
Օրգանական սննդամթերքը Հայաստանում
Հայաստանում օրգանական մթերք արտադրելու և իրացնելու սերտիֆիկատ ունեն 34 ֆերմերական, 3 մեղվապահական և 7 վերամշակող ընկերություններ: Այս սերտիֆիկատը տարին մեկ անգամ վերահաստատվում է:
Օրգանական սննդամթերքը համարվում է էկոլգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք: Այդ պատճառով, ի տարբերություն, օրինակ, կաթնամքերքի, մսամթերքի, դրա որակի երաշխավորագիրը՝ սերտիֆիկատը, կամավոր հիմունքների վրա է դրված:
Հայաստանյան շուկայում դեռ լայն տարածում չունի օրգանական սննդամթերքը. թե արտադրողը, թե սպառողը դեռ բավականաչափ տեղեկացված չեն՝ ինչ ասել է գենետիկորեն մոդիֆիկացված, և ինչ ասել է՝ օրգանական սննդամթերք: Հաճախ այս երկու միանգամայն տարբեր երևույթները մարդիկ չեն կարողանում տարբերակել: Պատճառը, թերևս, նմանօրինակ արտադրանքի փոքր շուկան է, որը, սակայն, կարող է մեր երկրում զարգացման և ընդլայնման լուրջ հեռանկարներ ունենալ: Խնդիրը միայն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանք ստեղծողները դեռևս լիովին չեն գիտակցում օրգանական սննդամթերք ստանալու և իրացնելու բոլոր հեռանկարները:
Ի տարբերություն ավանդական գյուղատնտեսական արտադրանքի՝ օրգանական սննդամթերք արտադրող կազմակերպությունները պետք է հետևեն մի քանի նորմատիվ, տարբերակիչ կանոնների. օրգանական սննդամթերքը պետք է արտադրվի բնությանը հնարավորինս մոտ, չի կարելի կիրառել հանքային պարարտանյութեր, պիտանելիության ժամկետն արհեստականորեն երկարացնող, հնեցնող նյութեր և անհրաժեշտ է առավելագույնս օգտվել բնության ընձեռած հնարավորություններից:
Այսպիսի սնդդամթերքի արտադրությունը մեկնարկային փուլում համեմատաբար ավելի ծախսատար է, քան ավանդական, պարարտանյութերի վրա շեշտը դրած գյուղմթերքի արտադրությունը, սակայն հետագայում այն դառնում է առավել կայուն, էկոլոգիապես մաքուր, նաև շահութաբեր արտադրողի համար:
Հայասատանում գործող միակ հավատարմագրված կազմակերպությունը՝ «Էկոգլոբը», որը գործում է 2002 թվականից և համագործակցում է Էկոնոմիկայի նախարարության հետ, տալիս է սերտիֆիկատներ օրգանական սննդամթերքներ արտադրողներին:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Նունե Դարբինյանը սպառողներին խորհուրդ է տալիս օրգանական սննդամթերք ձեռք բերելիս ստուգել դրա իսկությունը: Դրա համար պետք է պիտակի վրա փնտրել «էկո» կամ «բիո» գրությունը և սերտիֆիկացնող կազմակերպության անվանումը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել