռ Կամսարի խոսքերով, որ  քննադատության առջև չընկրկենք,  հանդուրժող լինենք.

«Այսօր բաղնիք գնացի:

Լողանալս մոռացած՝ երկար նստած նայում էի, թե ինչպես քիսաչին շարքով պառկեցնում անմռունչ հաճախորդներին, լողացնում, մաքրում և դուրս է հանում:

Մտքիս մեջ ասում եմ՝ քիսաչին այն է բաղնիքում, ինչ երգիծաբանը գրականության մեջ: Երկուսն էլ նույնիմաստ գործն են կատարում, առաջինը մարդուն մաքրում է ֆիզիկապես, իսկ երկրորդը՝ բարոյապես: Միակ տարբերությունն այն է, որ բաղնիքում լողացողները չեն ընդդիմանում քիսաչուն, որ կողքին պառկել հրամայի՝ կպառկեն, ու եթե սխալմամբ մի փոքր էլ փրփուր սպրդի աչքերը՝ չեն կատաղում և չեն հայհոյում քիսաչուն:

Իսկ երգիծաբանի գործն այդքան հեշտ չէ: Նախ նրա «լողացողները» այդքան հեշտ չեն պառկում սալին: Պետք է զոռով, մեծ ուժ գործադրելով բաղնիք քարշ տաս, ինչպես մորթվող անասունին մսանոց, և կամ ինչպես նալվող ձիուն պայտագործի մոտ:

Մի հատ փրփուր գնաց աչքը՝ քացի կտա քեզ և չլսված խոսքեր կասի:

Ինչքան համոզես՝ հոգի ջան, ես քեզ համար եմ անում, որ բարոյապես մաքրվես, լավ մարդ դառնաս. նա թե չէ՝ իմ կեղտը ինձ համար ավելի թանկ է, քան ուրիշի մաքրությունը:

Ասում եմ՝ ախր սեփականության գաղափարը «հնի մնացուկ է» ու հիմա ընդունելի չէ: Իսկ նա՝ չէ՛, որ չէ՛:

Ըստ Փավստոս Բյուզանդի, սպարապետ Վահան Մամիկոնյանը միայն իր առնանդամի վրա չորս հարյուր սպի է ունեցել:

Հավատացնում եմ ձեզ, որ դրանից ոչ ավելի, ոչ պակաս սպի ունի այն երգիծաբանը, որ անհավասար ճակատամարտերում իր «թշնամիներին» է... լողացրել: 1961թ.»:

2012թ. սեպտեմբեր

Վանուհի Թովմասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter