
Կինը շշի մեջ
Արթնանում եմ սպասքի չխկչխկոցից: Սպիտակ գոգնոցավորը սուրճ է մատուցում, ու սկսվում է հաստուբարակ շուրթերի մկկոցը: Դրան հաջորդում է բարի ախորժակի մասին փնթփնթոց. սեղանի շուրջ քարացածները լռում են՝ լռելու արանքներում երբեմն-երբեմն սնվելով: Չփչփոցները լռեցնում են ստամոքսի կծկումները: Նյարդերս կուչ են գալիս:
Պատուհանիս ապակին ճանկռտում է քուչի արուների մլավոցը` «բադի հայացք» ունեցող կանանց ու համաշխարհային ջրհեղեղի մասին: Դռան տակից տղամարդու խռռոցին խառնված երաժշտության խզզոց է լցվում սենյակս ու փաթաթվում բկիս: Առաստաղից ջուրը կաթկթում է գլխիս. մտածում եմ՝ ավելի շուտ գլուխս կծակվի՝ մահապատժի ենթարկված ճապոնացու գանգի պես, քան ջրի հոսքը կդադարի: Հյուրասենյակից լսվող քստքստոցը մոտենում է դռանս. Տանտերն է:
***
Տանտերը 254 տարեկան կին է: 254, որովհետև սեփական 70 տարիների ընթացքում հասցրել է ապրել դստեր կյանքի 44, մյուս դստեր՝ 40, թոռան՝ 20 ու իմ 21 տարիները:
Տանը ցանկացած գործողությանը նախորդում է Տանտիրոջ հրահանգը: Հրահանգերի արանքներում լռությունն է: Լռությունը կատարյալ դարձնելու համար երկու տարի առաջ շուն գնեցինք: Իսկական շուն: Հիմա մենք լուռ ենք ու բոլորիս վրա շունն է հաչում: Շան հաչոցը մարդու հաչոցից տարբերվում է նրանով, որ հաչելուց շունը ոչ միշտ ոսկոր նկատի ունի:
Տանը ցանկացած ավելորդ շարժում դատապարտված է. յուրաքանչյուր աղմուկ՝ պայթյունավտանգ: Այստեղ գործում են այն բոլոր կանոնները, որ կան աշխարհի բոլոր թանգարաններում ու մեռելատներում: Քնած ժամանակ զույգ աչքերը մտնում են սենյակս, քանդում թղթերս, կոտրում ծածկագրերս, ստուգում բոլոր նամակներս, ներսուդուրս զանգերս, տակնուվրա են անում ներքնազգեստերս, թուքումրում անցյալս, վերջնագիր ներկայացնում, հետո անհետանում: Այստեղ գործում են այն բոլոր կանոնները, որ կան աշխարհի բոլոր բանտախցերում:
Երբ փոքր էի, ակնոցավոր Տանտերը ձեռքին միշտ գիրք ուներ: Գրքի էջերն այնքան արագ էր թերթում, որ ես չոքում էի կողքին ու հաշվում ամեն թերթվող էջի հետ հոսող ժամանակը: Հիմա, նույն ռեկորդային արագությամբ, Տանտերն առավոտից երեկո մատները հեռուստացույցի վահանակով է վերուվար անում, իսկ նրա կողքին չոքածը միայն շունն է՝ ապուշ հայացքը՝ էկրանին:
Շենքի նկուղն ու առաջին երկու հարկերն ամբողջապես ջրի տակ են անցել: Վերջերս առաստաղից կաթկթացող ջուրը նաև մեր տուն է հասել:
***
Տան ուղղանկյունաձև ննջարանում արդեն 44 տարի փակված է Մայրը: Նա անկյունից անկյուն է պտտվում սենյակում՝ ուսերն անզորությունից պատերին հարվածելով: Դուռը միշտ շրջանցում է: Ամեն պտույտից հետո պատերը սեղմվում են, ու երբեմնի մեծ սենյակը արդեն մեկ շշի չափ է: Պատերին խփվելուց մոր ուսերը կախվել, հասել են ծնկներին, իսկ ոսկորներն այնքան են փափկել, որ անգամ շներին չեն գայթակղում: Երբ բոլորս սոված ենք լինում (հատկապես Տանտիրոջ շունը), Մայրը սեփական մսից մի կտոր է կտրում ու ճաշ եփում: Սրտխառնոց եմ ունենում, բայց ստիպված եմ ուտել, որովհետև ինքս չափազանց նիհար եմ սեփական միսս ուտելու համար:
Երբ առաջին կուրսի ուսանող էի, վարձի խնդիր առաջացավ: Մայրը կտրեց ձախ ձեռքը, փաթաթեց գունավոր ստվարաթղթով ու հետս դեկանատ ուղարկեց: Դեկանատի աշխատակիցները կարմրած ձեռքերով նայում էին կարմրած աչքերիս. ու ոչինչ չէր փոխվում: Վերջերս էլ Տղայի պարտքերի պատճառով ձախ ոտքը կտրեց: Արդեն քանի՜ տարի փակված սենյակում՝ անձեռուոտ պտտվում է ու արնահոսում:
Հույս կա, որ մի օր արնաքամ կլինի, բայց որքան արյան հոսքն առատանում է, այնքան բթանում է ցավը, ու ուրիշ ոչինչ չի կատարվում:
***
Մյուս սենյակում մինչև ծնկները ջրի մեջ նստած է կռնատ Մոր Քույրը: Նա բոլորիս պես վաղուց էլ գոյություն չունի, որովհետև նրա կյանքը ևս ապրում է Տանտերը: Մոր Քույրը նստած սենյակի կենտրոնում անվերջ գործում է: Նա համառորեն շարունակում է գործել իր բրդյա գույնզգույն տաբատները, շարֆերը, գլխարկներն ու վերարկուները, չնայած ոչ ոք դրանք երբեք չի հագնում:Երբեմն մեկ ամիս տևած աշխատանքը ավարտին հասցնելուց հետո քանդում ու նորից է սկսում՝ կարծես ոչինչ չկար: Թելը կծկում է ու սկսում նորը գործել: Փոքր ժամանակ զարմանում էի՝ ինչպես չի ափսոսում սեփական աշխատանքն ու ժամանակը: Հիմա հասկանում եմ. երբ մարդու կյանքի ժամանակն իրեն չի պատկանում, նա ափսոսալու ոչինչ չունի:
***
Երրորդ սենյակից տղամարդու խռռոց ու երաժշտության խզզոց է միշտ գալիս:
***
Շարքում հաջորդ սենյակն իմն է: Այդ առավոտ արթնանալուց հետո զգացի, որ ոտքերս թմրած են, իսկ մազերիցս խոնավության հոտ եմ առնում: Փաստորեն ես Մոր ու Մոր Քրոջ պես դեռ անզգայացած չեմ: Տանտերը ևս, կարծում եմ, զուրկ է զգալու ունակությունից, որովհետև նա բացառապես գոյություն ունի միայն ուրիշների կյանքերում: Նկատեցի, որ ջրի մակարդակը բարձրացել է մեր ծնկներից ու հասել կոկրդներիս:
Իմ առավոտը սկսվում է դույլերով ջուրը պատուհաններից թափելով: Սենյակիս պատերի տակ շարված են տարբեր գույների դույլեր: Սպասքի չխկոցների, տղամարդու խռռոցի, երաժշտության խզզոցի, շան հաչի, չփչփոցի, էկրանից գոռացող ձայների ու իմ սենյակի լռության մեջ ես պատուհանից դուրս եմ թափում գիշերը կուտակված ջուրը, հագնում ջրում նավակի պես սուզվող ռետինե կոշիկներս ու դուրս վազում տանից: Հետո հերթով զանգում եմ ընկերներիս, մինչև կեսօր ապրում նրանցից որևէ մեկի չոր սենյակում, երբ նա վերադառնում է, շնորհակալություն եմ հայտնում ու դուրս գալիս: Երեկոյան կողմ զանգում եմ քեզ. տանն ե՞ս: Չէ, Ան ջան, մի երկու ժամից նոր կլինեմ, այգում նստի մինչև գամ: Այգում նստում եմ որևէ չոր նստարանի ու սպասում քեզ:
Օրս ավարտվում է առաջին շնահաչի հետ: Շների առաջին հաչոցից հետո սենյակս եմ վերադառնում, դույլերով դատարկում եմ ավելացած ջուրն ու պառկում թաց անկողնուս մեջ:
Այդ առավոտ ջուրը մեր ծնկներից բարձրացել-հասել էր կոկորդներիս: Որոշում եմ կայացնում: Դուրս գալ է պետք շշից: Որոշում եմ գնալուց առաջ բոլորին լավություն անել: Կողպում եմ սենյակիս դուռը, որտեղ դույլերն էին, ու զանգում եմ քեզ. կարո՞ղ եմ տեղափոխվել քեզ մոտ. որոշել եմ. խեղդվում եմ, հիմա, երբ կյանքում առաջին անգամ գալու տեղ ունեմ, չեմ ուզում խեղդվել այստեղ: Լավ, արի, մենակ հետդ շատ բան չվերցնես, քիչ տեղ կա. վերջնական ե՞ս որոշել, բա չես վախենու՞մ, Ան: Չէ, սպասի, գալիս եմ:
***
Բարև: Քո առաստաղից ջուր չի կաթում, չէ՞: Կարող ենք հանգիստ քնել, չէ՞, չենք խեղդվի չէ՞: Դույլերս կողպել եմ սենյակումս. եթե քեզ մոտ էլ կաթկթի, ջրի տակ կմնանք: Գիտե՞ս՝ թոքերս կիսով չափ ջրով են լցված, բժիշկս ասաց՝ չոր սենյակ տեղափոխվեմ:
***
Պատուհանիցդ այն կողմ շնահաչը սկսվեց, բորվոքվեց ու հիմա արդեն հազիվ էր լսելի: Ես ոչ մի տեղ չունեի շտապելու: Մեր ձայները խառնվել էին շնահաչին ու մենք բոլորով ոռնում էինք: Հետո շները հոգնեցին: Մենք էլ: Ժամը չորսն էր: Առաստաղիցդ ջուր չէր կաթկթում, բայց անկողինը նորից թաց էր: Հիշեցի սենյակս, հավանաբար արդեն ջրասույզ անկողինս, թոքերիս ջուրը: Կծկվեցի (այս անգամ նյարդերից):
***
Լուսադեմին հեռախոսդ զնգաց. խորն էիր քնած. բացեցի.կարճ հաղորդագրություն.
unknown number
« …… .... ... ............. :* »
Կարդացի, զգույշ դուրս եկա ծածկոցիդ տակից, որ չարթնացնեմ քեզ, մտածեցի, որ շշից դուրս էլ է կյանքը շշի մեջ, զանգեցի տուն, միացա ավտոմատին.
Մա՜մ, լսում ե՞ք ինձ, մա՜մ: Մամ, ես չեմ գնացել, մա՜մ: Մա՜մ, դուք չեք խեղդվել, չէ՞. մամ, գնացել էի նոր դույլերի հետևից, դույլերը վերցնում եմ ու գամ ջուր դատարկելու, լսում ե՞ք. մա՜մ, չխեղդվեք, տուն եմ գալիս, դիմացե՜ք, մա՜...
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել