
Արդյոք գազի և հոսանքի հաշվիչները չե՞ն խաբում
Հասարակության մեջ ձմռան այս շեմին բավականին արդի են էլեկտրտաէներգիայի և գազի գների շուրջ քննարկումները: Բոլորին էլ հայտնի է, որ բնակարանը գազով ջեռուցելը ավելի էժան է, քան էլեկտրաէներգիայով ջեռուցելը: Այն հարցին, թե իրականում ճշգրիտ որքանով է մեր երկրում գազը ավելի էժան էլեկտրաէներգիայից և որքան գումար արժե ծախսել բնակարանի գազաֆիկացման համար, մենք կանդրադառնանք առաջիկա օրերին:
Իսկ այժմ եկեք տեսնենք, թե որքանով են գազի և էլեկտրաէներգիայի հայտարարված գները համապատասխանում իրականությանը և արդյոք գազ և էլեկտրաէներգիա բաշխող կազմակերպությունները չունե՞ն չարաշահումների հնարավորություն:
Ինչպես հայտնի է, բնական գազի սպառման չափման միավորը դրա խորանարդ մետրն է (բնակարանների համար մեկ խորանարդ մետր գազի գինը 132 դրամ է): Հաշվիչները, որոնք տեղադրված են մեր բնակարաններ մտնող գազի խողովակների վրա, չափում են իրենց միջով անցնող գազի քանակը` առանց տարբերակելու այդ գազի պարունակությունը: Այսինքն, եթե այդ գազի մեջ բացի նախատեսված բնական գազից ավելացված լինի նաև օդ, ապա մենք կվճարենք նաև այդ օդի համար` բնական գազի գնով (թեև, օդը, կարծես, անվճար է):
Բնական գազի ֆիզիկական հատկություններից հայտնի է, որ այն չի դառնում պայթյունավտնագ, քանի դեռ դրանում օդի պարունակությունը չի գերազանցում 75-80 տոկոսը: Այսպիսով, տեսականորեն, մեզ բնական գազի փոխարեն կարող է մատակարարվել մի գազ, որի բաղադրության 75 տոկոսը օդ կլինի և միայն 25 տոկոսը` բնական գազ: Այդ դեպքում բնական գազի համար մենք չորս անգամ ավել կվճարենք:
Անշուշտ, եթե բնական գազում օդի պարունակությունը գերազանցի 20-25 տոկոսը, ապա դա բավականին ակնհայտ կլինի (վառարանները և այլ սարքեր թույլ կաշխատեն): Սակայն, եթե մեզ մատակարարվող գազում օդի պարունակությունը լինի փոքր (մինչև 10-15 տոկոս), ապա, հավանաբար, մենք դա չենք զգա, բայց կվճարենք համապատասխանաբար 10-15 տոկոս ավել:
Հարկ է նշել, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են հայտնել գազի կալորիականության մասին, ինչը հիմք է տալիս գազի մեջ օդ խառնելու վարկածը չբացառելու համար:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա այստեղ ամեն ինչ ավելի բարդ է: Ինչպես հայտնի է, հոսանքի լարումը պետք է լինի 220-ից 230 Վոլտ, սակայն մեր բնակարաններ հաճախ մտնում է ավելի փոքր լարում (երբեմն, այն իջնում է մինչև 200 Վոլտ):
Էլեկտրական սարքերում (ջեռուցիչ, լուսավորող սարք, և այլն) հոսանքի փաստացի սպառումը ուղիղ համեմատական է լարման քառակուսիին: Այսինքն, երբ լարումը իր նոմինալից 10 տոկոսով ցածր է, մեր սարքերը թուլանում են շուրջ 20 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի սպառման չափման միավորը կիլո Վատտ ժամն է (մեկ կիլո Վատտ ժամը արժե 30 դրամ ցերեկը և 20 դրամ գիշերը): Մեր բնակարանների հոսանքի հաշվիչները, որոնք իրենց էությամբ ամպերմետր են, լարման ցածր լինելու դեպքում հոսանքի ծախսի հաշվարկը փոխում են գծայնորեն: Այսինքն, եթե լարումը ցածր է 10 տոկոսով, ապա հաշվիչը կիլո Վատտ ժամ է հաշվում է 10 տոկոսով քիչ:
Այսպիսով, եթե հոսանքի լարումը 220 Վոլտի փոխարեն 200 Վոլտ է (այն է` 10 տոկոսով ցածր), ապա մենք, սպառելով շուրջ 20 տոկոսով քիչ հոսանք, վճարում ենք միայն 10 տոկոսով քիչ, իսկ եթե լարումը 210 Վոլտ է, ապա սպառելով 10 տոկոս քիչ` վճարում ենք 5 տոկոսով քիչ: Այսինքն, կարելի է մոտավորապես ասել, որ եթե հոսանքի լարումը իր նոմինալից քիչ է, ապա մենք գերվճարում ենք այնքան տոկոսով, որքան տոկոսով որ քիչ է լարումը:
Ի տարբերություն գազի կալորիականության, հոսանքի լարումը շատ հեշտ է ստուգել: Ընդամենը պետք է սովորական վոլտմետրով (տեստեռով) ստուգել հոսանքի լարումը և 220 Վոլտից ցածր թիվ ֆիքսելու դեպքում` այդ մասին ահազանգել Էլեկտրացանցի տարածքային ստորաբաժանում, որտեղից պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որ բնակարան մտնի 220 Վոլտ լարում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել