
Բարձրաստիճան ծնողները «պայթեցնում են» Արմեն Աշոտյանի հեռախոսը
Նախորդ տարի դպրոցների 10 տնօրեն զգուշացվել է այն բանի համար, որ 12-րդ դասարանի աշակերտները դպրոց չեն հաճախել, սակայն նրանց անվան դիմաց բացականեր չեն դրվել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաև խոստովանեց, որ իր հեռախոսը «պայթում է» բարձրաստիճան ծնողների հեռախոսազանգերից, ովքեր փորձում են նախարարին բարեխոսել, որ իրենց 12-րդ դասարանցի երեխաները դպրոց չգնան:
Ավագ դպրոցներում 12-րդ դասարանցների դպրոց չհաճախելու և մասնավոր պարապմունքների գնալու հարցը նախարարին ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Արմեն Աշոտյանը նշեց, որ 12-ամյա ուսուցում իրականացվում է ոչ միայն ավագ դպրոցներում, այլև հանրապետության 850 միջնակարգ դպրոցներում:
«Երբ հայտարարեցինք, որ 12-րդ դասարանի աշակերտները պարտադիր պիտի գնան դպրոց, տասնյակ աշակերտների ծնողներ Երևանից իրենց երեխաների գործերը վերցրել ու տարել գրանցել են գյուղական դպրոցներում, որովհետև մարզերում հեշտ է նրանց թաքցնելը»,- ավելացրեց նախարարը:
Ա. Աշոտյանն ասաց, որ քննության ու ստուգարքի վախից 12-րդ դասարանցիները ստիպված կլինեն չփախչել դասերից ու հաճախել դպրոց:
Մեկնաբանել