HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետը Ադրբեջանի բնակչության խորը բեւեռացվածության ցուցիչն է

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Հայաստանում եւ Ադրբեջանում դատական համակարգերի անկախության մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց անկախ բլոգեր, նոր մեդիայի փորձագետ Ալի Նովրուզովի հետ

Ինչպե՞ս կբնութագրեք Ադրբեջանում տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման եւ օգտագործման ներկա ընթացքը: Ուրիշ երկրների համեմատությամբ ի՞նչ տեղ է զբաղեցնում պետությունն այդ գործընթացի զարգացման մեջ: Ի՞նչ գործոններ են նպաստում կամ, ընդհակառակը, խոչընդոտում այդ ոլորտի զարգացմանը: Ի՞նչ մասնակցություն ունի պետությունը դրանում:

Դժվար է միարժեք գնահատական տալ Ադրբեջանում տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման գործընթացին: Մի կողմից` Ադրբեջանում բավական հաջողությամբ զարգանում են մասսայական ինտերնետային ռեսուրսները, օնլայն հեռուստատեսությունը, բլոգները: Ադրբեջանցի բլոգերները եւ օնլայն ակտիվիստները բավական կարեւոր դեր են խաղում երկրի հասարակական կյանքում: Մեծ մասսայականություն են վայելում այնպիսի սոցիալական ցանցեր, ինչպես Facebook-ը եւ Twitter-ը: Մյուս կողմից` երկրի բնակչության միայն 5-10%-ին է մատչելի արագ ինտերնետ: Կարելի է ասել, որ մայրաքաղաքից դուրս չկա ինտերնետային հանրություն:

Կան այնպիսի շրջաններ, որտեղ գործնականում անհնար է ADSL (ասիմետրիկ թվանշային աբոնենտային կապ) կապը: Շարժական ինտերնետի մակարդակը իրականում չի գերազանցել EDGE-ն (շարժական կապը բարելավող թվանշային տեխնոլոգիա)` չնայած նրան, որ երկրում կա շարժական կապի օպերատոր, որը պնդում է 3G-ի (շարժական կապի երրորդ սերնդի տեխնոլոգիաներ) կիրառության մասին:

Իհարկե, գնային քաղաքականության կարգավորման շնորհիվ` պետությունը հասել է որոշակի հաջողությունների ինտերնետային տեխնոլոգիաների ոլորտում: Բայց, ցավոք, վերջին շրջանում մենք տեսնում ենք, թե ինչպես է պետությունը հրաժարվում ինտերնետային ոլորտը զարգացնելու ցանկությունից: Հատկապես արաբական աշխարհում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո պաշտոնական շրջանակներն ընկալում են ինտերնետը որպես թշնամական, սպառնալի մի բան: Այս թշնամական վերաբերմունքի պատճառով իշխանությունը միջազգային հանրությանը ներկայանում է անբարենպաստ տեսանկյունից:

Իրականում իշխանությունը, օգտագործելով իր ունեցած հնարավորությունները, շատ բան կարող է անել ինտերնետի զարգացման համար: Առաջին հերթին պետք է փոխվի երկրի հաղորդակցական ենթակառույցը: Ցավոք, Ադրբեջանի ներկա հաղորդակցության գծերը, հեռախոսակայանները եւ մնացած ողջ սարքավորումները որակյալ ինտերնետի զարգացման հնարավորություն չեն տալիս: Մատուցվող բոլոր ինտերնետային ծառայությունների մակարդակը շատ ավելի ցածր է, քան նշված է պայմանագրերում: Ադրբեջանը զիջում է Արեւելյան Եվրոպայի երկրներին եւ ԱՊՀ-ի մի քանի երկրների ինտերնետի արագությամբ, որակով եւ գնով:

Ադրբեջանի ո՞ր ոլորտներում են (կառավարում, կրթություն, տնտեսություն, ԶԼՄ) առավել մեծ չափով ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաները: Կա՞ն ինչ-որ ակնառու նվաճումներ:

Ադրբեջանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը հետ է մնում համաշխարհային չափանիշներից: Առայժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատարը մասնավոր բիզնեսի սեկտորն է: Այն գործընթացները, որոնք իրականացվում են պետության անմիջական ղեկավարությամբ, գտնվում են շատ ցածր մակարդակի վրա: Օրինակ` Հարկային նախարարությունը տրամադրում է օնլայն համակարգ` հաշվետվություններ ներկայացնելու համար, սակայն այսօր մարդկանց տրամադրության տակ եղած համակարգիչների կարողությունը թույլ չի տալիս աշխատեցնել առաջարկվող ծրագիրը:

Մյուս ամոթալի փաստն այն է, որ Ադրբեջանի համալսարաններում միայն հիմա են սկսում կիրառել օնլայն համակարգեր: Մի երկրում, որը խոսում է իր անօրինակ զարգացման մասին, համալսարաններում WI-FI համակարգերը ստեղծվում են USAID-ի միջոցներով: Բավական է այցելել պետական մարմինների ինտերնետային կայքերը` համոզվելու համար, թե պետությունը որքան անլուրջ է վերաբերվում տեղեկատվական տեխնոլոգիաներին:

Մարդկանց առօրյա կյանքում ի՞նչ տեղ են զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաները (օնլայն առեւտուր եւ այլ ծառայություններ, հաղորդակցության եւ ժամանցի ձեւեր): Ադրբեջանում հասարակության սոցիալական բեւեռացվածության պայմաններում ինչպե՞ս են հասարակության տարբեր խավերը (տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչները, գյուղական եւ քաղաքային բնակչությունը) օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից:

Ինտերնետը Ադրբեջանի բնակչության խորը բեւեռացվածության ցուցիչն է: Ամեն օր ինտերնետից օգտվում է բնակչության փոքրաթիվ ունեւոր խավը, որն ապրում է մայրաքաղաքում: Խոսքն ինտերնետային առեւտրի, պատվերների եւ այլ ծառայությունների մասին է: Իսկ երկրի բնակչության մեծ մասի համար ինտերնետը մի ինչ-որ վերացական բան է, որի հետ նրանք երբեք գործ չեն ունեցել: Կամ էլ ինտերնետից վերցնում են երաժշտություն` բջջային հեռախոսի համար, լուսանկարներ եւ վիդեո, զրուցում են ծանոթների հետ: Իսկ մայրաքաղաքից դուրս ինտերնետից օգտվելը դառնում է մեծ խնդիր:

Ի՞նչ կասեք ինտերնետում ադրբեջաներենով առկա պաշարների մասին: Ի՞նչ սոցիալական եւ քաղաքական դեր կարող են խաղալ սոցիալական ցանցերի վիրտուալ համայնքները:

Ինտերնետային բովանդակությունն ինքնին մեծ խնդիր է Ադրբեջանում: Քանի որ ակադեմիական ինստիտուտները, պետական գերատեսչություները մի կողմ են քաշվել այդ գործից, պետական լեզվով ինտերնետային բովանդակությունը Ադրբեջանում ստեղծվել է ուսանողների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների եւ գրասենյակների աշխատակիցների կողմից: Ուստի որակը խիստ ցածր է:

Միայն վերջերս ադրբեջաներենով բովանդակության ստեղծումը ընդունեց համակարգված բնույթ: Այս գործընթացին մասնակցում են պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, սովորական մարդիկ: Օրինակ` հիմա ստեղծվել են Ադրբեջանի օրենսդրության օնլայն բազա, տարբեր օնլայն գրադարաններ, Ադրբեջանի մանրամասն օնլայն քարտեզը եւ այլն:

Ազատ մտքի համալսարան (www.azadfikir.org) նախագիծը, որին ես մասնակցում եմ, արդեն երկու տարի պատրաստում է օնլայն վիդեո դասախոսություններ:

Այդ դասախոսությունները ընդգրկում են սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ փիլիսոփայական թեմաներ: Ինտերնետից ադրբեջանցի օգտվողների ընդհանուր ջանքերով ադրբեջաներեն է թարգմանվել Facebook-ը: Այժմ Նիդա քաղաքացիական շարժումը հանդես է եկել Twitter սոցիալական ցանցը ադրբեջաներենի թարգմանելու նախաձեռնությամբ: Ստեղծվել են մի քանի տեղական բլոգերային պլատֆորմներ: Ընթացքի մեջ է Wordpress պլատֆորմի թարգմանությունը ադրբեջաներենի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter