HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Սպանել երկխոսությունը համատեղ

Մայիսի 31-ի հանրահավաքից հետո ստեղծված ներկայիս իրավիճակը ապացուցում է, որ ոչ իշխանությունը եւ ոչ էլ Հայ ազգային կոնգրեսը երկխոսությունը չեն սկսել կառուցողական իրական տրամադրվածությամբ, ինչն էլ գործընթացը տանում է անփառունակ վախճանի:

ՀԱԿ-ն ի սկզբանե հասկացնում էր, որ գործընթացը տանում է արտահերթ ընտրությունների տրամաբանությամբ, թեեւ հասկանում էր, որ այն չի կարող իշխանության համար քննարկման առարկա դառնալ. որեւէ իշխանություն, եթե ծայրահեղ աննպաստ վիճակում չէ, երբեք չի ստորագրի իր կապիտուլյացիայի փաստաթուղթը:

Մի բան, որ փաստացի նրան փորձում էր պարտադրել Կոնգրեսը` առանց այդ ծայրահեղ վիճակը, անհրաժեշտ նախադրյալները ստեղծելու: Այսինքն` Կոնգրեսը սկսեց մի գործընթաց, որն ի սկզբանե դատապարտված էր ձախողման եւ չէր ծառայելու իր իրական նպատակին` հասարակական ու քաղաքական լարված մթնոլորտի թուլացմանը:

Իրականում երկխոսությունը ՀԱԿ-ի համար պարզապես մարտավարական միջոց էր` առանց ցնցումների իշխանությանը փաստի առաջ կանգնեցնելու համար: Այս իմաստով ՀԱԿ-ի այն բացատրությունները, թե երկիրը սոցիալ-տնտեսական, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, անհամոզիչ են եւ սկզբունքորեն սխալ ձեւակերպված, որովհետեւ խնդիրը ոչ թե բուն ընտրություններ անցկացնելն է, այլ ազատ ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը եւ դրա համար իշխանություններից հստակ երաշխիքներ ստանալը: Իսկ թե դրանք արտահերթ, թե հերթական ընտրություններով կապահովվեն, երկրորդական է:

Իրական կառուցողական երկխոսության օրակարգը, որի շուրջ բանակցությունների կարող էր նստել նաեւ իշխանությունը, միայն դա պետք է լիներ:  Բայց քանի որ երկխոսության միջոցով ՀԱԿ-ն ընդամենը մարտավարական խնդիր էր փորձում լուծել, արեց շատ էական սխալներ, որոնք ներկայումս փակուղու առջեւ են կանգնեցրել ավելի շատ նրան, քան իշխանությանը:

Նախ` բացարձակապես ավելորդ էր երկխոսության միարժեք եւ հակառակ կողմից ի սկզբանե մերժելի օրակարգ սահմանելն այն դեպքում, երբ իշխանությունը, ընդդիմության երեք պահանջները կատարելով, ցույց էր տալիս, որ պատրաստ է գործընթացը շարունակել այդ տրամաբանությամբ:

Երկրորդ` եթե նման օրակարգ է առաջարկվում թեկուզ մարտավարական նկատառումներով, ապա պետք է իշխանության արձագանքի համար ողջախոհ ժամկետներ դրվեին, եւ հստակ հայտարարվեր, թե այն խախտելն ինչ գործընթացների է հանգեցնելու:

Ի դեպ, մարտից սկսած` ՀԱԿ-ն այս սկզբունքով էլ առաջնորդվում էր: Փաստացի հենց դրա արդյունքում էր, որ իշխանությունն իրար ետեւից կատարեց նրա երեք պահանջները: Մինչդեռ այս իրավիճակում ՀԱԿ-ն իսկապես փակուղում է հայտնվել: Այն բանից հետո, երբ  Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իրենք բացառում են հեղափոխական, ապստամբական գործընթացները, չեն առաջնորդվելու ըմբշամարտի կանոններով, վերջնագրերի լեզվով խոսելը դառնում է ոչ միայն անիմաստ, այլեւ անտրամաբանական: Կոնգրեսն ուզում է տպավորություն ստեղծել, որ եթե իշխանությունը չնստի բանակցությունների, հասարակությունն ինքը կարող է ընդվզել, եւ ամեն ինչ կարող է վերահսկողությունից դուրս գալ: Այսինքն` իշխանության` երկխոսությունից հրաժարվելը կարող է ինքնաբուխ հեղափոխության հանգեցնել:

Սա եւս խիստ անտրամաբանական հիմնավորում է, որովհետեւ մինչեւ հիմա ՀԱԿ-ն անընդհատ համոզում էր, թե ներկայացնում է ողջ ժողովրդին, ներկայացնում է հասարակության պահանջներն ու տրամադրությունները, եւ որ կայացված որոշումները ոչ թե կոնկրետ ՀԱԿ-ինն են, այլ բաց համահասարակական ֆորումինը: Հետեւաբար, եթե մեծամասնության համար է հեղափոխությունը մերժելի, ապա այն չի կարող ինքնաբուխ սկսվել:

Բայց այսքանով հանդերձ` սա այն է, ինչ կարողանում է անել արմատական ընդդիմությունը: Մինչդեռ իշխանությունն իր ներկայիս վարքագծով ապացուցում է, որ իրական երկխոսության լեզուն իր համար անհասկանալի է, եւ որեւէ քայլ անելու ընդունակ է միայն ճնշումների ազդեցությամբ: Չկա ճնշում, չկա նաեւ խնդիր, հետեւաբար չկա նաեւ երկխոսելու անհրաժեշտություն:

Իշխանությունը պարզապես օգտվեց ՀԱԿ-ի արած մարտավարական սխալներից ու հիմա կողքից հետեւում ու հաճույք է ստանում, թե ինչպես է վերջինս գալարվում իր իսկ լարած թակարդում: Ի սկզբանե այս ամենին իշխանությունը վերաբերվում էր որպես խաղի` իր հերթին առաջնորդվելով ցեխից չոր դուրս գալու սկզբունքով:

Այս իմաստով բացարձակապես անտեղի են երկխոսությունը շարունակելու մասին պնդումները: Որովհետեւ երկխոսությունը ոչ թե դրա պատրաստակամության մասին պարզունակ լոզունգներն ու հայտարարություններն են, այլ կոնկրետ գործողությունները, քայլերը:

Իշխանությունը փորձում է ներկայացնել, թե չի պատրաստվում ենթարկվել ՀԱԿ-ի ահաբեկումներին եւ առաջնորդվել նրա իմպերատիվներով: Բայց փոխարենը, հայտարարելով հանդերձ, թե տեսնում է հասարակական երկխոսության, լարված մթնոլորտի թուլացման անհրաժեշտություն, չի պարզաբանում, թե ինչպես, ինչ ձեւաչափով, ինչ օրակարգով է դա պատրաստվում անել:

Ձեռնտու չէ պատվիրակությունների միջոցով քննարկել արտահերթ ընտրությունների թեման` ներկայացրու սեփական օրակարգը, նախատեսիր սեփական ձեւաչափը եւ այն ուժերի շրջանակը, որոնց հետ պատրաստվում ես մտնել երկխոսության մեջ: 2008-ին եւ 2009-ին քաղաքական ուժերի հետ լայն ընդգրկմամբ երեք հանդիպում է կայացել նախագահի նախաձեռնությամբ: Սակայն այսօր որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպիսին է եղել դրանց օգտակար գործողության գործակիցը, թե այդ մասշտաբային քննարկումների արդյունքում որքանով են հաշվի առնվել ներկայացված ուժերի կարծիքները:

Նույնը վերաբերում է նաեւ 2009-ին ստեղծված Հանրային խորհրդին, որի գործունեության արդյունքները որեւէ ոլորտում զգալի չեն: Չի եղել որեւէ հրատապ, հասարակական հնչեղության խնդիր, որի կապակցությամբ Հանրային խորհուրդը իշխանության մոտեցումներից տարբերվող տեսակետ արտահայտեր, եւ այն ընդունվեր որպես հիմք: Այսինքն` առ այսօր ոչ թե երկխոսության, այլ պարզապես գոլորշի բաց թողնելու, դրա իմիտացիան ստեղծելու խնդիր է լուծվել, որն այսօր ակնհայտորեն սպառել է իրեն: Առկա հարցերը պետական գերատեսչությունների հետ քննարկելու շարմազանովյան ներկայիս առաջարկները նույնիսկ վիրավորական են ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ ողջ քաղաքական դաշտի համար, որովհետեւ այն փաստացի երկխոսության իրական նշանակության նսեմացում, այդ կատեգորիայի նկատմամբ բացահայտ արհամարհանք է նշանակում: Ընդդիմության, հասարակության պահանջները ոչ թե առանձին վերցրած պետական մարմիններից են, այլ իշխանության քաղաքական ընդհանուր կուրսից, որն ադեկվատ չէ ստեղծված վիճակին:

Այս իմաստով ընդհանրապես անհասկանալի է մնացած քաղաքական ուժերի ընդունած դիտորդի կարգավիճակը: Վերջիններս, անընդհատ փորձելով հիշեցնել իրենց գոյության մասին, խցկվել երկխոսության շրջանակներ, իրենց հերթին դրան ուղղված ոչ մի քայլ չեն ձեռնարկում, ոչ մի այլընտրանքային ձեւաչափ, օրակարգ չեն առաջարկում, փոխարենը տուրք են տվել գործելակերպ դարձած բամբասանքներին ու ինտրիգներին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter