
Օձունում աղքատությունը խորանում է
Լոռու մարզի Օձուն գյուղը, որը 5600 բնակիչ ունի, սովի շեմին է: «Օձունում 400 գրամ հացի գինը 200 դրամ է, 1 կգ հացինը`500 դրամ: Ժողովրդի համարյա 70%-ը սոված ա, մինչեւ էս հողի հարցը չկարգավորվի, գյուղացին չի կարող լավ ապրել: Ես 76 տարեկան մարդ եմ, ամիսը 28 հազար դրամ թոշակով ո՞նց կարող եմ իմ ընտանիքի համար 1 կգ-ը 500 դրամով հաց առնել»,- ասում է օձունեցի Ռաֆիկ Հովասափյանը:
Օձունում 110 նպաստառու ընտանիք կա, սակայն նրանցից բացի սոցիալական ծանր վիճակում են գտնվում թոշակառուները, հաշմանդամները, արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց անպաշտպան մնացած ընտանիքները: Օձունի 1500 հա վարելահողերը բարենպաստ են հացահատիկի մշակության համար: Դաշտերը այստեղ ոռոգման ջրի խնդիր չունեն: Այդուհանդերձ, Օձունում 1500 հեկտար վարելահողերից 150 հա-ի վրա է հացահատիկ ցանվել:
Գյուղի հողերն անմշակ թողնելու վերաբերյալ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը հայտնեց. «Ես, անկեղծորեն, կարող եմ ասել, երբ 2008թ.-ին ընտրվել եմ համանքապետ, մշակվում էր Օձունի վարելահողերի մոտ 15%-ը: Հիմա ամեն տարի վարելահողերի մշակությունը գյուղում ավելացել է 5%-ով: Այս տարի մշակվել է վարելահողերի 30%-ը, այսինքն՝ 450 հա-ը, որտեղ տարբեր մշակաբույսեր են ցանվել»: Մշակված 450 հա վարելահողերից 100 հա-ը օձունցիները վարձակալությամբ տվել են հարեւան արեւածագցիներին, փաստորեն, օձունցիները մշակում են իրենց վարելահողերի հազիվ 23%-ը:
Արսեն Տիտանյանը գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման 2008-2012թթ.-ի քառամյա ծրագրով նախատեսել եւ միջոցներ է ձեռնարկել Օձունում հողի մշակման համար: Համաշխարհային բանկի 30 հազար դոլար եւ համայնքի բյուջեից 600 հազար դրամ ներդրումով վերանորոգվել է Օձունի Եզնանիստ հանդամասի 800 մետր երկարությամբ ոռոգման ցանցը, որի արդյունքում Եզնանիստի 160 հա վարելահողերն այսօր ամբողջությամբ ջրդի են, ձեռք է բերվել 2 կոմբայն, T-250 եւ T-75 մակնիշի տրակտորներ, որը գյուղացիների վարելահողերի մշակման գործում համայնքապետը համարեց կարեւոր աջակցություն:
2010թ.-ին Օձունում տեղադրվել է նաեւ մեկ հակակարկտային կայան: Այս տարվա աշնանացանին գյուղացիներին աջակցելու համար համայնքապետը դիզվառելիքի շուկայականից (շուկայական արժեքը 10 հազար դրամ է) ցածր գնով` 7 հազար դրամով դիզվառելիք, 160 դրամով ցորենի սերմացու եւ 1 հա-ը 30 հազար դրամով վարող գյուղմեխանիզացիա է առաջարկում օձունցիներին, այդուհանդերձ, գյուղացիների 70-80%-ը հնարավորություն չունի օգտվելու հողը մշակելու համայնքապետի առաջարկած բարենպաստ պայմաններից:
Ալիսա Գասպարյանը կարծում է, որ Օձունի սոցիալ-տնտեսական զարգացման ամենահրատապ խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է. «Այդ ժամանակ կանայք աշխատանք կունենան, տղամարդիկ էլ աշխատելու պատրվակով չեն հեռանա գյուղից»,- ասում է Ալիսան: Բայց, չէ՞ որ գյուղացու աշխատատեղը հողն է,- ասացինք Ալիսային: «4000 մետր հող ունեմ, էս 20 տարի է չեմ կարողանում մշակել, քանի որ հողամասը գյուղից 8 կմ հեռու է, ֆինանս էլ չունեմ: Ուզում եմ հողս վաճառեմ, առնող չեմ գտնում»,- պատասխանեց նա:
Օձունում հողերն անմշակ թողնելու վերաբերյալ համայնքապետ Արսեն Տիտանյանը բազմաթիվ պատճառներ նշեց: Գյուղից բացակայում են մոտ 1000 բնակիչներ, վերջիններիս սեփակականաշնորհած հողերն անմշակ են մնացել: Կան ընտանիքներ, որտեղ միայն ծերեր են եւ ֆիզիկապես ու ֆինանսապես ի վիճակի չեն հող մշակելու: Կան հողատերեր, որոնք մահացել են: Ըստ համայնքապետի՝ հողի մշակության գործում գյուղացիների համար դժվարություն է ստեղծում նաեւ գյուղից վարելահողերի մեծ մասի 7-8 կմ հեռավորության վրա գտնվելը: Արսեն Տիտանյանը կարծում է, որ գյուղացիների աշխատատեղի խնդիրը լուծելու համար կառավարությունը պետք է անպայման հողային ռեֆորմ իրականացնի: Ռեֆորմը պետք է կարգավորի հողերի խոշորացման խնդիրը: Այն հողատերերը, ովքեր 5 եւ ավելի տարիներ գյուղից բացակայում են, հողի հարկ չեն վճարել եւ իրենց սեփականաշնորհված հողի տեղը մոռացել են, նրանց հողերը պետք է դարձնել համայնքային, իսկ հողերի բաշխման չափաբաժինները պետք է դանձնել 20-25 հա: Ըստ համայնքապետի՝ մեծ հողատերերն էլ կարող են իրենց հողերը մշակելու համար աշխատատեղ ստեղծել եւ հողի վրա աշխատողներին ամեն օր ավտոբուսներով տեղափոխել Հողոմսի հանդամաս:
Համայնքապետից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հաջողվում հավաքագրել համայնքային բյուջեով նախատեսված հողի հարկը: «Բյուջեով նախատեսված է հողի հարկի 15 մլն դրամ եկամուտ, դա մի կերպ կատարում ենք: Հողի հարկի 120 մլն դրամ ապառքներ ենք ունեցել, որը Կառավարությունը զիջեց մինչեւ 2008թ.-ի համար եւ հիմա Օձունի գյուղացիների հողի ապառքները դարձել է 30 մլն դրամ: «Ունենք 5 մլն դրամի անճշտություններ, դրանք ճշտելուց հետո տարեվերիջին կունենանք 25 մլն դրամի ապառքներ»,- տեղեկացրեց համայնքապետը:
Օձունում առաջիկայում քննարկվելու է համայնքի 2013-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիր, որտեղ տեղ են զբաղեցնելու գյուղի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Արսեն Տիտանյանը կարծում է, որ Օձունը մեծ գյուղ է եւ նրա բոլոր խնդիրներն էլ հրատապ են: Այնուամենայնիվ, նա առաջնահերթությունը տվեց գյուղում գյուղատնտեսության զարգացմանը, կարեւորեց նաեւ Օձունի դպրոց գնացող ճանապարհի կապիտալ վերանորոգման խնդիրը, որի վերանորոգման համար պրն Տիտանյանը կառավարությունից թույլտվություն է ստացել օգտագործել առաջիկա 2 տարվա համայնքի բյուջեի բնապահպանական 50 մլն դրամ մասհանումները: Համայնքապետը 2013թ.-ին կառավարության հրատապ ծրագրով հատկացված 15 մլն դրամով նախատեսել է նոր լուսակետեր տեղադրել Օձունում եւ վերանորոգել գյուղի միակ 5 հարկանի բնակելի շենքի տանիքը:
Գյուղի հրատապ խնդիրների մասին «Հետքը» փորձեց տեղեկանալ գյուղի կենտրոնական փողոցով անցնողների կարծիքին: Հարցվածներից արոտը տուն բերող օձունեցի գործազուրկ մանկավարժ Լեւոն Ասրյանը կարծում է, որ համայնքի զարգացման քառամյա նոր ծրագրում պետք է հանգստի եւ մշակութային միջոցառումներ նախատեսել գյուղի մշակույթի տանը, որի դռները թեեւ բաց են, բայց գյուղացիներին չի ծառայում: Ավագ Կոստանդյանը, Ռաֆիկ Հովասափյանը, Վազգեն Տիտանյանը եւ էլի շատ բնակիչներ դժգոհեցին իրենց դժվար ապրելակերպից: Նրանք կարծում են, որ քառամյա ծրագրով պետք է առաջնահերթ լուծել ների աշխատանքի խնդիրը:
«Թոշակառու հիվանդ մարդ եմ, մի ժամանակ կռանովչիկ եմ աշխատել: Ես կարծում եմ, որ Օձունում առաջին հերթին աշխատատեղ պետք է ստեղծել: Ընտանիքում 3 ջան ենք, կինս ամառվանին է մահացել: Ազափ աղջիկ ու տղա ունեմ տանը, աշխատանք չեն ճարում, որ աշխատեն, 24-25 տարեկան են, իմ թոշակի հույսին են: Թե ձեռիցդ բան կգա, կա՛մ աղջկաս, կա՛մ տղիս, մի տեղ աշխատանքի տեղավորի: Աղջիկս սովորած է, բուժքույր է»,- խնդրեց Ավագ Կոստանդյանը:
Գյուղից հեռանալուց հետո դեռ երկար ժամանակ ականջիս հնչում էր աղքատությունից անճարացած օձունցու` Ավագ Կոստանդյանի ձայնը. «Թե ձեռիցդ բան գա …»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել