
Ամեն մարդ ինֆորմացիայի մաքրման իր յուրահատուկ ձևն ունի. Մարիսա Ռուդսկա
Ճիշտ ուղղորդման դեպքում կարող ես նկատել բազմաթիվ փոքրիկ հրաշքներ
Մարիսա Ռուդսկան ուկրաինուհի է: Նկարազարդումների իր աշխարհն այնքան լայն է և ուրույն, որ ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերեր քննարկում են նրա աշխատանքները, տեղադրում իրենց անձնական էջերում:
Երբ թերթում ես նրա անձնական էջում առկա նկարազարդումները (որոնց մի մասը մանկական գրքրերում և ամսագրերում է տպված), նկատում ես նկարազարդողի դետալային մտածողությունն ու ամենամեծ պատկերներ ստեղծելու մանրակրկտությունը:
Կապ եմ հաստատում Մարիսայի հետ և հայտնում, որ Հայաստանից եմ, լրագրող և ցանկություն ունեմ զրուցելու իր արվեստի մասին... Սկսում է գրել այն, ինչ լսել է ու գիտի Հայաստանի մասին:
«Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց բաներ կան, որոնք այս երկրի մասին առանց իմանալու էլ կարող ես ասել:Նախևառաջ հայերը հպարտ ազգ են, չնայած Հայաստանում առկա խնդիրներին, լսում ես հայրենասերների մասին, որոնք սիրում են իրենց երկիրը:
Հայաստանը նախևառաջ ասոցացնում եմ լեռների և սարերի հետ… Գիտեմ, որ հենց այդպիսի վայրերում են ավանդույթները պահպանվում ավելի լավ, քան հարթավայրերում: Դրանից է, որ Հայաստանն ինձ համար պատկերային տեսանկյունից լեռ է և հնագույն վանք` բնակեցված տաքարյուն և հպարտ մարդկանցով:
Ես ինքս Հայաստանում երբեք չեմ եղել, բայց մայրս, երբ վերադարձավ Հայաստանից, ես համտեսեցի շատ համեղ լավաշը, մուրաբան և սուջուխը: Եվ մի հետաքրքիր բան էլ... Մենք ձեր երկիրն անվանում ենք Вірменія (Վիրմենիա)»,-ասում է Մարիսան:
Չնայած երիտասարդ տարիքին` Մարիսան արդեն հասցրել է հայրենի քաղաքում` Կևում, և մի շարք այլ քաղաքներում ունենալ ցուցահանդեսներ, դառնալ մի շարք գրքերի և ամսագրերի հիմնական նկարազարդող: Նրա աշխատանքները ներառվել են «222 լավագույն երիտասարդ նկարազարդողներ + 1 պատվավոր հյուր` նախկին ԽՍՀՄ երկրից» տեղեկատուում:
![]() |
![]() |
Ինչպե՞ս որոշեցիք դառնալ նկարազարդող: Կարծես այսօրվա երիտասարդությունը այլ մասնագիտությունների է տալիս նախապատվությունը:
Այնպես է ստացվել, որ փոքր տարիքում երազում էի դառնալ հնէաբան, ապա կենսաբան, հետո լրագրող, բայց այս ամենին զուգահեռ ընտրեցի բանասիրությունը և հիմա ուսումնասիրում եմ ուկրաիներեն: Սրան զուգահեռ աշխատում եմ որպես նկարազարդող: Այնպես որ, կարծում եմ՝ երբեք էլ հստակ մասնագիտություն չեմ ընտրել: Նկարչությունը ինձ հետ է մանկությունից սկսած և անընդհատ ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցրել կյանքումս` դառնալով մասնագիտություն:
Նման տարաբնույթ նկարազարդումների հեղինակը, որն այդքան շատ մասնագիտություններ է երազել ունենալ, ինչպե՞ս է հիմա կանոնակարգում օրը:
Օրս սկսվում է երազներս հիշելով և կանաչ թեյով: Սա թերևս միակ երևույթն է, որ կրկնվում է ամեն օր: Անկեղծ ասած, ես սիրում եմ ամենօրյա ծեսերը, ինչպիսին են հանգիստ նախաճաշը, քնից առաջ գրքի ընթերցումը, բայցև սրան զուգահեռ սիրում եմ, երբ ամեն անգամ այս ամենը նորովի է այլ տեղ: Գնացքում, այլ երկրում, երբ դու կարող ես արթնանալ համեղ կերակուրի հոտից, առավոտվա հաճելի տապից և ճամփորդության ռիթմից:
Ձեր նկարազարդումների աշխարհը լի է հրաշքներով: Ինչպե՞ս է իրական աշխարհն ազդում ստեղծածի վրա:
Շրջապատող աշխարհը ինձ շատ է հետաքրքրում: Մարդու ուղեղը չի կարող ամբողջությամբ ընդունել շրջակա միջավայրի մասին ինֆորմացիան, և դրա համար ֆիլտրում է դրա մի մասը: Ամեն մարդ ունի մաքրման իր յուրահատուկ ձևը: Ճիշտ ուղղորդման դեպքում կարող ես նկատել բազմաթիվ փոքրիկ հրաշքներ: Օրինակ, երեկ քարե դարպասի վրա տեսա երկու կատու, որոնք ինչ-որ մեկի ճամպրուկն էին հսկում: Իսկ մի անգամ ագռավ էի նկատել, որը սուրճի բաժակով ինչ-որ տեղ էր թռչում: Այս հրաշքները ապրում են մեր աշխարհում և հաճախ մեր ուշադրությունից դուրս, հենց նրանցից է, որ սկսվում է իմ նկարազարդումը:
Ինչպե՞ս են մտքերը ծագում և հանձնվում թղթին:
Մտքերը ծնվում են կամ ներսից, կամ դրսից: Արտաքին մտքերը հետևողականության, ինչ-որ իրադարձության հետևանքով ներշնչանքներն են. դրանք կարող են լինել նույնիսկ սխալ կարդացած բառերն ու խոսակցությունից մի հատված լսելը: Իսկ այն մտքերը, որոնք առաջանում են ներսից, մեր էմոցիաներն ու անհանգստություններն են: Հաճախ նկարում եմ մտացածին հարմարավետ աշխարհ` մեծ, բայց բարի հրեշներով, որոնք կարողանում են պաշտպանել, սիրել և չորահացով թեյ խմել: Երբեմն թղթին մոտենում եմ արդեն հստակ մտքով, իսկ երբեմն էլ այն դնում եմ առջևս` որևէ միտք չունենալով. այդ դեպքում անսպասելի արդյունք է լինում:
Ձեր նկարազարդումների հերոսներից յուրաքանչյուրն ունի բնավորություն: Ինչպե՞ս է ստացվում այդքան շատ հերոսներ ստեղծել:
Ամեն մի նկար փոքրիկ պատմություն է` երբեմն ոչ ավարտուն: Ոչ ավարտուն՝ նույնիսկ ինձ համար: Գործող անձիք` հերոսները, իրենց էմոցիաներն ունեն:
![]() |
![]() |
![]() |
Ի՞նչ կապ կա մեր և նկարազարդումների աշխարհների միջև:
Իհարկե, կա անմիջական կապ. նույնիսկ երբ նկարում ես հեռավոր մի մոլորակ կամ կղզի օվկիանոսում, հեքիաթային առանձին աշխարհ, այնուամենայնիվ, բախվում ես այն աշխարհին, որում կաս, եթե նույնիսկ ուզում ես այդ աշխարհից թաքնվել:
Բայց հաճախ հենց աշխարհն է ներշնչում իր բազմաթիվ ծաղիկներով, վիճակներով, լավ մարդկանցով, ծովային հրաշագեղ աստղերով, կետերով, թռչուններով, գրքերով և երաժշտությամբ, նույնիսկ այն քաղաքներով, որտեղ ես երբեք չեմ եղել, որոնց մասին երբեք չեմ լսել, իրերով, որոնք նույնիսկ չեմ պատկերացրել: Սրանք ոգեշնչում են յուրաքանչյուրին, այդ թվում նաև նկարազարդողին:
Այդ բազմազանության մեջ նկարելու ժամանակ առաջնային միտքը կարող է հաճախ փոփոխվել:
Երբ նկարում եմ, մտքերս հետաքրքիր վիճակում են: Ես չեմ կարող հորինել խնդիրներ, ծրագրել օրը, լուծել հարցեր, երբ նկարում եմ: Բայց ասել, որ ես լրիվ դուրս եմ մտածելու վիճակից, չի կարելի: Դա նման է մեդիտացիայի. գլխումդ պտտվում է նկարը` կերպարներով, երազանքներով, բայց վիճակդ հանգիստ և լողուն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել