
Քննիչի ձեռագիրը. ի՞նչ ընթացք կստանա նորածնի սպանության գործը
«Հետքի» լրագրողը ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում` ավագ քննիչ Ռուբեն Վարդանյանի վարույթում գտնվող գործի շրջանակններում, հարցաքննվում է` որպես «կարեւոր» վկա: Քրեական գործը հարուցվել է նորածնի սպանության դեպքի առթիվ «Հետքի» հոդվածի հիման վրա:
«Գյուղապետը աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ» հրապարակմամբ այս տարվա փետրվարին «Հետքը» տեղեկացրեց 14-ամյա Կարինեի (անունը փոխված է) նկատմամբ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի կատարածի մասին: Ի վերջո, 1962թ. ծնված գյուղապետը կալանավորվեց, եւ անչափահասին սեռական հարաբերության հարկադրելու մեղադրանքով գործը մտավ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:
Կարինեն միակ տուժողն է, որովհետեւ նախաքննական մարմինը Ազատ Ղուկասյանի սեռական ոտնձգությունների այլ զոհ այդպես էլ չգտավ՝ չնայած հոդվածում «Հետքը» միաժամանակ նշել էր, որ գյուղապետի անունը կապվում է նաեւ նմանատիպ այլ միջադեպերի հետ:
«Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ» հրապարակմամբ արդեն անցյալ ամիս «Հետքը» ներկայացրեց Աննա Մկրտչյանի հետ կատարվածը: 21-ամյա աղջիկը պատմում է, թե ինչպես է Ազատ Ղուկասյանը շանտաժի ենթարկելով իրեն պարտադրել սեռական հարաբերության եւ ինչպես է 1 տարի առաջ գյուղապետի պահանջով հանցավոր սեռահակումների արդյունքում ծնված երեխային սեփական ձեռքերով սպանել:
Այս հրապարակման հիման վրա հարուցվեց նոր քրեական գործ, բայց խնդիրն այն է, որ դրանից դեռ 1 շաբաթ առաջ Աննան սեփական նախաձեռնությամբ գյուղապետ Ղուկասյանի գործով Սյունիքի դատարանում ցուցմունք էր տվել ու մանրամասնություններով պատմել կատարվածը: Այսինքն՝ «Հետքի» գրածը հայտնի էր թե դատավոր Նապոլեոն Օհանյանին եւ թե մեղադրող-դատախազ Հայկ Պետրոսյանին: Բայց երկուսն էլ գերադասել էին լռել:
Դատավոր Օհանյանը, հաշվի առնելով վկայի՝ Աննայի ցուցմունքների բովանդակությունը, կարող էր միջնորդություն ներկայացնել իրավապահներին: Բայց փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ դա կկրեր ավելի շատ ձեւական բնույթ, «քանի որ վկայի հայտարարությունները հնչել են դատախազի ներկայությամբ, որն իրավասու եւ տվյալ դեպքում նաեւ պարտավոր էր քրեական գործ հարուցել»: Սակայն, ըստ փաստաբանի, նման իրավիճակներում շատ դժվար է դատախազին նույնիսկ անփութության մեջ մեղադրել, որովհետեւ վերջինս միշտ էլ կարող է ասել՝ ընթացք չեմ տվել, որովհետեւ սպասում էի հարմար պահի:
Այնուամենայնիվ, Հայկ Պետրոսյանի լռությունը անհետեւանք չի մնացել: «Եթե դատախազությունն ամեն ինչ դրական գնահատեր, կարծում եմ՝ գործում երկրորդ մեղադրյալին ներգրավվելու անհրաժեշտություն չէր լինի»,- ասում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը եւ հիշեցնում, որ գլխավոր դատախազի ցուցումով գյուղապետ Ղուկասյանի գործով մեղադրանքը պաշտպանելու է նաեւ Վայոց Ձորի մարզի դատախազը, որն էլ «այսուհետ կիրականացնի այդ գործի դատավարական ղեկավարումը»:
Նոր քրեական գործով զբաղվում է ավագ քննիչ Ռուբեն Վարդանյանը: Նա լծվել է գործով կարեւոր վկայի («կարեւոր վկան» ոստիկանության ձեւակերպումն է – հեղ.)՝ «Հետքի» լրագրողի հարցաքննությանը: Լուսինե Հակոբյանը, որ իրավական աջակցություն է ցուցաբերում «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը, որպես փաստաբան «Հետքի» լրագրողի հարցաքննությանը մասնակցել է: Հակոբյանն ասում է, որ քննիչին առավելապես հուզում է հետեւյալ հարցը՝ լրագրողը Աննա Մկրտչյանի հետ զրույցը ձայնագրե՞լ է:
Ելնելով Աննային «չգտնելու» նախաքննական մարմնի գործելաոճից, այնուհետեւ դատավոր-դատախազի լռությունից՝ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը կարծում է, որ քննիչ Վարդանյանը պարզապես փորձում է իրեն ապահովագրել, եւ քննությունն այնպես տանել, որ հետո հանկարծ չպարզի՝ լրագրողները տիրապետում են այնպիսի ինֆորմացիայի, որը դեռեւս չեն հրապարակել:
«Ինձ համար սկզբից էլ անհասկանալի էր, թե ինչու են լրագրողին հրավիրել հարցաքննության, քանի որ Աննան ամեն ինչ պատմել է նաեւ դատարանում: Բայց երբ իմացա, թե քննիչն ով է, ինչպես է տարբեր գործերով կեղծ ապացույցներ ձեռք բերել՝ մարդկանց ենթարկելով բռնությունների, հասկացա, որ նա հատուկ «առաքելությամբ» է այս գործը ստանձնել»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը հենց այն քննիչն է, ով Սաշա Դավթյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկեց դատարան: Նա մեղադրվում էր մեծ դստերը խոշտանգելու, իսկ փոքրին՝ նաեւ բռնաբարելու մեջ: Երկու տարի առաջ «Հետքն» այս պատմությանը մանրամասն անդրադարձել է՝ ներկայացնելով գործով անցնողների, նույնիսկ Սաշա Դավթյանի համագյուղացիների պատմածները, թե ինչպես է նախաքննական մարմինն անմարդկային վերաբերմունք՝ ֆիզիկական եւ հոգեկան ճնշումներ բանեցնելով ցուցմունքներ կորզել:
Հետագայում Սաշա Դավթյանը դատապարտվեց դստերը խոշտանգելու համար: Խոշտանգում, որը տուժողն ինքը բնութագրել էր իբրեւ հայրական ապտակ: Իսկ անչափահաս դստերը բռնաբարելու մասով Սաշա Դավթյանն արդարացվեց: Ոստիկանությունն այդպես էլ չգտավ իրական բռնաբարողին՝ ոմն Տիգրանին, ում եղբայրը, ըստ ցուցմունքների, բարձրաստիճան ոստիկան էր:
Ոչինչ չփոխվեց նաեւ Ռուբեն Վարդանյանի պարագայում: Նա հաջողությամբ շարունակում է իր կարիերան՝ քննություն իրականացնելով նույնիսկ հասարակական հնչեղություն ստացած այնպիսի գործերով, ինչպիսիք են «Հարսնաքարի» գործը, եւ տվյալ դեպքում նաեւ՝ վերոնշյալ նորածնի սպանության գործը:
Սաշա Դավթյանի գործով քննիչ Ռ. Վարդանյանի գործունեության հետ կապված գոնե ծառայողական քննություն անցկացվե՞լ է: Մի քանի օր է՝ ոստիկանության լրատվության վարչությունից այս հարցի պատասխանը չենք կարողանում ստանալ: Չեն մերժում, ուղղակի ձգձգելով ոչինչ չեն ասում:
Ժամանակին Ս. Դավթյանի փաստաբան Խանում Մկրտչյանը բարձրաձայնել է քննիչ Վարդանյանի կողմից նաեւ իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին: Հիմա էլ՝ նորածնի սպանության գործով, փաստաբան Տիգրան Եգորյանն է հայտարարել, որ քննիչ Վարդանյանն իր նկատմամբ կիրառել է բռնություն: Եգորյանը եւս «Հետքին» տրամադրում է իրավական աջակցություն, եւ դեպքի օրը՝ հոկտեմբերի 8-ին, փորձել է ներկա լինել «Հետքի» լրագրողի հարցաքննությանը:
«Սակայն քննիչ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով վկային թույլատրվում է ունենալ ընդամենը 1 փաստաբան,- ասում է փաստաբան Լուսինե Հակոբյանը,- բայց սա Քր. դատ. օրենսգրքի կամայական մեկնաբանություն է, որովհետեւ օրենսգրքում ընդհանրապես ձեւակերպումները եզակի թվով են, ինչն ամենեւին չի նշանակում, որ վկան կարող է ունենալ 1 փաստաբան կամ տուժողը՝ 1 ներկայացուցիչ»:
Փաստաբաններ Հակոբյանը եւ Եգորյանը բողոք են հղել ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին, Փաստաբանների պալատի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, նախագահի վերահսկողական ծառայության պետին, գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին: Նրանք պահանջում են, որ քննիչ Վարդանյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, իսկ նորածնի սպանության գործի վարույթը փոխանցվի այլ անձի:
Իր հերթին ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ղեկավարությունը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին եւ խնդրել քննարկման առարկա դարձնել փաստաբաններ Եգորյանի եւ Հակոբյանի գործողությունները, լուծել նրանց կարգապահական պատասխանատվության հարցը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել