Քաշաթաղը կրթվածների եւ բազմազավակների համար է
Տուրիստական բազայի նախկին աշխատակից եւ լուսանկարիչ Վազգենն այստեղ է տեղափոխվել 1994 թվականին: Տասներկու տարի նա զբաղեցրել է Արտաշենի գյուղապետի պաշտոնը:
Նստած սեւ սուրճի գավաթի առջեւ իր հարմարավետ տանը՝ Վազգենը հավաստիացնում է, որ Արտաշենը զգալիորեն տարբերվում է հյուսիսային մյուս գյուղերից:
«Մենք 1994 թվականի վերջերից հոսանք ունենք: Առաջին գյուղն էր, ուր էլէկտրականություն անցկացրեցին: Որովհետեւ պատերազմից հետո մենք չթողեցինք, որ էլեկտրական լարերն ու սյուները թալանեն»:
Գյուղացիները թույլ չտվեցին քանդել նաեւ գույքով ապահովված դպրոցի ընդարձակ շենքը, որը թողել էին այստեղ ապրող ադրբեջանցիները:
Վազգենն ասում է, որ գյուղի բնակիչները երբեք չեն հեռացել ու չեն էլ պատրաստվում: Գրեթե բոլոր վաղ վերաբնակներին Վազգենն է բերել իր ետեւից 1994 թվականին:
Վերաբնակների ընտրության չափանիշները նա ինքն է սահմանել է` կրթված եւ բազմազավակ: Այնպես որ, հիմա գյուղի մոտ 60%-ը երեխաներ են, եւ մասնագետների պակաս շուրջ 40 աշակերտ ունեցող դպրոցում չկա:
Գյուղական դպրոցից դուրս են գալիս բուհ-երի շատ ապագա շրջանավարտներ: Սովորում են հիմնականում Ստեփանակերտում ( ավելի մոտ է ու էժան, քան Երեւանում ) , վերադառնում են գյուղ, աշխատում են դպրոցում: Գյուղի բնակչության կարիքները հաշվի առնելով՝ նախընտրում են մանկավարժական կրթություն ստանալ: Դպրոցում զբաղված է գյուղացիների գրեթե 40% -ը:
«Ամեն ընտանիքից գոնե մի հոգի աշխատում է դպրոցում. ով՝ ամբողջ, ով՝ կես դրույքով: Ես այդպես եմ ասել դեռ առաջին տարիներին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա գոնե իր ալյուրի փողը վաստակել»:
Վազգենը երկու որդի ունի: Ավագն ամուսնացած է, ունի երեք ամսական երեխա: Երկու տղան էլ օգնում են Վազգենին անասուն ու մեղու պահելու գործում: Կրտսերը նաեւ աշխատում է շինարարության վրա:
««Թամարա» ընկերությունը պատրաստվում է Արտաշենում կաթի գործարան կառուցել: Հիմա ոռոգման ջուր ենք անցկացնում, այնպես որ աշխատանք հիմա շատ կա»,- ասում է Վազգենը:
Նախկին գյուղապետը պատմում է, որ այստեղ գալուց առաջ չգիտեր էլ, թե «կովերն ու մեղուներն ինչ են»: Մեղվաբուծությամբ սկսել է զբաղվել պատահաբար: Մի օր իր այգին մեղու է մտել, եւ միջատին քշելու փոխարեն Վազգենը նրան ընդունել է որպես նշան վերեւից: Հիմա նա արդեն 100 մեղու ունի:
«Մեր գյուղում բոլորն ապրում են հետեւյալ կարգախոսով. «Ապրելու համար պետք է աշխատես, ոչ թե հույսդ դնես ուրիշների վրա»,- ասում է նա:- Թե չէ` կան այնպիսինները, որոնք տարիներով նստած սպասում են, թե երբ կառավարությունն իրենց ինչ-որ բան կտա»:
Չնայած` Վազգենը համաձայն է, որ Քաշաթաղի գյուղերի մեծամասնությունում տիրող սոցիալական վատ պայմանները կառավարության մեղքով են:
«Այստեղ երբեք չի զգացվել պետության հովանավորությունը, մանավանդ վերջին հինգ-վեց տարիներին: 2000 թվականին Քաշաթաղում 15-20.000 տնտեսություն կար, իսկ վերջին տարիներին մարդկանց հսկայական քանակ լքել է շրջանը: Այնտեղ, ուր լույս կար, մարդկանցից 1կվտ-ի համար 20-25 դրամ վարձ էին վերցնում, երբ բնակչությունը միջոցներ չուներ ( այժմ յուրաքանչյուր ընտանիքին 60 կվտ անվճար էլէկտրաէներգիա է հասնում - Հ.Հ. ) : դեռ գյուղեր կան` առանց էլէկտրականության, խմելու, ոռոգման ջրի: Իհարկե, շատերը չեն դիմանում, մարդիկ իրենց լքված են զգում, գնում են: Ես չեմ մեղադրում գնացողներին, ես մեղադրում եմ կառավարությանը: Էստեղ ներդրումներ են պետք, ցածր տոկոսով վարկեր, որպեսզի մարդիկ անասուն պահեն, էստեղ էնպիսի~ արոտավայրեր ունենք: Բայց մյուս կողմից,- ավելացնում է նա,- երբ ես եկա էստեղ, ինձ էլ էին տրամադրված նույն պայմանները: Իսկ ես ջուր քաշեցի, այգի տնկեցի, մեղուներ, անասուն ձեռք բերեցի: Ոչ ոք չէր պատրաստվում ինձ օգնել, բայց հո ձեռքերս չէ՞ի ծալելու, նստեի»:
Վազգենը համոզված է, որ եթե գլուխ չպահես ու աշխատես, այստեղ կարելի է բավականին նորմալ ապրել: Անասնաբուծությամբ կարելի է վաստակել տարեկան մինչեւ 2000 դոլար: Մսամթերքի եւ կաթնամթերքի առաքման խնդիր չկա, դրանց վաճառքով զբաղվողներն իրենք գալիս եւ տանում: Բացի այդ, այստեղ շատ են աճում ընկույզ ու կաղին: Կարելի է կաղինը հավաքել ու կիլոգրամը 50-100 դրամով վաճառել:
Իհարկե, Արտաշեն գյուղն էլ ունի չլուծված խնդիրներ: Օրինակ` երեխաների միակ զբաղմունքը շարունակում է մնալ անասունին հետեւելը: Չկա բուժկետ: Սակայն Վազգենը հավատում է, որ Քաշաթաղի նոր մարզպետը, ով, «ինչպես երեւում է, լավ ղեկավար է», կզբաղվի նաեւ այս խնդիրներով:
Այս տարի Վազգեն Արղումանյանին նշանակել են Վարդուտ գյուղի ձեւավորվելիք համայնքի ղեկավար, որը խոստանում է մոտ ապագայում դառնալ հյուսիսային գյուղերի կենտրոնը: Վարդուտում պատրաստվում են կառուցել 20-30 տուն, հիվանդանոց:
«Գյուղում,- ասում է Վազգենը, մի տունն անպայման կհատկացվի ոստիկանին, որ կարգ ու կանոնը պահպանի: Մենք՝ հայերս, չենք կարող ապրել, երբ մեր գլխին վերահսկողություն չկա: Մենք ազատություն չենք սիրում»:
Երկրորդ տունը տրամադրվելու է հրշեջ ծառայությանը:
Գյուղի ապագա բնակիչներին Վազգենը պատրաստվում է ընտրել նույն չափանիշով` երեխաների քանակով ( առնվազն երեք երեխա ) եւ գրագիտության մակարդակով: Իսկ նման ընտանիքներ պատրաստվում է փնտրել Հայաստանով մեկ: Արդեն հայտարարություն է տվել Արարատի եւ Վայքի մարզերում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել