
Գրողիս` հիմար պատմությունը կամ սեփական վերափոխում
Հենց հյուրանոցի աշխատակցուհին ներս մտավ, տեսա որ ինքը չի երեւում, նայեցի պահարանին, որին քիչ առաջ նստած էր. մի մեծ լուսամփոփ էր դրված:
-Ես եմ,-շշուկով ասաց ականջիս,- մի անհանգստացիր, հենց սա գնա, նորից կվերածվեմ էն մարմնին, որը սիրում ես, բայց լուսամփոփն էլ վատ սիրելու բան չի, չէ՞. երբ ուզում ես լույս է տալիս, երբ չէ, ուղղակի հոսանքազրկում ես…
Մենք տեղավորվել էինք հյուրանոցի նկուղային հարկում, ինձ թվում էր` պայամանավորված է արժեքի ցարծր լինելով: Մեկ էլ բռնեց գոտկատեղիցս ու գցեց անկողնուն, բարձր ծիծաղում էի, հետո հայտնաբերեցի, որ վերեւի սպասասրահում բան եմ մոռացել, զանգեցի, ասացի, որ լափթոփս մնացել է սպասասրահի կլոր սեղանին: Աշխատակիցը ներս մտավ` լափթոփը ձեռքին ու զարմանքից քարացավ, երբ տեսավ անողնումս գրամեքենա է ծածկված, ոչինչ չասեց ու հիմար ծիծաղով դուրս եկավ սենյակից:
-Գնաց, հետ արի,-բրդեցի նրան:
Ոտքերը դուրս գցեց, ձեռքներն էլ, մեկ էլ թե՝ էլ չեմ կարողանում:
Սկսեց արտասվել: Ես նրան պատահաբար երեկոյան մի ժամի էի գտել, բայց գիտեի ողջ անցած պատմությունը: Ասացի, որ ժամանակ չկա, էս մի գիշերն ենք մնալու: Սկսեց տնքալ, բայց էլի չկարողացավ: Լուսամփոփից վերափոխումն ավելի հեշտ էր, իսկ հիմա գերմանական արտադրության մի գրամեքենա էր գլխովն անցել ու երեւի մնացել էր ստեղների տակ:
-Ի՞նչ անեմ, ո՞նց օգնեմ քեզ,-ստնեղած բռնել էի անբնական երկար ձեռքերից ու խնդրում էի դուրս պրծնել էդ երկաթի տակից:
Ոչ մի կերպ չկարողացա: Ասացի, որ ինձ հանգիստ է պետք: Համակերպվեց: Գրկել էր ինձ` առանց գլուխ, առանց մարմին ու փորձում էր որքան հնարավոր է երկարացնել ազատություն ստացած ձեռքներն ու ոտքերը: Ասացի, որ չանհանգստանա. մինչեւ առաջնային տեսքին չգա, էստեղից չենք գնա:
Զանգեցի ադմինիստրացիա, խնդրեցի մեկ օրով երկարեցնեն սենյակի վարձակալությունը:
Առավոտյան արթնացա ու մի կերպ մեջքիս տակից հանեցի վնասված ձեռքը, տեղափոխեցի սեղանին. դեռ քնի մեջ էր:
Սենյակի կենտրոնում շվարած կանգնել ու չէի կողմնորոշվում գործողություններիս հարցում: Մեկ էլ մեջը դրված թուղթը թանաքոտվեց.
-Ձայնս դուրս չի՞ գալիս:
-Չէ, միայն գրում ես,-արագ սեղմեցի տառերը:
-Զգույշ, ցավեցնում ես, նուրբ խփիր ստեղներին:
-Էդ ինչի՞ մտքովդ էս հին գրամեքնենան անցավ:
-Մի անգամ էլ էի էսպես արել, միանգամից դուրս պրծա: Հիմա տակն եմ մնացել, չի ստացվում, ձայնս էլ է նվաղել:
Ես գրկեցի իրեն ու արեւի տակ դրեցի: Ուզում էի հասկանալ` որտեղից է էդ վերափոխվելու կարողությունը ձեռք բերել ու ինչպես եղավ, որ էս վերջին անգամ չստացվեց, մնաց գրամեքնենայի տակ: Գնացի պատշգամբ. քրտնել էր:
-Էդ ինչպե՞ս էիր վերափոխվում, ու ո՞նց եղավ, որ այս անգամ չստացվեց:
-Դու պետք է զգուշացնեիր…
-Ի՞նչ:
-Այն, որ կան իրեր, որոնք քեզ ավելի են անհրաժեշտ, քան ես…
-Բայց ես քեզ միայն մի քանի ժամ է, որ ճանաչում եմ: Ժամանակ չկար: Ես ինչպե՞ս պատմեի էդ ամենի մասին:
-Ես քեզ մեկ ժամում պատմեցի ողջ կյանքիս պատմությունը, չէ՞. ասացի, որ լոլիկ չեմ ուտում, որ սուր հոտերից սիրտս խառնում է ու որ միայնության ժամերին ուրիշ բանի եմ վերածվում:
-Բայց դու չասացիր, որ երբ մենակ էլ չես, վերափոխվում ես…
-Հյուրանոցի աշխատակցուհին վախեցրեց ինձ:
-Մենք միասին ենք ներս մտել, նրանք արդեն նկատել էին քեզ…
-Չէ, էդ ժամանակ ես ճամպրուկդ էի, դու ուղղակի չնկատեցիր…
Չգիտեմ` ինչու ասացի, որ նեղացած եմ իրենից ու փակեցի պատշգամբի դուռը…Հետո անհանգստություն մտավ մեջս:
-Ես ուզում էի…,-ստեղները դադարեցին գործել:
Ես շփոթված կանգնեցի հինգ կամ տասը րոպե, հետո սենյակից դուրս թռա ու սկսեցի էդ քաղաքի ամեն անկյունում թանաք փնտրել:Երբ վերադարձա հյուրանոց, տեսա, որ աշխատակցուհին մաքրել է վրայի փոշին, թեւերն ու ոտքերը չկային:Թանաք լցրեցի անկյուններից:
-Վերջապես հասկացար, որ ինձ սնունդ է պետք:
-Բայց այսպես երկար չենք կարող:Վաղը մեկնում եմ:
-Ես կգամ հետդ:
-Դու ոչ մի բան էլ չես կարողանում անել,-նետեցի ատամներիս արանքից ու սկսեցի ատել մասնագիտական թուլությունս` ամեն մեկի հետ հարաբերություններ հաստատելու համար:
-Ուրեմն կթողնես այստեղ. ես կժանգոտեմ, ինձ դեն կնետեն, կսատկեմ..
-Չէ…Սպասիր:
Պատասխան չկա:
-Ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել:
Պատասխան չկա:
-Բայց մենք դեռ կարող ենք վերափոխմանդ մասին մտածել:
Պատասխան չկա:
Ողջ օրը նեղացածի պես միայն տնքում էր: Առավտյան զգուշացրին, որ երեք ժամ ունեմ իրերս հավաքելու համար: Ես նրա հետ ինքնաթիռ նստեցի: Էդ ծանրությունը տեղափոխելու ընթացքում խնդրում էի միայն չտնքալ:
Արդեն վեց տարի է` միասին ենք ապրում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել