
Պահանջում են անհապաղ կասեցնել կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինթույլտվությունները
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին
կրկնօրինակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին
Հինգ օր առաջ` 11 հոկտեմբերի 2012 թվականին արված հայտարարությամբ, մի շարք բնապահպանական քաղաացիական նախաձեռնություններ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրել էին, այսպես կոչված, «փոքր ՀԷԿ-երի» կառուցման ծրագրի վերաբերյալ պահանջներ` դրանց կատարման համար սահմանելով կոնկրետ ժամկետներ:
Նույն օրը բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում նախարարը հրահանգել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Գետահովիտ համայնքում կառուցված և կառուցվող «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերը:
Մենք համարում ենք, որ նշված ՀԷԿ-երի կառուցման թույլտվություն տրամադրելու շրջանակներում նշված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի առնվազն`
ա/ «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երի ՇՄԱԳ-ի փորձաքննությունն իրականացրած փորձագետների և փորձաքննական եզրակացությունները հաստատած բնապահպանության նախարարի գործողությունների օրինականության հարցերը,
բ/ պետական պաշտոնյաների և մասնավոր ընկերությունների անօրինական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությանը և Գետահովիտ համայնքին պատճառված էկոլոգիական և տնտեսական վնասի չափերը,
Հարկ ենք համարում նշել նաև, որ միայն Գետահովիտ համայնքով փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրը չի կարող սահմանափակվել: Անհրաժեշտ է կատարել վճռական և համալիր քայլեր այդ օբյեկտների ունեցած բնապահպանական և սոցիալ-տնտեսական ազդեցությունները ուսումնասիրելու և գնահատման համապատասխան չափորոշիչներ մշակելու ուղղությամբ:
Մենք պնդում ենք այն պահանջը, որ պետք է անհապաղ և անվերապահորեն կասեցվեն կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարության թույլտվությունները, մինչև մշակվեն փոքր ՀԷԿ-երի ունեցած բնապահպանական և սոցիալ-տնտեսական ազդեցության համալիր և գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություններ: Ավելին, մեթոդաբանության մշակումից հետո պետք է վերագնահատվեն արդեն իսկ գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի գործարկման թույլատրելիությունը` ելնելով մշակված համալիր չափանիշներից:
Վերահաստատելով մեր առաջին հայտարարությամբ ներկայացված պահանջները`
1. Բնապահպանության նախարարին ու նախարարության պատասխանատու պաշտոնյաներին հորդորում ենք անհապաղ` մեկ-երկու օրվա ընթացքում, սկսել «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերն ուսումնասիրող աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակի սահմանումը.
2. Ընթացիկ շաբաթվա մեջ նախաձեռնել, որ ՀՀ վարչապետի կողմից ձևավորվի նոր` միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ոլորտը և կմշակի փոքր ՀԷԿ-երի` շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ազդեցությունների գնահատման համալիր մեթոդաբանություն: Միջգերատեսչական աշխատանքային խմբում պետք է առնվազն ներկայացված լինեն բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան ոլորտի մասնագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.
3. Մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկել վարչարարական միջոցներ՝ արդեն իսկ կառուցման թույլտվություն ստացած փոքր ՀԷԿ-երի շինարարության գործընթացները կասեցնելու ուղղությամբ` մինչև դրանց ազդեցության գնահատման համալիր մեթոդաբանության մշակումը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:
Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ գրավոր պատասխան:
Հ.Գ. Փոքր ՀԷԿ-երին առնչվող մեր հայտարարություններում առաջ քաշված պահանջների իրավական, բնապահպանական և սոցիալ-տնտեսական հիմնավորումների մասին տեղեկանքը կներկայացնենք լրացուցիչ:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն,
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
«Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնություն
16.10.2012թ.
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել