HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խմբագիրը հերքում է ինքն իրեն

Նախապես տեղեկացնեմ, որ «Մարզի հիմնախնդիրները մարզային թերթի էջերում  ներկայացվում են միայն բարձրաստիճան չինովնիկների բերանով» հոդվածի հետ կապված իմ լրագրողական աշխատանքի ձայնագրությունն ամբողջությամբ պահպանվում է, և ցանկության դեպքում այն կարող եմ տրամադրել Մանվել Միկոյանին` իր ասածները վերհիշելու համար: Ես հոդվածում ջանացել եմ հավատարիմ մնալ լրագրողական էթիկային և որևէ անձնական վիրավորանք չհասցնել խմբագրին: Ինձ համար անընդունելի է նրա կողմից հերքման մեջ ժարգոնային` քլնգել և այլ բառերի օգտագործումը:

Պարոն Միկոյանը մեզ հետ զրույցում փաստել է, որ «Լոռու մարզ» թերթում պաշտոնական տեղեկատվությունը հաճախ կազմում է թերթի 50, երբեմն՝ նաև 20-30%-ը: Եթե հաշվի ենք առնում, որ թերթում մեծ ծավալ են կազմում հայտարարություններն ու գովազդները, ապա մարզային կյանքի հրատապ խնդիրների մասին նյութերի պատշաճ քանակի մասին խոսք լինել չի կարող:

Հիշեցնենք, որ թերթում բացակայում է համայնքային կյանքի հրատապ հիմնախնդիրների մասին տեղեկատվությունը: Լավ է դեռ, որ Մանվել Միկոյանը չի հերքել, որ «Լոռու մարզ» թերթը գտնվում է մարզպետարանի ազդեցության ոլորտում, սուբսիդավորվում է պետբյուջեից, բաժնետոմսերի 60%-ն առայժմ գործող մարզպետինն է: Չի հերքել, որ թերթը մարզում մենաշնորհային դիրք է գրավում, և սկսած 2004թ.-ից՝ Լոռու մարզպետների կողմից պարտադրանքով թերթի համար բաժանորդագրություն է ապահովվում, իսկ բաժանորդները թերթին պարտք են 2մլն դրամ: Մարզխորհրդի շատ նիստերի ես և էլի շատ լրագրողներ ականատես ենք եղել, թե ինչպես է Մանվել Միկոյանը իր խմբագրած թերթի չբաժանորդագրված և անվճարունակ բաժանորդներից, մարզպետների հովանու ներքո, մուրհակը ձեռքին պահանջում թերթի պարտքերը: Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի մարզի լրատվական շուկայում ուսումնասիրել տպագիր թերթերի նկատմամբ բնակչության պահանջարկը և հրատարակել այդ պահանջարկը բավարարող արժանապատիվ թերթ: Թե՞ համայնքապետներին խեղդելով թերթ պահելն ավելի դյուրին է:

Այդուհանդերձ, պարզաբանում եմ զավեշտալի հերքումը, որում Մանվել Միկոյանը գրում է. «Իսկ հոդվածի հեղինակը խառնել է այն պարզունակ փաստը, որ մարզպետը որպես բաժնետեր չի կարգավորել իր հարաբերությունները «Լոռու մարզ» թերթի հետ»: Պարոն խմբագրին խորհուրդ կտամ մեկ անգամ ևս ուշադիր կարդալ հոդվածը, որում մասնավորապես նշված է. «Ասենք նաև, որ 60 տոկոս բաժնետեր Լոռու հերթական մարզպետ Արթուր Նալբանդյանը նույնպես օրենսդրական դաշտ չի տեղափոխել մարզպետարանի հետ թերթի իր սեփականատիրական հարաբերությունները»: Ինչպես տեսնում ենք, հոդվածում մարզպետարանի հետ մարզպետի հարաբերությունների մասին է խոսքը, ոչ թե թերթի:

Մանվել Միկոյանը մարզի հիմնահարցերը միայն մարզպետի բերանով բարձրացնելու մասին հոդվածագրի հարցի հետ կապված հայտնում է. «Ես ոչ թե պատասխանել եմ, որ վերջին տարվա, այլ վերջին մի քանի օրվա համարներն է նայել ինքը»: Ներկայացնում եմ հարցի ձայնագրված պատասխանը. «Ուրեմն դուք նայել եք մեր հավաքածուի միայն այս տարվա համարը»: Այնուհետև պրն Միկոյանը շարունակել է. «Նախկինում մենք շատ հրապարակումներ ենք ունեցել բնապահպանության մասին և այլն»:

Հերքումից այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ըստ պարոն Միկոյանի՝ ես պարտավոր էի հոդվածում բառացիորեն սղագրել իր բառերը: Խմբագիր Միկոյանը մեզ հետ զրույցի ընթացքում կարևորել է թերթին խիստ անհրաժեշտ ավտոմեքենայի խնդիրը. «Շատ լավ կլիներ, որ թերթին հատկացնեին ավտոմեքենա»: Պարոն Միկոյանը չի նկատել, որ երազանք  բառը հոդվածում օգտագործվել է ոչ թե իր, այլ իմ լրագրողական մեկնաբանությամբ:

«Երկունք» թերթի հետ կապված իր հերքման մեջ Միկոյանը գրում է. «Փարեմուզյանը մեզ մեղադրում է դատարկվող գյուղերի, լոռեցի մարդու հոգսերի և ցավերի մասին չգրելու համար»: Շատ ճիշտ եմ արել, որ մեղադրել եմ: Ես հիմա էլ եմ մեղադրում: «Երկունք» գրական թերթը հագեցած է ընդամենը պաշտոնական և հոբելյանական միջոցառումների մասին տեղեկատվությամբ:

Մեկնաբանություններ (1)

Ռաֆո
Միկոյան, շատ ես հին քո մտածելակերպով ու պատկերացնում ենք, թե որքան մաղձոտած կվերաբերվես քեզնից հետո եկող սերնդին: Լրագրողուհին ճիշտ է ասում, էդ որ մի անրադարությունն ես քննադատել, էլ ինչ մտավորական , որ վախենում է քննադատել վատ երևույթները հօգուտ անպաշտպան ժողովրդի: Լավ կլինի կողքից քեզ տեսնես ու սխալներդ ընդունես: Մտածելակերպով հիվանդ մարդիկ շատերին կարող են ցավ պատճառել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter