ՀՀ մշտական ներկայացուցչը ՄԱԿ-ում նամակ է տարածել` Ադրբեջանի հակահայկական քայլերի վերաբերյալ
Հունիսի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը Ադրբեջանի` ՄԱԿ-ում ձեռնարկած հակահայկական քայլերի վերաբերյալ:
Կարեն Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քարոզչության վրա:
Միաժամանակ գլխավոր քարտուղարին ուղղված գրության մեջ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգի կարևորության ֆոնի ներքո իսկապես հիասթափեցնող է այն փաստը, որը Ադրբեջանը շարունակում է չարաշահել իր` ՄԱԿ անդամ-պետություն լինելու հանգամանքը` օգտագործելով ցանկացած հնարավորություն ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապատեղեկատվական քարոզչություն տարածելու համար:
Դեսպան Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանում անգամ ամենաբարձր մակարդակով անուշադրության են մատնվում հրադադարի ռեժիմի ամրապնդման և շփման գծում դիպուկահարների ետքաշման վերաբերյալ ՄԱԿ գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ նախագահի, Մինկի խմբի համանախագահող երկրների և Եվրամիության ղեկավարների հայտարարությունները:
Կարեն Նազարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանն անհիմն և սադրիչ նամակներ տարածելու փոխարեն իր ուշադրությունը կկենտրոնացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել