HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սովետական Հայաստանի անառակ որդին

Էն որ սովետական կառավարությունը Լեռ Կամսարին մինչեւ մահ հալածեց եւ արգելեց գրելը՝ թող որ ափսոսանք, բայց  ոչ մեկին զարմանք չպատճառի։ Ախր, էդ անտերի վերաբերմունքը փոխադարձություն է ուզում։ Էդ ե՞րբ երգիծաբանը սիրեց ու գուրգուրեց կոմունիստներին, որ նրանք էլ ապերախտ գտնվեցին վերջինիս հանդեպ։ Անկեղծ ասած պետք է զարմանալ ու գնահատել, որ սովետները մեծ հանդուրժողականություն եւ մեծահոգություն ցուցաբերեցին մահապատժի չենթարկելով նրան։ Ո՞ր խելքը գլխին կառավարությունը կարող էր մարսել երգիծաբանի այսչափ անառարկելի ատելությունն ու ծաղրուծանակը։ Ո՞վ էր նրան իրավունք տվել այդքան հանդուգն ու մերկապարանոց հնչեցնել  ու թմբկահարել բոլշեւիկյան արատները։ Մի՞թե գրողի մոտ իսպառ բացակայում էր ինքնապաշտպանական բնազդը։ Գուցե խաբվեց նախկինում դաշնակցական կառավարության «լկստացնող» վերաբերմունքից, որոնք այնքան  խրախուսում եւ տանում էին նրա բոլոր սուր եւ խոցող «օյինբազություները»։

1917 թվականին, երբ Ռուսաստանում պայթեց հոկտեմբերը՝ դղրդաց նաեւ հեռավոր Հայաստան աշխարհը,  Լեռ Կամսարի չարագուշանքը չուշացավ մամուլում՝ «Ազատության առաջին օրերը», 17թ., «Նիկոլա ցարին նամակը Ուլյանով Լենինին», 18թ. եւ բազում այլ ֆելիետոններ։ Այդքան հեռվից այսպես խորը եւ ճշմարիտ ըմբռնել բոլշեւիզմի էությունը՝ ուղղակի ապշեցուցիչ էր։

1920 թվականին «կարմիրների» քարտեզն արդեն անցնում էր նաեւ  Լեռ Կամսարի հայրենիքով։ Եթե երգիծաբանը «մինչ աքլորականչը» արդեն «երեք անգամ ուրացել էր» լենինիզմը, հիմա պետք է  դեմ-դեմի հայտներ իր վերաբերմունքը ահասարսուռ ամբողջատիրությանը։ Առիթը երկար սպասեցնել չտվեց։  Փետրվարյան ապստամբության ճնշումից հետո, երբ բանտում կացնահարել էին դաշնակցական հայրենիքի նվիրյալներին, երգիծաբանը գիշերով իր ընկերոջ հետ չանսալով արգելանքը՝ բանտ էր թափանցել եւ գաղտնի հողին էր հանձնել արյան ճապաղիքի մեջ գանգահատված մարմինները։

Է, ո՞վ կդիմանար այսպիսի «ստոր դավաճանության»։ Հաջորդ առավոտն իսկ սովետական միլիցիան սկսեց փնտրել հանդուգն չանսացողին։ Բարեբախտաբար այդ քաոսի մեջ երգիծաբանը հաջողացրեց ճողոպրել Պարսկաստան։

Բայց դե սովետական կառավարության մեծահոգությունը չափ ու սահման չուներ իր դեմ մեղանչածների նկատմամբ։ Բազում մտավորականների հետ Սովետական Հայաստանը հայրենիք հրավիրեց նաեւ Լեռ Կամսարին։ Պայմանը մեկն էր՝ միասին կառուցել նոր, հավասար եւ արդար հասարակություն։ Ո՞վ կմերժեր այսչափ համամարդկային նախաձեռնությունը։ Եւ 1921թ.-ից սկսած գրողը բոլշեւիկների կենտրոնական օրգան «Խորհրդային Հայաստանի» անխոնջ աշխատակիցն էր, եւ օրը օրին տպվում էին նրա ֆելիետոնները՝ ծիծաղ պարգեւելով հայ ժողովրդին։ Նորաստեղծ կառավարությանը նույնպես դուր էին գալիս գրողի կսմիթներն ուղղված արտաքին իմպերիալիստական աշխարհին, դաշնակցական լիդերներին, հոգեւորականներին եւ «հնի մնացուկներին»։ Դա է վկայում  այն փաստը, որ երբ 1931թվականին պրոլետ գրողները կազմակերպեցին Լեռ Կամսարի «զտումը», կառավարությունը ոչ միայն ազատեց երգիծաբանին, այլեւ թոշակ նշանակեց, որ նա հնարավորություն ունենա առանց նյութականի մասին մտածելով, զբաղվի միայն գրելով։ Երգիծաբանը փոխանակ լավությանը լավությամբ պատասխաներ, փորձեր հարմարվել, տեղի տալ, մի փոքր վարձահատույց լինել՝ եթե չփառաբանել, գեթ աչք փակել արդեն ակնհայտ իրողության հանդեպ, երախտամոռ ապիրատը հատու գրիչը շրջելով 180 աստիճան՝ ուղղեց ընդդեմ բոլշեւիկյան իշխանավորի եւ տոտալիտար համակարգի։ Չփոխեց, էլի, չփոխեց իր «գեշ» բնույթը՝ բոլոր իրավիճակներում եւ բոլոր ժամանակներում  խփել անարդար իշխանավորին, որ պաշտպանած լինի հալածվածին, խեղճին, մերժվածին եւ արդարին։

Արդեն սկսվել էր «կարմիր տեռորը»՝ ձերբակալություն, աքսոր, բանտարկություն, գնդակահարություն։ Վախենալու եւ ընկրկելու փոխարեն, Լեռ Կամսարն իր «զտման» ժամանակ 300 հոգիանոց դահլիճում կոմունիստ ղեկավարների երեսին շպրտեց.

- Դուք ավելի վատն եք, քան թուրք կառավարությունը։ Նրանց իշխանությանը ես ազատ էի գրում։

«Խեղճ» բոլշեւիկյան կառավարությունը, որն իր ձեռքով էր կանչել եւ  բերել այս մարդուն՝ ձեռքը ցավն ընկավ։ Ախր, հեչ մյուսների պես իրեն չէր պահում՝ անկախ էր, անվայելուչ ըմբոստ, իր գլխից ձեռք քաշած եւ իսկի իրեն տրված շնորհները չէր գնահատում։ Խելքի բերելու համար անշուշտ պետք էր պատժել։ 1935 թ. նոյեմբերին կոմունիստական իշխանության համբերության բաժակը լցվեց, եւ դաստիարակելու մտոք Չեկան ձերբակալեց Լեռ Կամսարին, մեղադրելով նրան ֆաշիզմի մեջ։

- Ես ոչ թե ֆաշիստ, այլ ֆաշիստներից էլ դենն եմ, քանի որ ֆաշիստները ազգային սոցիալիստներ են, իսկ ես  առհասարակ սոցիալիզմ չեմ ընդունում, լինի դա ազգային կամ ոչ ազգային,- հայտարարեց  հանցապարտը։

Հետագա դաստիարակումն ու անձի վերափոխումը շարունակվեց  Երեւանյան բանտում, երեք տարի Սբիրում եւ տասնյոթ տարի բասարգեչարյան աքսորում։

Աքսորի կեսերին կոմունիստները որոշեցին ստուգել՝ արդյո՞ք արդյունք տվել է իրենց պատիժը, եւ Չեկան հրահանգեց Լեռ Կամսարին հետեւել եւ տեղեկագրեր ներկայացնել Ստեփան Զորյանի, Ավետիք Իսահակյանի եւ Գարեգին Լեւոնյանի վերաբերյալ, խոստանալով ազատել եւ վերականգնել նրա գրելու իրավունքը։

Բայց դե ֆիզիկական պատիժը գաղափարական կռվում միշտ տանուլ է տալիս։ Երգիծաբանը առանց վարանելու Չեկայի նախճիրը հայտնեց իր գրչակից ընկերներին։ Դե ինչ, ուրեմն պետք էր երկարացնել պատժաչափը, այնքան որքան անհրաժեշտ էր յուրաքանչյուր նորմալ մարդուն վերադաստիարակելու եւ ճիշտ ուղու վրա դնելու համար։ Այո, նորմալ մարդու եւ ոչ Լեռ Կամսարի նման անաղուհաց ու անուղղա մի ընդդիմախոսի, որ այդպես էլ մի դրական բան չէր տեսնում  մեր լայնարձակ եւ փառապանծ սովետական հայրենիքում։ Տեսնելով, որ հալածելով արդյունքի չեն հասնում, կոմունիստները որոշեցին խրախուսանքի օգնությանը դիմել։ Հիսունականների սկզբին Կենտկոմը Լեռ Կամսարին աքսորից Երեւան է հրավիրում եւ սովետական կոմեդիա գրելու հայտ է ներկայացնում, խոստանալով բարձր հոնորար, ներկայացման իրականացում թատրոնում՝ տոկոսային վճարումով եւ ստալինյան մրցանակ։ Թվում է էլ ի՞նչ կարող էր երազել սովամահության եւ թշվառության եզրին հասած հուսահատ եւ մոռացված վտարանդին։ Միանգամից եւ՛ փառք, եւ՛ փող, եւ՛ վերադարձ դեպի հասարակություն։

Բայց դե «խեւին խրատն ի՞նչ կանի՝ սեւին սապոնը»։

Չէ, չկարծեք Լեռ Կամսարը վիրավորված կամ չարախնդորեն մերժեց  կոմունիստների արդեն որերորդ անգամ մեկնած օգնության ձեռքը։ Նա մեկնած ափի մեջ հոժարակամ եւ հաճույքով պարզեց «Պլենում» թատերակը, որը շառաչուն ապտակ էր բոլշևիկյան ամբողջատիրությանը:

            Ահա այսպիսին էր Սովետական Հայաստանի այդ ապերախտ եւ անառակ զավակի վերաբերմունքն իր ապրած երկրի եւ իր  ապրած ժամանկի հանդեպ։

Հիշելով եւ խնկարկելով այն միլիոնավոր անմեղ զոհերին, որոնք ոչ միայն չէին ընդդիմացել, այլեւ փառավորել ու ներբողել էրն բոլշեւիկներին յուր հրեշավոր առաջնորդներ Լենինի եւ Ստալինի հետ միասին, մեզ մնում է սովետական  իշխանությունների Լեռ Կամսարի  հանդեպ հանդուրժողականության եւ ներողամտության վերաբերյալ վերն առթած զարմանքն,  էլի թողնել ապշեցուցիչ զարմանք...

Վանուհի Թովմասյան           

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 

Պ Լ Ե Ն ՈՒ Մ (հատված)       

Նախագահ.- Ընկերնե՛ր, Հայաստանի խորհրդայնացման 25 ամյակին նվիրված հոբելյանական նիստն կհամարեմ բացված։ (Ծափեր)։

Սոցիալիստական այն շինարարությունը, որ կատարվեցավ այս հաշվետու ժամանկաշրջանում, անկարելի է սեղմել մեկ նիստի մեջ։ 25 տարի առաջ այս երկրում կիշխեր դաշնակցական կուսակցությունը, որ քայքայած էր երկրի էկոնոմիկան ու երկիրը մատնած պարտիզանական թշվառության։ Ժառանգելով այդպիսի մի երկիր, մեր կուսակցությունը կարողացավ ամենակարճ ժամանակում վերջ տալ այդ պրիմիտիվ թշվառությանն ու երկիրը վերածել կատարյալ դժոխքի։ (Ծափեր)։

Այստեղ հավաքված պատգամավորները մէկ առ մէկ պիտի նշեն ձեզ այն էտապները, որով Լենինի կուսակցությունը հասավ աննախընթաց այս վերելքին։

Այժմ խոսքը կպատկանե ֆինանսական մասի ներկայացուցիչ ընկեր Գուրգեն Ավագյանին:

Ավագյան – Ընկերնե՛ր, որևէ երկրի հզորության չափանիշը իր ֆինանսներն են, որոնք սերտ կապված են ժողովուրդի հաջող կերպով տուրքադրելու հետ: Ինչպես կովին չի կարելի մեկ պտուկեն կթել, մնացյալը թողնել, այնպես ալ չի կարելի տուրքադրման որևէ օբյեկտ անտեսել՝ այդ այտուցներ ու խանգարումներ առաջ կբերե ժողովրդական ստինքին մեջ:

Քաշել, ծծել ժողովրդական բոլոր ռեսուրսները. ահա այս է եղած մեզ ղեկավարող սկզբունքը (հավանություններ աջեն ու ձախեն), որն անհողդողդ կիրառել է մեր կառավարությունը: Առաջներ մեր տուրքերու զգալի մասը կհավաքվեր «գլխահարկեն»: Հետագային պարզվեցավ, որ գլխահարկը չի արդարացներ իրեն, վասնզի «գլուխ» գոյականը չունե իր հոմանիշներն ու համանիշները: Պետք էր հարկադրել մարդկանց այն զգայարանքներն ու մարմնի մասերը, որք ունեին համանիշներ: Պետությունը երեք անգամ ավելի կօգտվեր եթե հարկը ժողովրդին կռնակին վրա դրվեր, ինչու որ կռնակն ունի «կռնակ», «քամակ»» ու «մեջք» համանիշները: Եթե խորհրդային իշխանությունը գոյություն ունենար նախապատմական այն դարում, որ ըստ Դարվինի մարդիկ պոչ ունեին, մեր պետությունը կրկնակի կօգտվեր՝ տուրք մը «պոչին» վրա դնելով, տուրք մըն ալ՝ «ագիին»: Բայց հոգ չէ, եթե այդ շրջանն անցած ըլլալով, ժողովրդյան պոչն ազատվեցավ ֆին. մասի ձեռքեն, ատոր փոխարեն ներկա մարդկությունն ունի «փոր» ու «ստամոքս», որոնք կրնան լցնել «պոչին» թողած բացը: Թող ըլլա, որ այդ ստամոքսները դատարկ ըլլան:

Մեր կառավարությունը այժմ կուսումնասիրե ածականներե ֆինանսապես օգտվելու հարցը: «Չարը» շիտակ է, ածական է, բայց «չարությունը» գոյական է: Երևակայեք մեր այս չարությամբ լեցուն երկրին մեջ, որպեսի՜ ֆինանսական էֆեկտ կրնա ստացվել այս վերացական գոյականեն: Բայց, ընկերնե՛ր, գոյականն ու ածականը ոչինչ են, եթե օգնության չհասնե բայը՝ գործողությունը: Այդ զույգ մասունքբանիներն առանց բայի նույն է, ինչ վագոններն առանց շոգեքարշի:     Պետք է վերափոխել ողջ խոնարհման սիստեմը ու վերցնելով միայն «տալ» բայը, խոնարհել այսպես: Սահմանադրական ներկա՝ տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր, հոգնակի՝ տվե՛ք, տվե՛ք, տվե՛ք: Ապառնի՝ պիտի տա՛ս, պիտի տա՛ս, պիտի տա՛ս: Հոգնակի՝ պիտի տա՛ք, պիտի տա՛ք, պիտի տա՛ք: Ընդունելություն ներկա՝ տալու ես, անցյալ՝ տալու էիր: Ի՞նչ նշանակություն ունին մեզի համար լեզվաբանական դոկտրինաները՝ մենք պրոլետարական հեղափոխություն կկառուցենք: Մենք լեզվի պետք չունինք, դրամի պետք ունինք: «Լեզուն տրված է ոչ թե մարդոց միտքը հայտնելու, այլ ընդհակառակը թագցնելու և կեղծելու համար». ըսեր է Հակոբ Պարոնյանը: Ուրեմն թող կորչի այդ լեզուն: (Ծափեր):

Հարկ տալը պիտի ըլլա երկու ձեռքով. այդ նպատակին հասնելու համար մեր դպրոցներում պիտի մարմնամարզությունն այն ձևով ընթանա, որ աջ ու ձախ ձեռները հավասար հյաջողությամբ հարկ տան: Մեկ ձեռքով ստանան՝ երկու ձեռքով տան:(Ծափ): Մեկ ձեռքով ստանան՝ երեք ձեռքով տան: (Ծափ): Ընկերնե՛ր, ոչ մեկ ձեռքով չստանան ու բոլոր ձեռքերովը տան: (Բուռն և երկարատև ծափեր):

 1945թ.

Մեկնաբանություններ (2)

Ashot S.
Պետք է վերափոխել ողջ խոնարհման սիստեմը ու վերցնելով միայն «տալ» բայը, խոնարհել այսպես: Սահմանադրական ներկա՝ տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր, հոգնակի՝ տվե՛ք, տվե՛ք, տվե՛ք: Ապառնի՝ պիտի տա՛ս, պիտի տա՛ս, պիտի տա՛ս: Հոգնակի՝ պիտի տա՛ք, պիտի տա՛ք, պիտի տա՛ք:
Ashot S.
Պետք է վերափոխել ողջ խոնարհման սիստեմը ու վերցնելով միայն «տալ» բայը, խոնարհել այսպես: Սահմանադրական ներկա՝ տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր, հոգնակի՝ տվե՛ք, տվե՛ք, տվե՛ք: Ապառնի՝ պիտի տա՛ս, պիտի տա՛ս, պիտի տա՛ս: Հոգնակի՝ պիտի տա՛ք, պիտի տա՛ք, պիտի տա՛ք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter