HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տեխնոլոգիաներ մեզանում չեն նշանակում նոր մտածողություն

Հարցազրույց մշակութաբան Հրաչ Բայադյանի հետ

Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման եւ օգտագործման ներկա ընթացքը: Ուրիշ երկրների համեմատությամբ ի՞նչ տեղ է զբաղեցնում պետությունն այդ գործընթացի զարգացման մեջ: Ի՞նչ գործոններ են նպաստում կամ, ընդհակառակը, խոչընդոտում այդ ոլորտի զարգացմանը: Ի՞նչ մասնակցություն ունի պետությունը դրանում:

Կարելի է սկսել այն տխուր փաստից, որ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականների` վերջին տարիներին Հայաստանի դիրքը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) տարածման եւ օգտագործման ասպարեզում հետեւողական անկում է ապրում: Կառավարության կազմում կան այս ոլորտով զբաղվող կառույցներ, բայց դրանց բանիմացությունն ու մտահոգությունները լավագույն դեպքում սահմանափակվում են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությամբ: Ժամանակ առ ժամանակ ընդունվում են հայեցակարգային փաստաթղթեր, որոնք սակայն ոչ մի գործնական նշանակություն չեն ունենում: Վերջին այդպիսի փաստաթուղթը` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ տեղեկատվական հասարակության կառուցման մասին հայեցակարգը, էկոնոմիկայի նախարարությունը հրապարակ հանեց 2008 թվականին, եւ այսօր ոչ ոք այդ փաստաթղթի մասին չի հիշում:

Շատ է խոսվում գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծման մասին, եւ հասկանալի է, որ ՏՀՏ-ն այստեղ էական նշանակություն ունեն: Բայց այս ուղղությամբ զարգացումը պահանջում է պետական լուրջ մասնակցություն` ոչ միայն պատշաճ ռազմավարությունների մշակման, այլեւ դրանց իրականացման համար անհրաժեշտ մեծածավալ եւ տեւական ժամանակ շահույթ չխոստացող ներդրումների տեսքով:

Մյուս կողմից` արդար մրցակցության բացակայության, լայնորեն տարածված կոռուպցիայի եւ հովանավորչության պայմաններում տնտեսությունը եւ բիզնեսը մեծ հաշվով շահագրգռված չեն նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Ավելին, դրանց յուրացումը եւ օգտագործումը կապված է հավելյալ ծախսերի հետ, քանի որ նոր տեխնոլոգիաների ներդրումը, ի թիվս այլ բաների, պահանջում է գտնել նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնց բնականաբար պետք է վճարել զգալիորեն բարձր աշխատավարձեր: Ահա պատճառներից մեկը, թե ինչու արտասահմանում լավ կրթություն ստացած եւ Հայաստան վերադարձած մասնագետները հաճախ չեն կարողանում այստեղ համապատասխան աշխատանք գտնել:

ՏՀՏ-ի տարածման եւ օգտագործման խոչընդոտներից մեկը, հակառակ վերջին տարիներին նկատվող դրական միտումներին, համակարգիչների եւ ինտերնետային ծառայությունների բարձր գներն են: Հանգամանք, որի նշանակությունն ավելի է ընդգծվում երկրում առկա աղքատության բարձր մակարդակի պայմաններում:

Հայաստանի ո՞ր ոլորտներում են (կառավարում, կրթություն, տնտեսություն, ԶԼՄ) առավել մեծ չափով ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաները: Կա՞ն ինչ-որ ակնառու նվաճումներ:

Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Հայաստանում իրականացվում են ՏՀՏ-ին վերաբերող զանազան նախագծեր կառավարման, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում: Ակնառու նվաճումների մասին չեմ լսել: Իմ կարծիքով, այդ աշխատանքների ցածր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ նախագծերն իրականացնող տարբեր, առավելապես` միջազգային եւ արտասահմանյան կազմակերպությունների ջանքերն այդպես էլ մնացին չհամակարգված: Մյուս կողմից` հաջողությունների մասին դժվար է խոսել նաեւ այն պատճառով, որ ընդարձակ եւ երկարատեւ նախագծերի արդյունավետությունը գնահատելու համար պահանջում են համապատասխան հետազոտություններ:  Իսկ այդպիսի հետազոտություններ, տարբեր պատճառներով, Հայաստանում չեն կատարվել:

Հայաստանի նվաճումներն առաջին հերթին կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների, հատկապես ծրագրային ապահովման արդյունաբերության հետ, որն ավելի քան տասը տարի առաջ հայտարարվել է երկրի տնտեսության գերակա ճյուղ: Կարելի է հիշատակել ամենամյա DigiTech ցուցահանդեսը, որի հեղինակությունը տարեցտարի աճում է: Ցուցահանդեսն ուղեկցվում է ամբողջ տարվա ընթացքում իրականացվող տարաբնույթ նախաձեռնություններով, որոնք նպատակ ունեն խթանել նորագույն տեխնոլոգիաների ներդրումը բիզնեսի, տնտեսության եւ այլ բնագավառներում: Այդուհանդերձ, դեռ վաղ է խոսել Հայաստանում ՏՀՏ-ի տարածման եւ օգտագործման վրա այս ամենի ունեցած շոշափելի ազդեցության մասին:

Մարդկանց առօրյա կյանքում ի՞նչ տեղ են զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաները (օնլայն առեւտուր եւ այլ ծառայություններ, հաղորդակցության եւ ժամանցի ձեւեր): Հայաստանում հասարակության սոցիալական բեւեռվածության պայմաններում ինչպե՞ս են հասարակության տարբեր խավերը (տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչները, գյուղական եւ քաղաքային բնակչությունը) օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից:

Վերջին տարիների ընթացքում բավական բան փոխվել է բնակչության տարբեր խավերի համար ինտերնետային ծառայությունների մատչելիության բարելավման առումով. օնլայն առեւտուր եւ վճարումներ, հարաբերություններ կառավարման (տեղական, քաղաքային եւ հանրապետական) մարմինների հետ, կրթական, առողջապահական եւ ժամանցային ծառայություններ: Բայց ինչպես նշեցի, բարձր գները շարունակում են մնալ տեխնոլոգիաների տարածման եւ օգտագործման կարեւոր խոչընդոտ: Խոսքը հատկապես բարձրորակ ինտերնետային ծառայությունների մասին է, որ մատչելի են բնակչության բացարձակ փոքրամասնությանը:

Մեծ է բեւեռացվածությունը Երեւանի եւ մարզերի միջեւ: Դժվար չէ նկատել, որ զգալի տարբերություններ կան նույնիսկ Երեւանի կենտրոնի եւ ծայրամասերի միջեւ: Այսօր քաղաքի կենտրոնում արդեն գրեթե չկան ինտերնետ ակումբներ (ինտերնետը շատերին մատչելի է տներում եւ աշխատավայրերում), բայց ծայրամասերում դրանց թիվն աճում է: Սա, մի կողմից, կարող է համարվել լավ նշան, քանի որ խոսում է ինտերնետի շարունակվող տարածման մասին բնակչության նվազ ապահովված խավերի շրջանում, բայց մյուս կողմից սա հուշում է բեւեռացվածության նվազ ակնհայտ ձեւերի առաջացման մասին:

Այսօր բնակչության տարբեր խավերն ու խմբերն իրարից տարբերվում են ոչ միայն որպես ինտերնետ ունեցողներ եւ չունեցողնր, այլեւ նրանով, թե ինչպիսի ինտերնետ ունեն: Տեխնոլոգիական վերնախավը աստիճանաբար տեղափոխվում է վիրտուալ իրականության` բնակչության մեծամասնության համար անմատչելի վերին մակարդակներ:

Բնականաբար, այս տեխնոլոգիաների յուրացման առաջամարտիկները երիտասարդներն են: Բայց երիտասարդների ջախջախիչ մեծամասնությունն իր տեխնոլոգիական քաղցը հագեցնում է բջջային հեռախոսով եւ ՙՕդնոկլասնիկի՚-ի նման դյուրամարս ժամանցային ծառայություններով:

Ի՞նչ կասեք ինտերնետում հայոց լեզվով առկա պաշարների մասին:  Ի՞նչ սոցիալական եւ քաղաքական դեր կարող են խաղալ սոցիալական ցանցերի վիրտուալ համայնքները:

Այս ասպարեզում նույնպես կարելի է արձանագրել աստիճանական բարելավում: Կարելի է նշել ավանդական մշակութային բովանդակության թվանշացման եւ ինտերնետից օգտվողներին մատչելի դարձնելու հաջող ծրագրերի մասին: Սա վերաբերում է ինչպես հայ հին եւ նոր գրականությանը, այնպես էլ տեսողական մշակույթի տարբեր տիրույթներին (ճարտարապետություն, գեղանկարչություն եւ այլն):

Այդուհանդերձ, վիճակը շատ հեռու է գոհացուցիչ լինելուց: Հատկապես մեծ է կրթական բնույթ ունեցող բովանդակության կարիքը: Կան նաեւ տեխնոլոգիական բնույթի դժվարություններ: Օրինակ` անհնար է գտնել օտար լեզուներից հայերենի եւ հայերենից օտար լեզուների թարգմանող որակյալ ծրագրեր:

Հայաստանում սոցիալական ցանցերի ակտիվ յուրացման շրջանի սկիզբը կապված էր 2008 թվականի նախագահական ընտրություններին ուղեկցող սոցիալական շարժման հետ: Կարծում եմ, որ այսօր դրանց քաղաքական նշանակությունը շատ փոքր է: Որպես սոցիալական նշանակության օրինակ` կարելի է հիշել անցյալ տարվա պայքարը, որ հասարակության մի հատվածը մղում էր Երեւանի կենտրոնում գտնվող բացօթյա կինոդահլիճի համար, որի տեղում նախատեսված էր կառուցել եկեղեցի: Հիմնական իրադարձությունները ծավալվում էին Facebook-ում, եւ գիտենք, որ, ի վերջո, իշխանությունները եւ եկեղեցականները նահանջեցին:

Իհարկե, այս հանրույթները կարող էին դառնալ ժամանակակից գաղափարները, գլոբալ մշակութային զարգացումները հայաստանյան հասարակությանը հասցնող միջնորդ, բայց առայժմ նման բան չի նկատվում: Նոր տեխնոլոգիաներն անհրաժեշտաբար չեն նշանակում նոր գաղափարներ եւ նոր մտածողություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter