
Ըստ Ա. Մելիքյանի` Տեր-Պետրոսյանը Սահմանադրությամբ չի կարող նախագահ դառնալ
«ՀԱԿ-ը իր առաջնորդի շուրջ ձեւավորված քաղաքական ուժերի միավորում է, սակայն կարծես թե, գործող Սահմանադրության համաձայն, այդ առաջնորդը նախագահի պաշտոնում իր թեկնածությունը դնելու իրավունք չունի տարիքային սահմանափակման պատճառով»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:
Սակայն անհասկանալի մնաց, թե ինչ տարիքային սահմանափակման մասին է խոսքը: Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ., այժմ նա 66 տարեկան է, 2013-ին կլինի 68, իսկ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը ընդամենը նշում է. «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:
Այդուհանդերձ, շարունակելով իր խոսքը` Մելիքյանը նշում է. «ՀԱԿ-ն առայժմ այդ մասին որեւէ բան չի ասում: Այսինքն` պետք է ձգտեն փոխել Սահմանադրությունը եւ բարձրացնել տարիքային շեմը, բայց դրա համար եւս պիտի բանակցեն իշխանությունների հետ, սակայն բանակցություններ չկան, եւ անորոշությունը պահպանվում է, իսկ եթե բանակցություններ կան, այդ ամենը նմանվում է գործարքի: Այս տեսանկյունից հասարակությունն իսկապես անտեղյակ է:
Մյուս կողմից` չի բացառվում, որ գործող իշխանությունն այս խնդրի մասին չի խոսում, որպեսզի չարթնացնի հասարակության մեջ հարցասիրութունը: Ժամանակը կգա, կարծում եմ, որ ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավունք չունի վերընտրվելու, նոր թեկնածու չի լինի, եւ այդպիսով` իշխանությունը իր հարցը լուծած կլինի»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել