HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանը մերժել է պետական դավաճանության մեջ մեղադրվողների բողոքները

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ մերժել է պետական դավաճանության եւ հանցագործության մասին իմանալու չհայտնելու համար մեղավոր ճանաչված թվով 6 ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:
 
Այսպիսով` ուժի մեջ է թողնվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուրիրավասության առաջին ատյանի դատարանի` 06.04.12 թ. դատավճիռը:
 
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով հիմնավորվել էր, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կարեն Մեհրաբյանը, Ռոմիկ Մաթեւոսյանը եւ Աշոտ Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես, նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:
 
Իսկ ՀՀ քաղաքացիներ Կարեն Պետրոսյանը, Արթուր Ավետիքյանը եւ Դավիթ Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կարեն Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց ռազմական տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:
 
2012 թ. ապրիլի 6-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 14 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ, Ռոմիկ Մաթևոսյանը` ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ինմասով (Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը ՀՀ քաղաքացու կողմից) եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Աշոտ Չտրկյանը` ՀՀ Քրեական օրենսգրքի 38-299-րդհոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությանն օժանդակելը) եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման, Կարեն Պետրոսյանը եւ Արթուր Ավետիքյանը` ՀՀ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը) եւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման, իսկ Դավիթ Ավետիքյանը` ՀՀ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը) եւ դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter